“Ապակե” արվեստը Հայաստանի համատեքստում:) Ջերարդ Լ. Գաֆեսճյանի “ապակե” հավաքածուն համալրվել է:): Սեպտեմբերի 11-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի “Արծիվ” սրահում կբացվի “Լիբենսկի-Բրիխտովա. Քաղաքի ուրվագծեր” ցուցահանդեսը: Ժամը 11:00-ին օրերս Երեւան ժամանած 86-ամյա Յարոսլավա Բրիխտովան անձամբ կողջունի ցուցահանդեսի առաջին այցելուներին. մուտքն ազատ է: Bravo.am-ը զրուցել է ապակեգործությունը արվեստ դարձնելու մեջ մեծ ավանդ ունեցող չեխուհու հետ, պարզել “Լիբենսկի-Բրիխտովա”-Հայաստան կապի մանրամասները:): “Քաղաքի ուրվագծերը”, Յարոսլավա Բրիխտովայի խոսքերով, իր սրտից են բխում: Ամուսնական չեխ զույգ Ստանիսլավ Լիբենսկին եւ Յարոսլավա Բրիխտովան, ովքեր նոր նշանակություն տվեցին ապակուն, վերոնշյալ եռաքանդակը 1989 թվականին են ստեղծել, համարում են իրենց ամենախոշոր եւ տպավորիչ գործերից մեկը: “Քաղաքի ուրվագծերը” նրանց արձագանքն է 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժին` մեկնաբանված ավերված քաղաքների ու գյուղերի ուրվագծերով շափյուղա ապակու միջոցով: Եռաքանդակը Ջերարդ Լ. Գաֆեսճյանը երկու ամիս է` ձեռք է բերել, մինչ այդ չեխուհին այն իր տանն էր պահում: “Շափյուղա ապակին հազվագյուտ նյութ է, պատրաստելը` դժվար: Պետք է ջերմաստիճանին հետեւես, որ ճիշտ գույն ստանաս: Սա հենց ճիշտ գույնն է` երկնքի, ծովի գույնը: Բացի այն, որ մեզ համար յուրահատուկ նշանակություն ունի, տեխնիկապես էլ պատրաստելը շատ բարդ գործ է”,- ասաց Յարոսլավա Բրիխտովան: Ցուցասրահի պատին, անմիջապես “Քաղաքի ուրվագծերը” քանդակի հետնամասում խաչքարերի նկար է: Տիկին Բրիխտովան է այդպես ցանկացել. “Միշտ հիացել եմ խաչքարերով` որպես հին արվեստի նմուշներ, նույնիսկ անտիկ արվեստին եմ նմանեցնում: Իսկ այս եռաքանդակը երկրաշարժի զոհերի հիշատակին է նվիրված, հայերի տառապանքի, ցավի տպավորության տակ է ստեղծվել: Ինձ համար շատ կարեւոր է այս ցուցահանդեսը, սրտիցս բխող ցուցահանդես է եւ “Լիբենսկի-Բրիխտովա”–Հայաստան հոգեւոր կապի եւս մեկ ապացույց”: - Տիկին Բրիխտովա, սա Ձեր չորրորդ այցն է Հայաստան, կհիշե՟ք առաջին այցելությունը, արդյոք Ձեր ամուսնու` Ստանիսլավ Լիբենսկու հե՟տ էիք եկել: - Շատ եմ սիրում Երեւան գալ: Առաջին անգամ Ջերարդ Լ. Գաֆեսճյանի հետ 2005 թվականին եմ այստեղ եղել: Ցավոք, առանց ամուսնուս եմ եկել. արդեն ութ տարի է` նա չկա: - Մինչ Հայաստանը տեսնելն էիք այն Ձեզ համար բացահայտել, կապվել, ի՟նչն էր շարժառիթ հանդիսացել: - Մենք էլ ենք փոքր երկիր, դուք էլ, ու որպես այդպիսիք, պետք է շատ ակտիվ լինենք ու միշտ համագործակցենք: Դրա համար շատ հաճելի էր, երբ մեր գործերը այստեղ հայտնվեցին, մեզ համար մեծ երջանկություն է ունենալ այս համագործակցությունը: - Լիբենսկի-Բրիխտովա ամուսնական զույգին է վերագրվում ապակին կենցաղային մակարդակից արվեստի վերածելը, ինչպե՟ս պատահեց, որ թափանցեցիք ապակու “աշխարհը”: - Դա հիսունականներին սկսվեց: Միասին ստեղծեցինք մեր առաջին գործերը, որ իրենից գլուխների շարք է ներկայացնում: Այդ գլուխները մարդկային հարաբերություններ, զգացողություններ էին պատկերում, 1989-ին “Ուրախ գլուխը” ստեղծեցինք, “Վարսերով գլուխը”: Իհարկե, մենք ճարտարապետական շատ աշխատանքներ ենք ունեցել, բայց ամենակարեւորը, այնուամենայնիվ, գլուխներն են. դրանց միջոցով արձագանքում էինք այն ամենին, ինչ տեղի էր ունենում: - Միասին ապրել եք, միասին աշխատել, դժվար չէ՞ր:): - Եվ հեշտ էր, եւ դժվար: Հարցը նրանում է, որ ամուսինս 62 թվականից դասավանդում էր Պրահայի գեղարվեստի բարձրագույն դպրոցում, իսկ ես մնացել էի իմ քաղաքում` Ժելեզնի Բրոդում, ուր ապակու գործարանում դիզայներ էի աշխատում: Հանդիպում էինք շաբաթ, կիրակի օրերին ու հենց այդ օրերը ստեղծագործելու մեր ամենաակտիվ շրջանն էին, շաբաթից-շաբաթ էինք ապրում, շատ պլաններ ունեինք, այդ պատճառով հանգստյան օրերը շատ արագ էին անցնում: - Ստանիսլավ Լիբենսկի՟ն է Ձեզ ներքաշել ապակեգործության բնագավառ, թե՟ հակառակը:): - Իրականում իմ հայրն էլ է ապակեգործությամբ զբաղվել, շատ հայտնի քանդակագործ, ճարտարապետ է եղել, ով հետագայում սկսեց զբաղվել ապակեգործությամբ: Դա ապակեգործների մի ողջ նախապատերազմյան սերունդ էր: Պատերազմը մեծ վնաս հասցրեց այս ոլորտին, 1945-ից ապակեգործների նոր սերունդ սկսեց ձեւավորվել, ես ու ամուսինս պատկանում ենք այդ նոր սերնդին: - Հե՟շտ է ապակին Ձեզ ենթարկել, ապակեգործությունը որպես արվեստի ճյուղ տարածված չէ, մասնագետներ շատ չկան: - Այո, քանդակագործները սովորաբար ուրիշ արտահայտչամիջոցներով են աշխատում: Մեր դեպքում Լիբենսկին նախագծում էր, ես` ձուլում ապակին, հետագայում քննարկում էինք, բարելավում, ու այդ պարագայում բավական հեշտ ու արագ էր գործն ընթանում, որովհետեւ երկու մարդու միտք, աշխատանք էր միավորվում:): - Ամուսիններով բազմաթիվ “արվեստի գործ” զավակներ ունեք, ամենասիրելիին առանձնացնո՟ւմ եք:): - Հորս հիշեցի:): Երբ որդիս ծնվեց, նա նայեց տղայիս ու ասաց` սա քո ամենալավ ստեղծագործությունն է: Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացմանը առիթ ունեցանք գնահատել “Լիբենսկի-Բրիխտովա. Հայաստանի համար” ապակե հավաքածուն: Իսկ ահա նոր ցուցահանդեսը, որն իր մեջ ներառում է “Քաղաքի ուրվագծերը” եռաքանդակը, “Գլուխներ” շարքից աշխատանքներ, երկրաչափական ֆիգուրներ, Bravo.am-արդեն տեսել է. հերթը քոնն է:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: