×


Ռուս մոդելի սեւանյան ֆոտոշարքի “մեղավորը” Մարինա Ավետյանն է:)

Մարինա Ավետյանը նորաձեւության հայաստանյան ցուցադրությունների գրեթե չի մասնակցում. հայ մոդելն առաջարկների դեպքում պայմանագրով աշխատում է արտերկրում: Վերջերս նա երկու ամիս Կիպրոսում է աշխատել՝ հրավեր ստանալով հունակիպրական մոդելային գործակալություններից մեկից:

Մարինա Ավետյանը


“Ցավոք, Հայաստանում մոդելային բիզնեսը զարգացած չէ, շատ հնարավորություններ չկան, իսկ արտերկրում հոնորարներն անհամեմատելի մեծ են, մանավանդ կա այսպիսի կանոն. եթե չկարողանաս էլ աշխատել, մեկ ամսվա գումարը քեզ վճարում են”, - BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Մարինա Ավետյանը:

Մոդելը նշել է, որ համագործակցում է ռումինական գործակալության հետ, որի առաջարկով էլ հրավերներ է ստանում նաեւ այլ գործակալությունների կողմից. “Նույն ժամանակահատվածում առաջարկ ստացա Հնդկաստանից, Շանհայից ու Կիպրոսից: Քանի որ պայմանագրի ամենակարճատեւ առաջարկը Կիպրոսից էր, իսկ ես չէի ուզում շատ երկար մնալ, նախընտրեցի հենց այդ տարբերակը”:

183 սմ հասակով ռուս մոդել Լիլիանան հավանել է Հայաստանի կլիման


“Եթե չունես լավ պորտֆոլիո, քեզ աշխատանք չեն տա”. Մարինա Ավետյան

Հայ մանեքենուհին Ուկրաինայից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Հունգարիայից ու այլ երկրներից ժամանած մոդելների հետ մասնակցել է մի շարք դիզայներների նորաձեւության ցուցադրությունների, նկարահանվել գովազդներում ու լուսանկարվել ամսագրերի համար:

Մարինա Ավետյանը նշել է, որ շատ առաջարկներ ստանալու համար պետք է պրոֆեսիոնալ լուսանկարներ ունենալ. “Մինչ Կիպրոս մեկնելս լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հետ պատրաստել էինք ֆոտոշարք, որն այնտեղ իմ այցեքարտն էր: Որքան էլ պրոֆեսիոնալ մոդել լինես, եթե չունես լավ պորտֆոլիո, նրանք քեզ աշխատանք չեն տա, որովհետեւ չգիտեն` ինչպիսին կլինես նկարահանման հրապարակում: Ինձ համար նոր փորձառություն էր, որի ընթացքում ծանոթացա նոր ապրելակերպի, մշակույթի ու մարդկանց հետ, այդ թվում` այնտեղ հանդիպեցի իմ ապագա ընկերուհուն:)”:

Մարինա Ավետյանն ու Լիլիանա Բարսկայանը


Ռուս մոդելին դուր է եկել հայկական խոհանոցն ու Երեւանի կենտրոնը

Աշխատանքային երկու ամսվա ընթացքում հայ մոդելը մտերմացել է Լիլիանա Բարսկայայի հետ: Սանկտ-Պետերբուրգից ռուս մոդելը Մարինայի հրավերով այժմ Երեւանում է, հյուրընկալվել է նրա տանը: 

183 սմ հասակով Լիլիանան BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ հավանել է Հայաստանի կլիման, մայրաքաղաքի կենտրոնը եւ հայկական խոհանոցը. “Ինձ համար ձեր խոհանոցում գրեթե ամեն ինչ նորություն է. առաջ ես համարյա չէի ուտում հաց ու միս, բայց հիմա ինձ այդ հաճույքից չեմ զրկում, որովհետեւ ամեն ինչ շատ համեղ է:)”:

Մոդել Մարինա Ավետյանը


Ռուս մոդելը տեսնելով ու հավանելով իր ընկերուհու լուսանկարները` համագործակցել է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հետ: Սեւանա լճի ափին արված լողազգեստով նոր ֆոտոշարքը Լիլիանան շատ է կարեւորում. “Չնայած ջուրը սառն էր, նկարահանումը հրաշալի անցավ: Շատ լավ մարդկանց հետ էի”:

22-ամյա ռուս մոդելն աշխատել է Ֆրանսիայում, Չինաստանում, առաջիկա երեք տարվա ընթացքում շարունակելու է հանդես գալ որպես մոդել, նոր պայմանագրեր ունի Միլանից, Մեքսիկայից, նաեւ Նյու Յորքից: Մոդելային մրցույթների չի մասնակցել, բայց պլանավորում է իր ուժերը փորձել առաջիկայում:  

Լիլիանա Բարսկայան Սեւանում


Լիլիանա Բարսկայայի խոսքերով` դեռ փոքր տարիքից եղել է բարձրահասակ ու նիհար, իր ծնողների խորհրդով է սկսել մոդելային կարիերան: “Առաջին անգամ ռուսական մոդելային գործակալություններից մեկից առաջարկ ստացա, երբ վեց տարեկան էի: Հետո պարբերաբար հրավիրում էին մասնակցել տարբեր ցուցադրությունների”, - պատմել է մոդելն ու ավելացրել, որ հանուն կարիերայի ու պայմանագրերի այժմ կիսատ է թողել ուսումը, բայց որոշել է դառնալ անգլերենի ու իսպաներենի թարգմանչուհի: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գագիկ Հարությունյանի եւ Մարինայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW