“Ճանաչի´ր” երգչուհուն ու ինքդ քեզ :) “Ճանաչի´ր”. երգ, որ կարող է երիտասարդների հիմնը դառնալ: “Ճանաչի´ր”. նախագիծ, որը ուժ կտա ոչ միայն երիտասարդներին: Փորձում ենք ճանաչել ինքներս մեզ, մեր ընկերներին, ընտանիքը, հայրենիքը, մեր մեծերին… Ու ճանաչման գործընթացը սկսում ենք Սոֆի Մխեյանի հետ:): Երգչուհին Bravo.am-ի հետ զրույցում հենց սկզբից ցանկացավ, իր խոսքերով, “Ճանաչի´ր”-ի “ներքինը” մարդկանց ներկայացնել. “Նախագիծը արվում է շատ սրտանց եւ մեծ ոգեւորվածությամբ: Այսօր երիտասարդ ենք, ինչպես երգում ենք` “ես, դու, մենք կանք, ու մերն է ապագան”: Հավատում ենք դրան ու հավատում, որ կարող ենք ինչ-որ բան անել հենց մեր Հանրապետության մեջ ու Հանրապետության համար”: Երիտասարդներով, երիտասարդների համար տեսահոլովակ են նկարահանել:) Օգոստոսի 28-ին Հանրապետության մայրաքաղաքում, լավ իմաստով, իրարանցում էր:): “Մեղավորները”` Սոֆի Մխեյան, եռագույնը ձեռքներին ու եռագույն հագած բազմաթիվ երիտասարդներ: Որտե՞ղ. Աբովյան փողոցում, Կասկադում, “Հրազդան” մարզադաշտում, Հանրապետության հրապարակում: “Ճանաչողական” իրարանցումը նկարահանում էր “Magnat production”-ը: Ռեժիոսր` Կարեն Քոչարյան, օպերատոր` Սուրեն Թադեւոսյան, սցենարի հեղինակ ու ընդհանրապես “Ճանաչիր”-ի մեղավորներից մեկը` Վարդան Զադոյան: “Ճանաչիր” երգի երաժշտության հեղինակը Մարինե Գյուլումյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: “Երգն ու երաժշտությունը կային ու ընդհանրապես կապ չունեին այս ամենի հետ, չէինք մտածում, որ հենց սա կլինի: Հետո երաժշտությունը տարա Ավետին, բացատրեցի ամբողջ ֆորման, մի քանի օր անց երգի խոսքերն ընթերցեցի, հասկացա` մեծ ասելիք ունի: Յուրաքանչյուր նախադասություն առանձին թեւավոր խոսք է: Գործիքավորումը կատարել է Lazzaro-ն: "Ճանաչիր"-ը միքսել են ԴերՀովան ու Lazzaro-ն: Ոգեւորելու համար զուռնա, դհոլ, դուդուկ է օգտագործվել: Կամո Սեյրանյանը միանգամից արձագանքեց ու դուդուկ-զուռնայի մասը ապահովեց”,- ասաց Սոֆի Մխեյանը: Ազատություն, թռիչք, հավատ կա, երիտասարդները իրենց խոսքն են ասում. “Ճանաչիր”-ի արդյունքը եթերում ու Bravo.am-ում կգնահատեք սեպտեմբերին: “Հավատում ենք, որ լավ է լինելու հետո: Առաջին քայլը երիտասարդական հիմն էր: Մի քիչ ինքս վախենում եմ սա հիմն համարել, շատ պարտավորեցնող է: Աստված տա, այնքան ուժ ու խորհուրդ տա երիտասարդներին, որ ինչ-որ չափով մոտենա այդ գաղափարին: Ես ինքս որպես երիտասարդ եմ դա արել”,- նշեց երգչուհին: Սոֆի Մխեյանը շատ համախոհներ ունի. “Գաղափարը կար, երիտասարդության կողմից էլ` լավ արձագանք իմ աշխուժությանը, տեսակին: Վստահություն կար, դա ամենակարեւորն է, որովհետեւ նման գործ անել ու վստահություն ունենալ հենց իրենց կողմից, դա արդեն հաջողության կեսն է: Առիթ եմ ունեցել մի քանի անգամ լինել մայրաքաղաքի կարեւոր բուհերում, ունենալ հանդիպումներ մեր երիտասարդների հետ հենց իրենց իսկ ցանկությամբ: Այդ ամենից հետո հասկացա, որ լավ վերաբերմունք ունեմ երիտասարդների կողմից, ուզում եմ այս ամենը ճիշտ հնչի, անհամեստ չթվա, որովհետեւ երբ բեմ ես դուրս գալիս, հասկանում ես` քեզ ինչպես են արձագանքում: Այս ամենը օգնեց ինձ հասկանալ, որ կարող եմ նման մի նախագիծ անել: Համախմվեցինք. ուսանողներ, երիտասարդներ, պետական, ոչ պետական մարմիններ, առանձնացնեմ “ԵՊՀ շրջանավարտների միավորում” հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանին…”: Տեսահոլովակում Սոֆին ու երիտասարդները ողջունում են զինվորներին, ոստիկաններին, հավաքարարներին, զբոսաշրջիկներին, շինարարներին, հայտնիներից Լեւոն Մալխասյանին, Ջիվան Գասպարյանին, Յուրի Վարդանյանին: Հետո մեծ շքախմբով գնում են “Ճանաչիր”-ի լոգոն բացելու: Վերջինի հեղինակը Վարդան Զադոյանն է: “Ճանաչիր” երգի բանալի բառերն են.:) ու խանդավառությամբ է երգում Սոֆի Մխեյանը. “Ամեն մարդ իր կյանքում, ուղին է իր փնտրում… ուղիղ է այն անցնում, եթե կա սեր: Ունես մեծ նպատակ, թե պարզ ես ու շիտակ, հասնող ես, դու կարող ես: Երգով, հոգով, ինքդ քո կամքով դու քեզ ճանաչիր, երազանքով, դու ինքդ քո ձեռքով կյանքի քեզ կոչիր, փակ դռներ չկան, ու ամեն վայրկյան սիրո դիմաց դռներն են միշտ բացվում, տես…Ես, դու, մենք կանք, մերն է ապագան, սեր ու հարգանք, երկիր իմ Հայաստան”: Մի ուրիշ Սոֆի Մխեյան` կծանոթանաք շուտով:) “Միայն “Ճանաչիր”-ը չէ, հյուրախաղեր, համերգներ մայրաքաղաքում, եւս մեկ տեսահոլովակ կա, որ էլի ամբողջովին պատրաստ է: Երաժշտական առումով բացարձակապես կապ չունի այս տեսակի հետ, մի ուրիշ Սոֆի Մխեյան, որ ինձ համար շատ հարազատ է: “Կարոտի երազ”-ի հիման վրա է նկարահանվել, հեղինակը Մարինե Գյուլումյանն է, երաժշտական, մեղեդային, ժողովրդական մոտիվ ունի: Մի կարեւոր մասնիկ կա ինձնից տեսահոլովակում եւ խոսք է ուղղված տարիքով մարդկանց: Տախիծ, տխրություն, ուրախություն, լռություն… Էլ բան չեմ ասի, հոկտեմբեր կամ նոյեմբերին պրեմիերան կլինի”,- Bravo.am-ին ասաց Սոֆի Մխեյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: