“Ինչպես ենք մենք ապրում’’ Իր “զուգահեռ աշխարհներն” է օրերս “Բյուրոկրատ” գրախանությում ներկայացրել լուսանկարչուհի Սառա Անջարգոլյանը: Նախ` կայացել է “Ինչպես ենք մենք ապրում’’ գրքի շնորհանդեսը, որից հետո տեղի է ունեցել քննարկում այցելուների հետ: Սառա Անջարգոլյանն այն եզակի մարդկանցից է, ով քաջություն ունի շոշափել այն թեմաները, որոնք փակ են մյուսների համար, որոնք շրջանցվում են, իսկ Սառան, չվախենալով քննադատություններից, հրավիրում է մարդկանց իրականության աշխարհ: Սառան լուսանկարահանել է Աֆրիկան եւ Հայաստանը` փորձելով ներկայացնել երկու զուգահեռ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: Նրան հաջողվել է ֆիքսել կենցաղային մանրուքները: Գրախանութում տեղադրված մեծ էկրանի վրա Սառան ցուցադրել է լուսանկարները` մանրամասն ներկայացնելով յուրաքանչյուրի պատմությունը: Նա նաեւ օրինակներով եւ վիճակագրական տվյալներով ներկայացրել է երկրների սոցիալական վիճակը: Լուսանկարներում պատկերված մարդիկ յուրահատուկ պատմություններ ունեն, դրանք հուզեցին, նաեւ անհանգստացրին ներկաներին: Սառան շոշափում է արդիական այնպիսի հարցեր, ինչպիսիք են աղքատությունը, անօթեւանությունը, գործազրկությունը, հիվանդությունները, միգրացիան: “Ինչպես ենք մենք ապրում’’ նախագիծը վավերագրական փաստերով ներկայացնում է Հայաստանում առկա աղքատությունը: Աֆրիկայում արված լուսանկարները տարբեր հիվանդություններ` ՁԻԱՀ, տուբերկուլոզ, ունեցող մարդկանց, ինչպես նաեւ թմրամոլների մասին են: Հայաստանում արված լուսանկարների շարքերից մեկը կոչվում է “Ես այստեղ չեմ եւ այնտեղ չեմ’’, որը երկիրը լքած մարդկանց մասին է: Սառան վավերագրական լուսանկարիչ է. նա ֆիքսում է իրական կյանքն ու պարզապես փոխանցում այն: Նրան հաճախ անվանում են վիզուալ պատմիչ: Նրա նախագծերը կոչված են հասարակական փոփոխություններ կատարելու: Սառան բազմաթիվ մրցանակներ է ստացել նախագիծը իրականացնելու համար եւ համագործակցել է բազմաթիվ ոչ պետական կազմակերպությունների հետ` հասարակական խնդիրների իրազեկության մակարդակը բարձր պահելու համար: Նա բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել արտերկրում: Լուսանկարչուհին բնակվում է Միացյալ Նահանգներում եւ առաջին անգամ Հայաստան է ժամանել 1994 թվականին: 2002 թվականին նա արդեն բնակություն է հաստատել այստեղ եւ կրթություն ստացել: Սառան ավարտել է նաեւ Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: Նա աշխատել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում որպես իրավաբան: Սառայի աշխատանքների հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ` http://howwelive.org/index.html : Գրքի երեւանյան շնորհանդեսի լուսանկարները ներկայացնում ենք ստորեւ:) Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Բերտա Մարտիրոսյանի /Bravo.am/ եւ Սառա Անջարգոլյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: