Սոնա Շահգելդյանը դարձավ երգչի կինը :)
Ձմռան առաջին օրը ժողովրդական ու գուսանական երգերով դիմավորելու առաջարկով Նարեկ Պողոսյանն իր առաջին մենահամերգն է ունեցել:): “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայացել է “Շանթ”-ի “Ժողովրդական երգիչ” նախագծի առաջին եթերաշրջանի մասնակից Նարեկ Պողոսյանի համերգը, որի ընթացքում նրա հետ զուգերգ են կատարել Լեյլա Սարիբեկյանը, Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը:
Մենահամերգից առաջ BRAVO.am-ի հետ զրույցում Նարեկը պատմել է, որ մենահամերգի գաղափարը դեռ գարնանն է ծագել, բուն քայլերը ձեռնարկել է ամռանը, նվագախմբի հետ փորձերն արել է աշնանը, իսկ ձմռան առաջին օրը կայացել է առաջին մենահամերգը:
Նարեկ Պողոսյանի փոխանցմամբ՝ նախապես որոշել էր երգել ոչ միայն գուսանական հայտնի երգեր, այլ նաեւ ժամանակին սիրված, բայց մոռացված գործեր. “Քիչ հնչած երգեր կատարելով` ռիսկի ես դիմում: Հին երգերը ներկայացնելը պատասխանատու գործ է: Փորձում եմ լավ երգել, որ մարդիկ, համեմատելով հին կատարումների հետ, հավանեն:)”:
“Նախագծի ավարտից հետո մասնակցել եմ տարբեր համերգների: Նկատել եմ՝ հանդիսատեսի շարքերում տարբեր բնագավառի, տարիքի մարդիկ են՝ տատիկ-պապիկներ, փոքր երեխաներ, նաեւ սփյուռքի հայությունը”, - ասել է ժողովրդական երգիչը:
Համերգի սկզբում Նարեկը երգել է իր ընկերների՝ “Ժողովրդական երգիչ” նախագծից հայտնի Սեւակ Ամրոյանի, Եվա Թաշչյանի, Լուսինե Գասպարյանի, Գոհար Ասատրյանի, Տաթեւ Քոչարյանի հետ “Ես իմ անուշ Հայաստանի”-ն:
Ժողովրդական երգիչը կատարել է գուսանական, ժողովրդական, էստրադային երգեր՝ Աշուղ Գեւորգի, Աշոտի, Հավասու, Շերամի, Խաչատուր Ավետիսյանի, Աշոտ Սաթյանի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:
Համերգավար Ժակը նշել է՝ ժողովրդական երգերի ներքո հանդիսատեսն ինքնամաքրման րոպեներ է ապրում. “Ժողովրդական երգ ասելով՝ հասկանում ենք ժողովրդի կողմից սիրված երգ, որը յուրահատուկ ինֆորմացիայի կուտակում է”:
Համերգի կենդանի հնչողությունն ապահովել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:
Առանձնակի ոգեւորությամբ Նարեկը երգել է իր հետ բեմը կիսող երգչուհիների հետ, արժանացել բուռն ծափահարությունների: Լեյլա Սարիբեկյանի հետ Նարեկը երգել է “Քելե, յարո ջան”, ինչից հետո երգչուհին բեմից խոստովանել է, որ երազում էր Նարեկի հետ նույն բեմին կանգնելու եւ երգելու մասին. “Կարծես, որդիս լինի. դժվար է որդու մասին խոսելը: Նա պահում է հայկական մաքուր երաժշտությունը, կարող եմ ասել՝ հայ երգը հուսալի ձեռքերում է”:
Իվետա Մուկուչյանն ու Նարեկ Պողոսյանը համերգի երկրոդ մասում կատարել են “Մարտիկի երգը”: Նրանք առաջին անգամ միասին երգել են ամանորյա տոնական ծրագրի շրջանակներում: Իվետայի խոսքերով՝ սիրում ու զգում է ժողովրդական երգը, բայց իր երգացանկում գերակշռելու են ջազային, էլեկտրոնային ու փոփ ոճերի երգերը:
Սոնա Շահգելդյանը բեմում մի քանի րոպեով դարձել է Նարեկի կինը. նրանք նույնիսկ հասցրել են վիճել՝ ինչպես պահանջում էր կատակ-երգը՝ “Ամուսինների վեճը”:). “Այդ նախագիծը միշտ հաճույքով նայել եմ, Նարեկի ձայնային տեմբրը սկզբից էլ հավանել եմ. հոգով է երգում: Համերգների ընթացքում ծանոթանալուց հետո Նարեկն առաջարկել էր միասին դուետ երգել իր մենահամերգին. սիրով մասնակցում եմ”:
Դերասան Ազատ Գասպարյանը բեմից ողջունել է երիտասարդ երգչին եւ նշել, որ տնտեսագետի մասնագիտությամբ Նարեկը հայ երգի պահապան զինվորներից մեկն է. “Եթե գյումրեցի լիներ, հաստատ կասեր՝ ուր է այստեղ տնտեսություն, որ ես էլ տնտեսագիտությամբ զբաղվեմ:)”:
Ինչպես նշել է Նարեկը, սովորաբար, ժողովրդական երգի համերգներն ավարտվում են “Հորովել”-ով, բայց այս անգամ իր ընկերների հետ համերգը եզրափակել է Էդգար Հովհաննիսյանի “Էրեբունի-Երեւան” երգով:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: