×


Պետրոս Հովհաննիսյան. ««Երջանկահովտից հարյուր մետր հյուսիս»-ի հերոսների ցավը բոլորը կհասկանան»

Լոռու մարզի Շամուտ գյուղում մեկնարկել են արձակագիր Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպի հիման վրա ֆիլմի նկարահանումները: «Երջանկահովտից հարյուր մետր հյուսիս»-ի ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է, որը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է վեպն էկրանավորելու գաղափարի, նախապատրաստական աշխատանքների ու դերասանների ընտրության մասին:

- Պետրոս, ինչո՞վ է Աֆյանի «Կարմիր»-ը գրավել Ձեզ, ու ե՞րբ հասկացաք, որ ցանկանում  եք դրա հիման վրա ֆիլմ նկարել:

- Այդ ժամանակ պատերազմին առնչվող պատմություն էի փնտրում, որը, սակայն, ուղիղ կապ չի ունենա ռազմաճակատի հետ, այլ կպատմի թիկունքում ապրող մարդկանց մասին։ Այդ փնտրտուքների ընթացքում կարդացի «Կարմիր»-ն ու դրանում զգացի պատերազմի արդիական թեման: Մենք էլ, ասես, այդ անվերջ շրջապտույտի մեջ լինենք. միշտ պատերազմ կա: Եվ չնայած վեպը հայերի մասին է, արծարծվող թեմանները համամարդկային են: Բոլորն էլ մեր հերոսների ցավը կհասկանան:  


- Աֆյանը մեզ հետ զրույցում ասել է, որ հանդիպել եք ու խոսել աշխատանքի մասին, ինչի՞ շուրջ եք քննարկում ունեցել:

- Աֆյանի հետ մեկ անգամ չէ, որ հանդիպել ենք ու խոսել: Իր հերոսներին վերաբերող բազմաթիվ հարցեր եմ տվել, որոնք ինձ պետք կգային սցենարային աշխատանքում: Քննարկել ենք՝ ինչը թողնեմ կամ փոխեմ: Ներկայացրել եմ նախընտրելի լուծումները, քանի որ գրականության ու կինոյի լեզուները տարբեր են։ Մեր առաջին հանդիպումը 2 տարի առաջ էր, ու շատ մանրամասներ արդեն չեմ հիշում: Նրա դիտարկումները հիմք ընդունելով՝ ընկերոջս՝ Արամ Խաչատրյանի հետ սկսեցինք աշխատել սցենարի վրա:

- Ինչո՞ւ որոշեցիք փոխել անվանումը եւ ընտրել «Երջանկահովտից հարյուր մետր հյուսիս»-ը:

- Նպատակս այլ շեշտադրում տալն էր, եւ ամենաքիչը կարմիրի հետ կապված սիմվոլիզմն էի ուզում ընդգծել: Երջանկահովիտն այն գյուղի անունն է, որտեղ թաքնված է այս պատմության բանալին: 100 մետր հյուսիսն այն հիմնական կոորդինատն է, որտեղ դեպք է տեղի ունենում եւ գտնվում է գաղտնաբառը:

- Որտե՞ղ եք որոշել նկարահանել ֆիլմը, եւ ովքե՞ր են ընդգրկված ստեղծագործական թիմում:

- Պլանավորում ենք աշխատել Երեւանում, Լոռիում, Կոտայքում եւ Տավուշում: Նկարահանման 30 օր կունենանք՝ կեսն ամռանը, կեսը՝ ձմռանն ավելի մոտ, քանի որ ֆիլմում եղանակային տարբեր հատվածներ ունենք:


- Ինչպիսի՞ ֆիլմ եք ուզում ստանալ ու ինչո՞վ է այն առանձնանալու Ձեր նախորդ աշխատանքներից:

- Այս ֆիլմն առանձնանալու է նրանով, որ ավելի շատ լինելու է իմ մասին՝ որպես ռեժիսորի: Իմ աշխատանքները շատ չեն. «84-ի ամառը» սերիալն է, որը հետո ֆիլմ դարձավ ու առաջին անգամ ցուցադրվեց «Ոսկե ծիրան»-ի շրջանակում, բայց ոչ մրցութային ծրագրում: Տարիներ առաջ լիամետրաժ ֆիլմ եմ նկարել, որը պատրաստ է, բայց պրոդյուսերի հետ տարաձայնությունների պատճառով մինչ օրս էկրան չի բարձրացել: Նոր ֆիլմս դեբյուտային եմ համարում, որը ցույց կտա, թե ինչպիսին է իմ ուզած կինոն: Հաստատ է մի բան, որ այն թարմ է լինելու նույնիսկ ինձ համար ու նոր հայացք է պարունակելու: Կփորձեմ առավելագույնն իրականացնել տարիների իմ երազանքներն ու մտահղացումները։

- Ինչո՞վ է Ձեզ դուր գալիս ստեղծագործական այս ակտիվ փուլն, ու ամենաշատն ի՞նչն եք սիրում:

- Այս փուլը որքան հաճելի է, նույնքան էլ լի է մտքերով ու խմորումներով: Նախապատրաստական փուլում միշտ ինչ-որ բան պակասում է. չես հասցնում, փորձում ես տեղավորվել ժամկետների մեջ: Մի քիչ քաոտիկ ու լարված շրջան է, որովհետեւ անհանգստությունները շատ են: Թեեւ ընթացքը հետաքրքիր է, բայց նաեւ ծանր է. ամբողջ էներգիադ սպառվում է: Նկարահանելիս, սովորաբար, ոգեւորվում ես, բայց ինձ համար ամենասիրուն փուլը մոնտաժից հետո է, երբ տեսնում եմ աշխատանքիս արդյունքը: Նոր պատմություն ու էմոցիա ատեղծելն ամենագեղեցիկն է, հենց այդ պահին էլ սպասում եմ: Ասես հայտնագործություն արած լինես, ու այն վայելելն ամենահաճելին է: 


- Ո՞ւմ եք վստահել գլխավոր դերերը ֆիլմում: 

- Դերասանական կազմում են Սամվել Թադեւոսյանը, Նարինե Գրիգորյանը, Արամ Կարախանյանը, Նունե Դանիելյանը, Ներսես Ավետիսյանը, Վիլեն Սարգսյանը, Տաթեւ Հովակիմյանն ու ուրիշներ: Պրոդյուսերը Հրաչ Քեշիշյանն է: Ֆիլմի առանցքում երկու պատմություն է, որոնք միանում են իրար: 

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Պետրոս Հովհաննիսյանի անձնական արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW