×


Մարինե Գյուլումյան

Մարինե Գյուլումյան

Երգահանի ամուսնությունն ու դրա հետեւանքները:) Նա ու Շառլ Ազնավուրը նույն ռոյալն են նվագում: Նա համոզված է` 27 տարեկանում ճակատագիրն իրեն տարավ Ֆրանսիա: Օրերս Մարինե Գյուլումյանը “Հայրենի արահետներով” վերադարձել է Երեւան: Նշում է` իր արահետները բերում են հայրենիք: Հոկտեմբերի 12-ին ժամը 17:00-ին “Star City” խանութ սրահում կկայանա երգահանի վերոնշյալ անվանմամբ թվով երրորդ ձայնասկավառակի շնորհանդեսը: CD-ում 11 ազգային երգ է: Առաջին տրեկը Սոֆի Մխեյանի “Կարոտի երազ”-ն է, զետեղված են նաեւ Ինգա, Անուշ Արշակյանների, Արամեի, Շուշան Պետրոսյանի, Դավիթ Թուջարյանի, Արսեն Գրիգորյանի` Ասոյի կատարմամբ ստեղծագործություններ: Դեռ չի հնչել Վարդան Բադալյանի համար Մարինեի գրած նոր երգը: “Կարոտներով հյուսված երազ”-ը ալբոմում միակ երգն է, որի խոսքերի հեղինակը երգահանը չէ. “Մեր մեծն Ավետիք Իսահակյանն է”:  Bravo.am-ը “Oregano” ռեստորանում լուսանկարել է Մարինե Գյուլումյանին եւ էստրադա-ազգային-դասական զրույց ունեցել:): Marine Glyulumyan - Ինչո՞ւ ժամանմանդ համար աշնանային Երեւանը նախընտրեցիր: - Ինձ եւ ամուսնուս համար հոկտեմբեր ամիսը շատ կարեւոր է. այս ամսին ենք ամուսնացել:): Այս ժամանակահատվածում պարտադիր Երեւանում եմ  լինում, իհարկե, գալիս եմ նաեւ հունվարին, մեկ էլ մարտ, ապրիլ ամիսներին: Բացի այդ աշնանային Երեւանը, դեղին, ոսկեզօծ գույները շատ տրամադրող են: - Քանի՟ տարի է` փարիզաբույր ես: Եվ արդյո՞ք ամուսնուդ հետեւից  գնացիր Ֆրանսիա: -Երեք տարի է` այնտեղ եմ բնակվում: Չէ, ինքն է եկել իմ հետեւից:): Պարզապես ճակատագիր էր: Ես Երեւանում կարիերայովս էի շատ լուրջ զբաղվում` պրոֆեսիոնալ կրթություն ստանալով` դասական եւ էստրադային ժանրերում, ձայնասկավառակներ թողարկելով, տասը տարվա ընթացքում հիթային բավական երգեր հեղինակելով: Marine Glyulumyan -Փարիզում հաստատվելու երկու առաջարկները միաժամանա՟կ ես ստացել: -Ճիշտն ասած` ամուսինս` Ադրիան Տաբանուն, վաղուց էր ինձ հետապնդում: Մտքովս չէր անցնում... Միշտ իրեն մերժում էի, պարզապես լավ ընկերներ էինք` ինտերնետային շփման մեջ: Մի գեղեցիկ օր նա հերթական այցով եկավ Երեւան, որ ինձ տեսներ: Կրկին սիրո խոստովանություն եւ ամուսնության առաջարկ եղավ, անգամ համաձայն էր` միասին Հայաստանում ապրենք: Այդ առաջարկը համընկավ ինձ համար շատ կարեւոր մի փաստի հետ. “Les Editions Raoul Breton”-ը համագործակցության առաջարկ արեց ինձ: Շառլ Ազնավուրի ընկերությունը ցանկանում էր պայմանագիր կնքենք եւ միասին աշխատենք: Ես հասկացա` որ դա է իմ ճակատագիրը` անձնական կյանք եւ աշխատանք: Դա 2007 թվականի սկիզբն էր, 27 տարեկանում ամուսնացա: Դուստրս` Մադլենը, արդեն երկու տարեկան է, հայերեն եւ ֆրանսերեն է խոսում, անգլերենն էլ փորձում է հասկանալ:): Marine Gyulumyan - Կյանքիդ կարեւորագույն իրադարձությանը կոստյումով ես ներկայացել, ինչո՟ւ: - Փաստորեն քաջատեղյակ ես:): Ճիշտն ասած` միշտ խուսափել եմ հարսանիք, հարսանյաց զգեստ վիճակներից: Հարսանյաց զգեստ էլ չեմ հագել, որովհետեւ ինձ չէր հուզում այդ փաստը, թե ինչ կմտածեն: Նորավանքում ենք ամուսնացել, ներկա էր միայն ընտանիքս, ամուսնուս կողմից էլ` Ֆրանսիայից ժամանած մեր կնքահայրը` կնոջ հետ: Նորավանքն ինձ համար էկզոտիկ է. հեռու, շատ մարդ չկա, ոչ ոք չէր տեսնեի: Ճիշտն ասած` մենք ԶԱԳՍ-ով արդեն ամուսնացել էինք եւ իրար հետ էինք ապրում, պարզապես ինձ համար եկեղեցին էր շատ կարեւոր, մենք նորից վերադարձանք այստեղ եւ հոկտեմբերի 12-ին պսակադրվեցինք: Իմ ճակատագրական հոկտեմբերի 12-ն է, դրա համար էլ նոր ձայնասկավառակիս շնորհանդեսն էլ եմ այդ օրն անելու: -Ամուսնությունից հետո ոճդ փոխել ես փաստորեն. զգեստներ ես հագնում:): -Մինչ այդ կանացի շրջազգեստ, կիսաշրջազգեստ երբեք չեմ հագել: Միշտ տաբատով եմ եղել` գործնական աղջկա կերպարում: Ընկերներս կատակում էին` միայն հարսանիքիս օրն ինձ զգեստով կտեսնեն, բայց այդպես չեղավ. Ժան-Պոլ Գոտյե բրենդի կոստյումով էի: Ամուսնությունից հետո բնույթով մի տեսակ փոխվեցի. սկսել եմ կանացի հագնվել: Դրան անվանում են` «ամուսնությունն ու իր հետեւանքները» :): Marine Glyulumyan -Ամուսի՟նդ է ստիպել ոճափոխվես:): -Չէ, չէ, չէ, ընդհակառակը, հոգեբանական փոփոխություններ են տեղի ունենում, դու դառնում ես ավելի կանացի, մայր ես դառնում:): - Ինչպե՟ս է դասավորվել կյանքդ Ֆրանսիայում: Փարիզում քեզ ավելի լավ ես զգում, քան` Երեւանում: - Հիմա ես իմ պայմանագրերից ելնելով եմ ապրում Փարիզում, այնտեղ եմ աշխատում, բայց դա ինձ չի խանգարում տարին մի քանի անգամ ընտանիքով լինել այստեղ եւ այդ ժամանակահատվածում երբեք առիթը բաց չեմ թողնում հայրենիքում իմ գործերն առաջ տանելու, նորություններով հանդես գալու համար: Պարզապես չեմ կարող թողնել ամեն ինչ այն կետում, որում որ գնացել էի, միշտ շարունակում եմ: Հայաստանում փոքր կետեր կան, որ ինձ համար շատ թանկ են: Ինչքան էլ Ֆրանսիան ցիվիլ, ապագա խոստացող երկիր լինի, ուր գործերդ լավ են գնում, եթե տարին մի քանի անգամ հայրենիք չգամ, այս էներգիան, շունչն ու դրական լիցքերը չստանամ, կսպառվեմ, պարզապես չեմ ստեղծագործի: Բայց երբ վերադառնում եմ Հայաստան, որոշ ժամանակ հետո նորից ձգտում եմ Ֆրանսիայում հայտնվել, ցանկանում եմ այնտեղ շարունակել կիսատ աշխատանքներս, ուզում եմ երկուսն էլ միշտ համահունչ առաջ ընթանան` եւ Ֆրանսիայի, եւ Հայաստանի գործերս:): Marine Gyulumyan - Շառլ Ազնավուրի ընկերությունում ինչո՟վ ես զբաղվում, գործառույթդ ո՟րն է: - Սկզբում չէի պատկերացնում` դա ինչ է: Ինձ խոստացան` առաջին հանդիպմանը իմ մեծն հայրենակիցը ներկա կլինի: Այդպես էլ եղավ. մեր հանդիպումը կայացավ: Այդ ժամանակ շատ լեզուներով չէի խոսում, նույնիսկ անգլերենս էր վատ, պրոֆեսիոնալ ներկայանալու համար Շառլ Ազնավուրն ինքն առաջարկեց, որ հայերեն խոսենք, քանի որ հայ ենք: Պետք է ասեմ` ուրիշ հայ չկա այդ ընկերությունում, բոլորը ֆրանսիացիներ են: Ես մեծ սիրով ընդունեցի հայերեն խոսելու առաջարկը: Ինձ թվում էր` նա միշտ խուսափում է հայերենից, բայց ընդհակառակը` փաստորեն ինքը առաջարկեց:): Մենք խոսեցինք հայերեն, նա լսեց իմ երգերը, խորհուրդներ տվեց: - Մեզ հաղորդակից կդարձնե՟ս ձեր խոսակցության ամենահիշարժան պահերին: - Մեր առաջին հանդիպմանը ցանկացա, որ Շառլ Ազնավուրն առաջինը “Կռունկներ”-ը լսի: էմմա Պետրոսյանի կատարմամբ հնչող այդ երգն ինձ համար այլ արժեք ունի: Նա լսեց, ասաց` կարողանում եմ հայերեն լեզուն շատ լավ օգտագործել մեղեդիների մեջ: “Շատ կարեւոր է լեզուն ճիշտ օգտագործել մեղեդիների մեջ: Եթե լեզուն սխալ հասկացար ու սխալ օգտագործեցիր շեշտի, մեղեդայնության առումով, ստեղծագործությունդ  երբեք տեղ չի հասնի”. սա այն խորհուրդն է, որ ամբողջ կյանքում կհիշեմ:  Շատ մանրակրկիտ սկսեց բացատրել, թե հայերեն, ֆրանսերեն տարբերություններն ինչպես են երգվում, ինչը կարող ես անել հայերենում, ինչը` ֆրանսերենում. մի հինգ տարվա կոնսերվատորիայի դասընթացի ուժ ուներ: Նրանից մինչ օրս ստանում եմ խորհուրդներ, ի ուրախություն ինձ, արդեն ֆրանսերենին տիրապետում եմ, այդ լեզվով երգեր եմ գրում: Marine Glyulumyan - Քանի՟ լեզվով ես ստեղծագործում: -Ֆրանսիական լսարանի համար` ֆրանսերեն, բնականաբար, հայերեն: «Շառլ Ազնավուր» ընկերությունն ինձ ուղարկեց Ճապոնիա, այնտեղ անգլերեն երգեր ստեղծեցի: “Ճանաչիր” երգը գրել եմ ճապոնացի երգահանի` TJ Mixx-ի հետ: Կա վերոնշյալ երգի անգլերեն տարբերակը` Ճապոնիայի շոու-բիզնեսին համապատասխան գործիքավորմամբ: Սոֆի Մխեյանն էլ ասաց, որ մի նախագիծ ունի, որը պետք է իրականացնի` սկսելով հենց այս երգով: “Ճանաչիր”-ի հայերեն խոսքերը գրվեցին, դարձավ հայկական տարբերակը: -Հետեւում ես` ի՟նչ է կատարվում հայրենի  էստրադայումդ:): - Այն անորակությունը, որով լցված է մեր էստրադան, կմաղվի: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ հայ արտիստները չփորձեն նմանակել: R&B-ն, ռեփը, դրսից վերցված այլ ոճերը մեզ մոտ այնքան հին են հնչում, որ արտասահմանում լսում, սկսում են ծիծաղել` ասելով իրենց մոտ այդ երաժշտությունը երեսուն-քառասուն տարի առաջ էր նորաձեւ:  Դրա համար երրորդ ձայնասկավառակումս միայն ազգային, մաքուր երգեր են, ուզում եմ աշխարհին ներկայանամ այդ երգերով: “Հայրենի արահետներով” CD-ս դիզայնի համար նուռն ենք ընտրել: Ոչ թե համով, այլ խորհրդանշությամբ այն ինձ համար տարիների խորքը տանող գաղափար ունի, նոտաներ էլ կան դիմերեսին. դա էլ ազգայինից դեպի օրատորիա անցնելս է խորհրդանշում. հաջորդ ձայնասկավառակս դասական ոճում է լինելու:   Դասական ժանրում ստեղծագործող Մարինե Գյուլումյանին ոչ ոք չի ճանաչում, շատ ուրախ եմ, որովհետեւ մարդիկ պետք է պարզապես ապշեն: Հիմա ֆրանսիացի երաժիշտների հետ էլեկտրոնային նախագծի վրա եմ աշխատում: Երեւի, իմ տեսակով երկվորյակ լինելով, կձանձրանայի նույնության մեջ մնալուց: Բոլոր ոճերն էլ իմն են, ժամանակ առ ժամանակ փոխում եմ դրանք, որ կարոտեմ: Marine Gyulumyan & Adrian tabanunin -Նոր ձայնասկավառակիդ շնորհանդեսը Ֆրանսիայում էլ ես կազմակերպելո՟ւ: -Չէ այս CD-ները կապ չունեն ֆրանսիայի իմ կարիերայի հետ: Որովհետեւ այնտեղ ես գրում եմ լրիվ ուրիշ, ֆրանսերեն տեքստերով, ֆրանսիայի շոու-բիզնեսին հարմարեցված երաժշտություն: Համագործակցում եմ շատ կարեւոր եւ տաղանդավոր մարդկանց հետ: -Հայ շոու-բիզնեսի գրպանին հարմար է՟ քեզ երգ պատվիրելը: - Ֆիքսած գումար չկա: Հայաստանն ինձ համար այնքան տաք ու ընկերական է, որ շատ դեպքերում, երբ զգում եմ` տվյալ անձնավորության համար է երգը, պարզապես նվիրում եմ: Ինձ համար ավելի լավ է` ինքս մտնեմ այդ մարդու հոգին,  ինքը երգի այդ երգը այնպես, ինչպես իմ ականջներում է հնչում, քան երգի համար ավելի հարուստ ու ոչ տաղանդավոր պատվիրատուից հիսուն անգամ ավել գումար վերցնեմ, բայց երգս աղավաղվի. դա զավակի կորստի նման բան է: Marine Glyulumyan -Իսկ, քո խոսքերով, սառը Ֆրանսիայում ի՟նչ պայմաններում ես ստեղծագործում: -Մեր ընկերությունում լավ ռոյալ ունենք, ինձ համար շատ պարտավորեցնող է, որ այդ նույն ռոյալը Շառլ Ազնավուրն է երբեմն գալիս ծնգծնգացնում, նվագում, այնտեղ եմ նոր երգերս ցույց տալիս. նստում բոլորով լսում են: Առաջարկեցին ինձ “փակել” այդ դաշնամուրի հետ, որ ստեղծագործեմ, չհամաձայնեցի:  Նախընտրում եմ իմ տանը երգերս գրել` գիշերը, հանգիստ պայմաններում, երբ ոչ մի խանգարող չկա: -Ամուսինդ, Մադլենը չե՟ն դժգոհում: -Ամուսինս էլ է երաժիշտ: Մեր տանը երեւի ավելի շատ ինքն է դաշնամուրին մոտենում: Ադրիանը երգեր գրում է, պրոֆեսիոնալ դաշնակահար, կիթառահար է, բայց ինչ իրար հետ ենք, ասում է. «Ես այնքան պրոֆեսիոնալ մարդու հետ եմ ապրում, որ չեմ ուզում երգ գրել»: Ես քաջալերում եմ իրեն ստեղծագործել, համատեղ գրած երգեր ունենք: Չեք ճանաչի ամուսնուս, Ֆրանսիայում էլ լուրջ չի զբաղվել կարիերայով, բիզնես ունի: -Կյանքդ ամեն կողմից  է՟  լավ դասավորվել: -Կին արվեստագետի համար լիակատար երջանկությունը ամուսնությունից, երեխա ունենալուց հետո էլ աշխատանքից չզրկվելն է: Այլապես կյանքը դառնում է անիմաստ, ինչքան էլ սեր, երեխա լինի, դու քեզ կատարյալ կին եւ մայր զգաս: Կարիերան եւ անձնականը պետք է միշտ համատեղել, եթե, իհարկե, հնարավոր է: Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Արթուր Ավետիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW