Մաեստրոյի առաջին ձայնասկավառակի շնորհանդես-համերգը կայացավ “Սուրբ Մեսրոպ Մաշտոց” շքանշանակիր, օրերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից “Ազգերի բարեկամություն” շքանշանին արժանացած Ռոբերտ Ամիրխանյանը դեռևս ձայնասկավառակ չուներ: Վերջապես ապրիլի 30-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի ունեցավ անվանի կոմպոզիտորի “Հայաստանի ձայնը” ձայնասկավառակի շնորհանդեսն ու “… Երդվում եմ քեզ, իմ երկիր …” խորագրով համերգը: Համերգի առաջին մասում հանդիսատեսը ունկնդրեց, Ամիրխանյանի խոսքերով, “մեր օրերի դոմինգոներին ու պավարոտիներին”` Սեդա Ամիր –Կարայան ,Գուրգեն Բավեյան, Իրինա Զաքյան,Գեւորգ Հակոբյան, Հովհաննես Այվազյան և “Պրոմենադ” վոկալ-անսամբլ: Ընդմիջման ընթացքում էլ տեղի ունեցավ ձայնասկավառակի շնորհանդեսը: Մաեստրոն նշեց, որ ձայնասկավառակը չէր թողարկվի առանց գերմանացի ընկերների աջակցության: Ձայնագրությունների աշխատանքներն ընթացել են 2010 թվականի ամռանը` Գերմանիայում: CD-ում ընդգրկված է սիրված հին ու նոր 16 երգ: “Ձայնասկավառակը մյուսների հետ հաղորդակցվելու ձեւ է, որ մարդ կարող է նստել ու լսել սրտիդ խոսքը”,- ասաց Ռոբերտ Ամիրխանյանը: Երկու տարի առաջ մաեստրոն հրավիրեց Օպերայի եւ բալետի թատրոնի երիտասարդ մեներգիչ Գուրգեն Բավեյանին` մասնակցելու իր 70-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Շարունակելով համագործակցությունը` Գուրգենը մասնակցել է նաեւ Գերմանիայում տեղի ունեցած` կոմպոզիտորի ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներին, որում հանդես է գալիս հինգ երգով եւ երկու դուետով: “Շատ երգեր կան մաեստրոյի երգացանկից, որ կուզեի երգել` “Անանձնություն”, “ժպտա”: Սա նոր`էստրադային ոլորտ է ինձ համար: Բավական բարդ երգեր են` դրամատիզմով հագեցած, բայց շատ ուրախ եմ այս համագործակցության համար”,- պատմեց Գուրգենը: “Շատ լարված էինք խմբով, բայց հուսով եմ` լավ անցավ: Ռոբերտ Բաբկենիչի հետ աշխատելը մեծ պատիվ է բոլորիս համար ու բացի լավ ներկայանալուց այլ տարբերակ չունեինք”,- ասաց “Պրոմենադ” խմբի մեներգիչ Արթուր-Ալեքը, ով հայտնի է ձեզ “X-Factor” նախագծից: Համերգի երկրորդ մասում ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: “Սա մեր երկրորդ համագործակցությունն է: Մաեստրոյի հետ մեկ բեմի վրա գտնվելը շատ մեծ պատասխանատվություն է եւ հեշտ չէ, նույնիսկ դժվար է, բայց միեւնույն ժամանակ չափազանց հաճելի: Քանի որ նվագախումբը երիտասարդական է, ես էլ այդքան էլ ծեր չեմ, շփումները նման մասնագետների հետ շատ մեծ դասեր են մեզ համար: Դա մեծ փորձ է բոլորիս համար: Կարծում եմ` Ռոբերտ Ամիրխանյանը կենդանի լեգենդ է: Հաստատ շարունակելու ենք մեր համագործակցությունը”,- ասաց 23-ամյա դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: