Երգչուհին նշանվել է իր ծննդյան օրը Մարիաննա Հովհաննիսյանն իր 20-ամյակի օրը` նոյեմբերի 17-ին, նշանվել է Արման Մանուկյանի հետ: Այս առիթը նրանք նշել են ռեստորաններից մեկում՝ ամենամտերիմ բարեկամների ու ընկերների հետ: Երկուսն էլ 20 տարեկան են, երկուսն էլ` 4-րդ կուրսի ուսանող, սովորում են նույն բուհի` ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներում. Մարիաննան սովորում է ռոմանոգերմանական, իսկ Արմանը` իրավաբանական ֆակուլտետում: “Իրար ճանաչում ենք մոտ չորս տարի՝ իր քրոջ միջոցով: Փոխադարձ համակրանք միշտ եղել է. առաջին կուրսում շփվելու առաջարկ էր արել, բայց դեռ պատրաստ չէի լուրջ հարաբերությունների: Հեռակա կարգով անընդհատ շփման մեջ ենք եղել, տարբեր առիթներով միմյանց հետ առնչվել ենք: Երրորդ կուրսում ավելի մտերմացանք, հիմա արդեն նշանվածի կարգավիճակում ենք:)”, - BRAVO.am-ին հայտնել է Մարիաննա Հովհաննիսյանը: Ինչպես պատմել է երգչուհին, նշանադրության բոլոր դետալների համար ընտրվել է երկու գույն՝ փիրուզագույն եւ մանուշակագույն՝ իր զգեստին համապատասխան: Մարիաննան Արմանի համար կատարել է Ուիթնի Հյուսթոնի երգացանկից “I Will Always Love You” երգը: Երգչուհին չի բացառում, որ սիրելիին նվիրված երգ կկատարի. “Արմանին նվիրված երգ դեռ չունեմ, վերջերս ինքս ինձ համար չեմ գրում, իսկ ուրիշի համար իմ սիրո մասին չեմ կարողանում ստեղծագործել: Հուսամ՝ նրան նվիրված երգ էլ կունենամ: Շատ ուրախ եմ, որ գնահատում է իմ աշխատանքը, երգելու հարցում արգելքներ չի դնում, կշարունակեմ երգել”: BRAVO.am-ի հետ զրույցում Մարիաննան նշել է, որ կամուսնանան հաջորդ տարվա ընթացքում: Նշանադրությունն անցել է փոքր մասշտաբով, իսկ հարսանեկան արարողությանը հրավիրելու է ավելի շատ մարդկանց, այդ թվում՝ ընկեր-կոլեգաներին. “Մեր նշանադրությունը մոդեռնի ու ավանդականի խառնուրդ էր, այսինքն՝ հաշվի էինք առել տարբեր հյուրերի տարիքն ու ճաշակը”: Խոսելով իրեն մատուցված նվերներից՝ Մարիաննան հիշեց սիրելիի անսպասելի արարքներից մեկը. “Ինձ համար անակնկալ էր Արմանի` Շրի Լանկայում անսպասելիորեն հայտնվելը, երբ ամռանն ընտանիքիս հետ հանգստանում էի այնտեղ: Եկել եւ ուրիշ հյուրանոցում էր հանգրվանել, չէի սպասում, որ այդ քայլին կգնա:)”: “Մտքովս չէր անցնի, որ այսքան շուտ կլրջանա ամեն ինչ: Պլաններումս չի եղել, չեմ շտապել, մանավանդ, որ կարիերայի մասին էի մտածում: Կարծում եմ՝ եթե կա այն մարդը, որին սիրում ես ու հենց քո կողքին տեսնում, շուտ կամ ուշ ամուսնանալն էական չէ”, - եզրափակել է երիտասարդ երգչուհին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Մարիաննա Հովհաննիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: