Նախկինում մոդել, իսկ այժմ դիզայներ Մարի Աքսելն արդեն 11 տարի է` ապրում ու ստեղծագործում է Մոսկվայում: Իր գործունեության, ապրանքանիշի, ամուսնու, դստեր եւ խոհերի մասին նա պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում, նաեւ տրամադրել է լուսանկարներ այս ամիս կայացած ծննդյան տարեդարձից եւ ոչ միայն:):
Մարի Աքսելը
-Մարի, Ձեր կարիերան սկսել եք որպես մոդել, այժմ էլ դիզայներ եք: Ո՞ր մասնագիտությունն է ավելի հոգեհարազատ:
-Կարծում եմ` անցումը բնական էր: Այո, բավական հաջողակ մոդել եմ եղել. ճանաչվել եմ 2004 թվականին Երեւանում կայացած “Elite Model Look Armenia” մրցույթի հաղթող, հետո Չինաստանում 100 մոդելի շարքում մասնակցել եմ “Miss Tourism Queen Internetional 2009” մրցույթին` ստանալով 15 թագերից մեկն ու արժանանալով “Միսս էլեգանտ” տիտղոսին:
Տարիքի հետ գեղեցկության մրցույթներն ինձ համար “ավարտվեցին”, ամուսնացա եւ երբ առաջնեկիս էի սպասում, որոշեցի զգեստների հավաքածու ստեղծել: Ազատ ժամանակ շատ ունեի, կարդում էի, սովորում, մտածում: Ամուսնուս հետ ուսումնասիրեցինք նորաձեւության մոսկովյան աշխարհի ներքին խոհանոցն ու որոշեցինք, որ առաջին քայլերն անելու ժամանակն է: Հե՞շտ է. ինչ-որ հարցում, այո, ստացվում է:
Մարի Աքսելն ամուսնու` Ալեքսեյ Պրոխորովի հետ
-Ունենալով մոդելային փորձ` ինչպե՞ս եք ընտրում Ձեր հավաքածուն ցուցադրող մոդելներին:
-Ապրանքանիշիս դեմքը հենց ես եմ, իսկ մոդելներին ընտրելիս հաշվի եմ առնում միայն պրոֆեսիոնալիզմը. թույլ չեմ տա, որ անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերեն աշխատանքի նկատմամբ, ուշանան փորձերից: Նորաձեւության բիզնեսում կինը
“стерва” է: Նրա ապրելաոճն է այդպիսին. մշտապես գեղեցիկ է, խնամված, բայց հազվադեպ է սիրում եւ սիրված լինում: Դրա համար աշխատանքումս փորձում եմ հասնել ցանկալի արդյունքի բոլոր մարդկանց հետ:
-Ովքե՞ր են “Մարի Աքսել” ապրանքանիշի զգեստների գնորդները:
-Յուրաքանչյուր կին յուրահատուկ ու անկրկնելի է: Իմ հագուստի գնորդներն էլեգանտ, կայացած, ինքնավստահ ու միաժամանակ զգայուն ու նուրբ կանայք են, որոնք ցանկանում են անթերի տեսք ունենալ: Հագուստներս գնում են նաեւ հայտնի ու սիրված կանայք` Իրինա Դուբցովան, Լենա Կուլեցկայան, Ստեյսին, Մալինան, Ադելինա Շարիպովան, “Блестящие” խմբի աղջիկները, Ելենա Մաքսիմովան ու այլք:
Մարի Աքսելի ծննդյան տարեդարձին
-Իսկ ովքե՞ր են Ձեր ընկերները, մտերիմները:
-Ես բնավորությամբ բաց մարդ եմ: Առաջին ցուցադրությանս նախապատրաստական աշխատանքների ընթացքում Եգոր Զայցեւի հետ ծանոթացա, որը Սլավա Զայցեւի որդին է: Նա շատ օգնեց ինձ իր խորհուրդներով: Գիտեք, շատ ընկերներ չեն լինում, լինում են մտերիմներ, որոնք օգնում են քեզ ու հավատում քո ուժերին, ինչի համար շատ շնորհակալ եմ:
-Ձգեստ ստեղծելիս Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Շատ եմ կարդում ու մտածում: Սիրում եմ հին ֆիլմեր դիտել, որոնք կարծես ժամանակի մեքենա լինեն. վերադարձնում են անցյալ, պահպանում բարձր մակարդակն ու ուղեցույց հանդիսանում ինձ համար: Հենց մշակույթի շնորհիվ ենք զարգանում:
Մարի Աքսելը
-Նշեցիք, որ Ձեր ամուսնու հետ եք ուսումնասիրել նորաձեւության շուկան, օգնում է Ձեզ: Պատմեք Ձեր ընտանիքի մասին:
-Հիասքանչ ընտանիք ունեմ, սիրող ամուսին, ում հետ մեծացնում ենք մեր հիանալի դստերը` Ադելինային: Նա մեկ տարեկան յոթ ամսական է: Երեք տարուց ավելի է`ամուսնացած երջանիկ կին եմ: Շատ կարեւոր է ինձ համար, որ ընտանիքիս անդամները, ծնողներս, տատիկս մտերիմ են միմյանց հետ: Ես ունեմ իսկական հայկական մեծ ընտանիք:
Ամուսինս իմ հիմնական ու կարեւոր աջակիցն է: Նա է իմ գլխավոր քննադատը, որով անդադար հիանում եմ: Նա իմ ուսուցիչն է, որի հորդորով էլ ստեղծեցի հագուստի հավաքածուս: Նա խորհուրդ տվեց իրականացնել մանկական երազանքներս:
Մարի Աքսելի ծննդյան տարեդարձին
-Մոսկվայում եք բնակվում: Ի՞նչ խոչընդոտների հետ եք բախվում այդ քաղաքում:
-Արդեն 11 տարի է, ինչ Մոսկվայում եմ ապրում: Շատ եմ սիրում այս հիասքանչ քաղաքը: Հիմնական խնդիրը ավտոճանապարհային խցանումներն են, որոնք կյանքից շատ ժամանակ են խլում, որն ավելի հետաքրքիր բաների վրա կարելի էր ծախսել:
-Այժմ ինչո՞վ եք զբաղված:
-Հիմա ակտիվորեն պատրաստվում եմ հոբելյանական նորաձեւության շաբաթին: Հոկտեմբերի 21-ին կկայանա “Գարուն/ամառ 2013” հավաքածուիս ցուցադրությունը “Mercedes-Benz Fashion Week Russia”-ի շրջանակում: Ներկայացնելու եմ բամբակյա եւ մետաքսե թեթեւ զգեստներ: Հիմնականում պահպանել եմ “new look” ոճը: Ի դեպ, զգեստները մատչելի գներով կվաճառվեն:
Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Մարի Աքսելի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: