“Sin Ti”. սիրո խոստովանություն երգի տեսքով:)
“Sin Ti”` հայերենով “Առանց քեզ” կոչվող ռոմանսը Սյուզիի եւ Վահեի զուգերգն է, որի հիման վրա օրերս տեսահոլովակ է նկարահանվել: Իսպաներեն երգի հեղինակը, ինչպես նաեւ տեսահոլովակի ռեժիսորը հենց երգիչն է: “Առանց քեզ չեմ կարող եւ չեմ ուզում ապրել, առանց քեզ չեմ կարողանում կանգնեցնել ժամանակն ու հաղթել աշխարհին…”,- “Sin Ti” սիրո խոստովանությունից մի հատված ներկայացրեց Սյուզին:
Մասնագիտությամբ կինոռեժիսոր Վահե Հարությունյանը, ով վերջին տարում, իր խոսքերով, սկսել է ավելի լուրջ մոտենալ երգարվեստին, “Sin Ti”-ի տեսահոլովակը նկարահանել է մինիմալիստական ոճում. “Պարզ է, հասարակ, գեղեցիկ կադրերով ու հետաքրքիր, անսպասելի վերջաբան ունի: Սյուզին շտապում է ժամադրության վայր, որտեղ արդեն իսկ զույգի համար սեղան է պատվիրված, ու մենք ամբողջ ընթացքում միմյանց համար երգում ենք: Տպավորությունն այնպիսին է` ես ու Սյուզին իրար դիմաց ենք նստած, թեեւ ոչ մի կադրում միաժամանակ չենք երեւում: Ամենավերջում պարզ է դառնում` երկուսս էլ ուրիշին ենք սեր խոստովանում, ուղղակի զուգադիպել է, որ երկու սիրող զույգ նույն ռեստորանում միաժամանակ սեր են խոստովանել”:
Ռոմանտիկայի համար տեսահոլովակում Վահեն կիթառ է նվագում, բայց իրականում կիթառահար չէ. “Ինքս ինձ խոստացել եմ, որ այս տարի կիթառ լավ նվագել կսովորեմ”: Իսպաներեն երգող Սյուզին էլ իրականում իտալերենին է տիրապետում. “Իսպաներենը ինձ մասնավորապես սիրելի է դարձել ԱՄՆ-ում եղածս ժամանակ, որովհետեւ այնտեղ շատ սիրելի ու հարգի լեզու է: Մասնագետների շնորհիվ որքան հնարավոր է շտկել ենք “ակցենտ” կոչվածը: Հասկանում եմ` օտար լեզուն իդեալական արտաբերելն անհնար է, եթե առօրյայում չես կիրառում, բայց նաեւ վստահ եմ, երբ որեւէ երգ սիրելի է դառնում, մեղեդին շոյում է ականջդ, այլ բաների վրա չես կենտրոնանում: Չեմ ցանկանում համեմատել, սակայն երբ Շակիրան կամ Սելին Դիոնը երգում են անգլերեն լեզվով, ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրանց վատ ակցենտին, պարզապես այն ընկալում են որպես յուրօրինակ մատուցում, եւ երգերը գրեթե միշտ 100 տոկոսանոց հիթ են դառնում”:
Սերը մեղք չէ, բայց…
Սիրո խոստովանություն երգ, ռոմանտիկ տեսահոլովակ. Սյուզին մտավախություն չունի` շատերը կսկսեն կարծել` իրականում երգիչների միջեւ զգացմունքներ կան: “Երբեւէ չեմ վախեցել նման խոսակցություններից: Պետք է գոնե ծուխ լինի, որ կրակ դարձնեն: Իհարկե, սերը մեղք չէ, բայց այս պարագայում զուտ ընկերական եւ գործնական հարաբերություններ են: Սիրով եմ համաձայնել առաջարկին: Երգը լսելուց անմիջապես հետո շատ սիրեցի այն եւ հասկացա, որ անպայման պետք է կատարեմ: Վահեն համեստ, նպատակասլաց եւ գեղեցիկ հայ երիտասարդ է, որը դեռ երկրպագուների մեծ բանակ կունենա”,- ասաց երգչուհին:
Ռոմանսի տեսահոլովակը եթերում, ինչպես նաեւ Bravo.am-ում դիտեք փետրվարի սկզբին: Իսկ Սյուզին շուտով Ռուսաստանի մի քանի քաղաքներում փոքրիկ համերգային ծրագրով է հանդես գալու. “Արտասահման մեկնելու պլաններ միշտ կան. հրավերներ եմ ստացել: Ես ճանապարհորդելու մեծ սիրահար եմ եւ կարծում եմ` կյանքում մնայուն ամենակարեւոր արժեքներից մեկն է”:
“2010-ն ինձ համար ճակատագրական եղավ”. Սյուզի
Երգչուհին նաեւ ամփոփեց իր առավելություններով եւ թերություններով նախորդ տարին: “Հորոսկոպով իմ տարին էր, եւ պատահական չէ, որ ինձ համար այն ճակատագրական եղավ: Երբեք եղածի համար չեմ ափսոսում, հաշտվում եմ, քանի որ մեր սխալների մեծ մասը մեր իսկ մեղքով է հիմնականում լինում: Չեմ կարող ասել` կարիերայում մեծ նվաճումներ ունեցա, թեեւ իմ իսկ ընտրությամբ էր դա, բայց տարեվերջին հիանալի առաջարկներ ստացա, որոնց մասին կխոսեմ դրանք իրագործելուց անմիջապես հետո”:
Bravo.am-ի հարցին, թե ինչո՟ւ է ճակատագրական համարում 2010-ը, գուցե սիրելիին է հանդիպել, երգչուհին պատասխանեց. “Թույլ տվեք այս մի հարցին չպատասխանել, որովհետեւ շատ անձնական է… Երբ լիակատար երջանիկ լինեմ, ձեզ հետ կկիսվեմ:)”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Սյուզիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: