×


Շախմատային աստղեր

Շախմատային աստղեր

Չեմպիոնների “սեւ-սպիտակ” հաղթանակի հայկական գույնը :) Շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնության հայ գահակիրներին BRAVO.am-ը բազմաթիվ երկրպագուների հետ դիմավորեց հայրենիքում, երեկ էլ առանձնազրույց ունեցավ շախմատային աստղերի հետ` պարզելու համար` ինչպիսին են նրանք խաղատախտակից այն կողմ, եւ սեւ-սպիտակից բացի, ինչ գույներ կան նրանց կյանքում:) Chess “Կիթառ եմ նվագում ու երգեր գրում”. Վլադիմիր Հակոբյան Շախմատի հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանին շախմատ խաղալ սովորեցրել է հայրը, երբ նա 5 տարեկան էր: Հետագայում սիրողական խաղը դարձել է լուրջ զբաղմունք, Վլադիմիրը հաճախել է շախմատի դպրոց, անդադար պարապել, ինչն իր լուրջ պտուղները տվել է 1986 թվականին, երբ նա դարձել է մինչեւ 16 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն: Վլադիմիրը չեմպիոնի կոչումը պահպանել է նաեւ 1989-ին` մինչեւ 18 եւ 1991-ին` մինչեւ 20 տարեկան շախմատիստների մրցույթներում: 1996-ին եւ 1997-ին գրոսմայստերը դարձել է Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոն: 1992, 2002 եւ 2004 թվականների աշխարհի թիմային առաջնությունների եռակի, 1997, 2001 եւ 2005-ի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: 1995-ին “Երեւան” թիմի կազմում դարձել  է եվրոպական ակումբների գավաթի, իսկ Կազանի, Տոմսկի եւ Ուրալի թիմերի կազմում` Ռուսաստանի ակումբների առաջնության հաղթող: 1999 թվականին Վլադիմիր Հակոբյանը դարձել է շախմատի աշխարհի փոխչեմպիոն։ “Եթե այլ մասնագիտություն ընտրեի, երեւի, դա երաժշտական ոլորտում կլիներ.   երաժշտական դպրոց եմ գնացել, կիթառ եմ նվագում: Նաեւ լողի եմ հաճախել, բայց շախմատի ուղղությամբ եմ շարունակել զբաղվել, քանի որ այն ավելի լավ էր ստացվում”,-BRAVO.am-ին ասաց Վլադիմիր Հակոբյանը: Նա ազատ ժամանակ Վլադիմիր Վիսոցկու երգերն է լսում, կիթառ նվագում ու երգեր գրում,  ունի հեղինակային մի շարք երգեր, որոնք կիթառի հետ մաս են կազմում իրենց ընկերական հավաքներին. “Ստեղծագործություններիս հիմնական թեմատիկան կյանքն է, մեր առօրյան, ինչն օգնում է շախմատային հավաքների ժամանակ հանգստանալ”: Chess Խոսելով 2011 թվականի Շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն դառնալու մասին` գրոսմայստերն իրեն բնորոշ մեղմ ու համեստ ժպիտով նշեց. “Ուրախ եմ եւս մեկ անգամ մարդկանց ուրախացնելու համար”: «Ինձ հեռու եմ պահում աստղերից  ու աստղային կյանքից». Գաբրիել Սարգսյան Շախմատի հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն դարձել է 1996 թվականին, 1998-ին` մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, 2000-ին եւ 2003-ին` Հայաստանի տղամարդկանց չեմպիոն, 2006-ին եւ 2008-ին` Օլիմպիական չեմպիոն, 2008 թվականին ճանաչվել է նաեւ Հայաստանի լավագույն մարզիկ: Իրեն աստղերից ու աստղային կյանքից հեռու պահող շախմատիստը BRAVO.am-ի հետ զրույցում ասաց, որ միակ մասնագիտությունը շախմատն է, որով զբաղվում է մանկուց: Գաբրիելը  իրավաբան էլ կդառնար. ցանկություն կար, բայց միշտ զբաղված է եղել շախմատային մրցումներով ու չի հասցրել դրան ժամանակ տրամադրել:): Շախմատիստը սիրում է գրականություն կարդալ, զբաղվում սպորտով, ազատ ժամանակն անցկացնում է տանը կամ ընկերների հետ, չի ցանկանում, որ իր հայտնի լինելը խանգարի անձնական կյանքին, թույլ չտա իրեն հասարակության մեջ ազատ զգալ: Գաբրիելն ասաց` անձնական կյանքում այս պահին նորություն չունի: Ունի կնոջ իր իդեալը, որի մասին միանգամից խոսելն այնքան էլ հեշտ չի համարում:): Chess Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հաղթանակը նա 90 տոկոսով տեսել է 5-րդ տուրից հետո, երբ Հայաստանը հաղթանակ է գրանցել Չինաստանի նկատմամբ: BRAVO.am-ի հետ Գաբրիելը խոսեց նաեւ իր ընկերոջ` Լեւոն Արոնյանի մասին, ով այժմ բացակայում է հայրենիքից. “Լինելով մի շարք հաջողությունների տեր, բոլորի կողմից սիրված ու ճանաչված մարդ` Լեւոնին միշտ հաջողվում է մնալ հասարակ, ինչը շատ կարեւոր է”: Գաբրիել Սարգսյանը հայ շախմատիստներից միայն Լեւոն Արոնյանին է աշխարհի չեմպիոն տեսնում. “Մեր գործող շախմատիստների մեջ չկա ուրիշ մեկը...”: “Կարեւորը մեր տղաների թիմային ոգին է”. Արշակ Պետրոսյան Հայաստանի շախմատի հավաքականի ավագ, մարզիչ Արշակ Պետրոսյանի հավաստմամբ` իրենց հաղթանակը բխում է տղաների թիմային ոգուց ու նպատակասլացությունից. “Մենք առաջնորդվում ենք “բոլորը` մեկի, մեկը` բոլորի համար” սկզբունքով, ինչն օգնում է հասնել ավելիին”: Խոսելով  ադրբեջանցի խաղընկերների մասին` տղաներն ասացին, որ հարկ չեն համարում նրանց մեծ ուշադրություն դարձնել. “Մենք, որպես խաղընկերներ, շփվում ենք միմյանց հետ”: Chess Հավաքականի ամենակրտսեր անդամը` Ռոբերտ Հովհաննիսյանը, ով առաջնության 4-րդ տուրի իր անդրանիկ խաղում սեւերով պարտության մատնեց Մուհամեդ Էզատին, մեզ հետ զրույցում ասաց, որ հավաքական կոչվող “ընտանիքում” իր մուտքը բավական հաջող է համարում, բայց չի ժխտում, որ դեռ շատ անելիքներ ունի. “Պետք է  շատ պարապեմ, իսկ ազատ ժամանակս, ինչպես միշտ, կհատկացնեմ իմ սիրելի զբաղմունքներին` գիրք կկարդամ, համակարգչով կզբաղվեմ ու երգեր կլսեմ:)”: Նշենք, որ  Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանն այժմ գտնվում են արտերկրում: Չինաստանի Նինբո քաղաքում կայացած Շախմատի աշխարհի թիմային 8-րդ առաջնության ժամանակ 10 երկրի հավաքականների պայքարի անհատական  եւ  թիմային մակարդակում փայլուն խաղ ցուցադրելով` Հայաստանի հաղթանակած հավաքականը ոչ մի շանս չթողեց իր հակառակորդներին, այդ թվում` շախմատային հսկաներ Ռուսաստանին, Չինաստանին, Ուկրաինային ու Հնդկաստանին: Մեր շախմատիստների հաղթանակի շնորհիվ Հայաստանը շախմատի օլիմպիական չեմպիոնի տիտղոսին ավելացրեց աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի դափնին: Հայաստանի հավաքականի հաջորդ` խոշոր մրցաշարը Եվրոպայի թիմային առաջնությունն է, որը կմեկնարկի Հունաստանում` նոյեմբերի 2-ին: BRAVO.am-ը շնորհավորում է Շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնության գահակիրներին` նման արդյունք ակնկալելով նաեւ Եվրոպայի թիմային առաջնությունից:): Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW