×


Վարշամ Գեւորգյան

Վարշամ Գեւորգյան

«Դերասան ծնվում են, բայց պետք է նաեւ դառնան...» Վարշամ Գեւորգյան` դերասան, ով հանդիսատեսին ծանոթ է թատրոնից, ֆիլմերից ու սերիալներից: Դերասան, ով դեռ 2003-ից` ուսանողական տարիներից, սկսել է իր բեմական գործունեությունը ու երբեք չի ցանկացել նմանվել որեւէ մեկին: Դերասան, ով Bravo.am-ին պատմում է իր եւ իր աշխատանքի մասին... :) Varsham Gevorgyan - Դեռեւս 3-րդ կուրսից (Թատերական ինստիտուտի – հեղ.) սկսել եմ ու մինչ օրս աշխատում եմ Համազգային թատրոնում, բայց կան նաեւ այլ ներկայացումներ , որտեղ խաղում եմ որպես հրավիրված դերասան: Օրինակ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Մուսալեռ», Կամերային երաժշտության թատրոնում «Անուշ» եւ այլն, բայց իմ հիմնական, հարազատ թատրոնը Սոս Սարգսյանի ղեկավարած` Համազգային թատրոնն է: - Դերասան ծնվեցի՞ր , թե՞ դարձար: - Ես էլ եմ այն կարծիքին, որ դերասան ծնվում են, բայց պետք է նաեւ դառնան. դառնալն անհրաժեշտություն է: Ինչքան էլ դերասան ծնված լինես, միեւնույն է, ես շատ բարձր եմ գնահատում թատերական կրթության, ինստիտուտի դերը: - Առաջին  բեմելը, որ շատ պատասխանատու էր քեզ համար: - Եթե չհաշվենք դպրոցական «КВН»-ները, թատերական, պարի խմբակները, ապա իմ կուրսային աշխատանքը` «Չարլիի մորաքույրը» ներկայացումն էր, որտեղ խաղացել եմ Բարքսի դերը: Varsham Gevorgyan - Հանդես ես գալիս նաեւ սերիալներում, ի՞նչ կասես այդ մասին: - Իհարկե, ես կուզեի գար այն օրը, երբ այնքան շատ ֆիլմեր նկարվեին, որ սերիալում նկարվելու ժամանակ չունենայի: Բայց ես այն մարդկանցից չեմ, որ ասում են` սերիալում նկարվելը ամոթ ա կամ սխալ ա: Ես նկարահանվել եմ «Դժբախտ երջանկության» առաջին սեզոնում, որն առաջինն էր այդ ոլորտում ու շատ ռիսկային, ապա` «Վերադարձ»- ում: Իմ կարծիքով, կարեւորը «ի՞նչը» չէ, կարեւորը «ինչպե՞ս»- ն է. մենք ունենք նաեւ գեղարվեստական ֆիլմեր, որոնք լավը չեն: - Հիմա նոր դերեր կերտու՞մ ես: - Շուտով կլինի Շիրվանզադեի «Արտիստը», որտեղ ես հանդես եմ գալիս Արտիստի հոր` Ստեփանի դերում: Կան նաեւ մի քանի գեղարվեստական ֆիլմեր... Ուրախ եմ, որ շարժ կա, ու ինչ-որ բան արվում է: Մի երկու տարի առաջ ես ասում էի, որ հինգ տարի անց մեր մասնագիտությունը կլինի լավագույն մասնագիտություններից մեկը: Կարծես իմ կանխատեսումը ճիշտ էր. դեռ երեք տարի կա, բայց բավական մեծ տեղաշարժ է նկատվում, ու երեք տարվա ընթացքում դեռ շատ բան կարվի: :) - Համեմատական ի՞նչ զուգահեռներ կտանես թատրոնի, ֆիլմերի ու սերիալների միջեւ: - Բնականաբար, թատրոնում դերն ավելի մանրակրկիտ է կերտված, նույնը կասեմ նաեւ ֆիլմի մասին, բայց սերիալը ունի մի առավելություն, որը չկա ոչ թատրոնում, ոչ էլ կինոյում: Այստեղ կարող ես նայել կերպարին, տեսնել նրա թերի կողմերն ու ժամանակի ընթացքում ուղղել դրանք, այսինքն, սերիալը օգնում է դերասանին գտնել իր կերպարի ճիշտ ու սխալ կողմերը: - Բեմում եւ կյանքում ի՞նչ նմանություններ, տարբերություններ ունես: - Կյանքում ես ես եմ, ու ոչինչ չկա բեմից, բայց կարող է  բեմում լինի այն, ինչ կյանքում կտեսնեն իմ մոտ: Բեմից կյանք ինձ մոտ երբեք ոչինչ  չի գալիս. կարծում եմ, դա ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական կրթություն չստացած մարդկանց մոտ կարող է լինել: Varsham Gevorgyan - Դրակա՞ն, թե՞ բացասական կերպարներ ես նախընտրում: - Ինձ համար ոչ մի տարբերություն չկա: Ես երկուսի փորձն էլ ունեմ եւ երկուսն էլ սիրով եմ կատարում: Ինձ համար կարեւորը կերպարի կենսագրական հարստությունն է. ի՞նչ պատճառներով է նա դարձել բացասական, ընդունելի՞ են արդյոք այդ պատճառները: - Քննադատներ ունե՞ս: Ինչպե՞ս ես դրան վերաբերվում: - Քննադատությանը նորմալ եմ վերաբերվում: Հատուկ` որպես իմ քննադատ չունեմ, բայց վերջերս լավ հնարավորություն ստեղծեց «Թատրոն X» փառատոնը: Ներկայացումից հետո քննարկումներ էին կազմակերպվում, որին մասնակցում էին դերասանները, քննադատողներն ու հանդիսատեսը, ինչը շատ հետաքրքիր էր: Ուրախ եմ առաջին հերթին քննադատների համար. վերջապես նրանք հնարավորություն ստացան գրելուց բացի նաեւ արտահայտվել... վերջապես նրանց համար էլ ասպարեզ ստեղծվեց :): Bridge - Ամենասիրելի դերասանդ: - Ամբողջ աշխարհում` Սոս Սարգսյան: Ոչ թե շեֆ-աշխատող հարաբերությունների համար, այլ նրա, որ Սոս Սարգսյանը մարդ է բառիս բուն իմաստով, մտածող, ում յուրաքանչյուր բառը կարելի է գրի առնել, նրա յուրաքանչյուր զրույցը կարող է լուրջ դասախոսություն լինել: Նա իմաստուն է: Բացի նրա իմաստուն խաղը, նաեւ նրա հանճարեղ մտքերը «ստիպել են»  ինձ գալ այն մտքին, որ Սոս Սարգսյանն աշխարհի լավագույն դերասանն է: Ես խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ նրա ստեղծագործությունները: Ուրախ եմ, որ նա դեռ գրասեղանի առջեւ գրում է, վերջերս էլ գիրք հրատարակեց... - Ընտանիքիցդ ի՞նչ կասես: - Ունեմ հրաշալի ծնողներ, երկու եղբայր, մեկ քույր, որոնց շատ սիրում եմ: Ունեմ նաեւ իմ ընտանիքը` կինս, տղաս, որոնց նույնպես շատ սիրում եմ ու հուսով եմ ` կշատանան:): Bridge Վարշամ Գեւորգյանն ունի իր սեփական բիզնեսը -Գիտեմ, որ ունես նաեւ սեփական բիզնես` «Բրիջ» ակումբը, ի՞նչ կասես այդ մասին: - Մայիսի 10-ին մենք նշեցինք «Բրիջ»-ի մեկ տարին: Սկսել եմ փոքր լումայի ներդրումով, բայց մեծ ռիսկով: Այս մեկ տարին ցույց տվեց , որ այդ ռիսկն արդարացվել է: Դիզայնը հենց այսպիսին է եղել, մենք ոչինչ չենք արել: Ակումբի հիմնական նպատակն է ստեղծել մշակութային մի վայր, որ այդ բնագավառի ներկայացուցիչները կարող են անցկացնել իրենց ժամանակը: Արել ենք ամեն ինչ, որ այն հարմար լինի ստեղծագործող մարդկանց եւ ժամային, եւ հանգստի առումով: Ակումբը բաց է մինչեւ վերջին հաճախորդը: Լինում են դեպքեր, երբ աշխատում ենք մինչ առավոտյան 8-ը կամ 9-ը: Երբեք չենք ասում` «գնացեք, մենք ակումբը փակում ենք». ստեղծագործող մարդիկ ավելի շատ գիշերային կյանքն են նախընտրում ու գիշերն են ակումբներ այցելում: - Իսկ սպասարկու՞մը: - Սպասարկումից ես գոհ եմ: Մատուցողները հատուկ համազգեստ չունեն: Ես ծիծաղելի եմ համարում այն, որ փողոցի վրա գտնվող բացօթյա սրճարաններում մատուցողները սեւ ու սպիտակ համազգեստ են հագնում... Մենք աշխատում ենք պահպանել հագուստի միատոն, ոչ խայտաբղետ գույնը: Կարծում եմ` մեր աշխատողներն էլ են գոհ ակումբից, քանի որ անգամ իրենց ազատ ժամանակը, հանգիստը նախընտրում են անցկացնել աշխատավայրում: :) Bridge -Ի՞նչ խոհանոց է «իշխում» «Բրիջ»-ում: - Շատերն են փորձում պարզել` «Բրիջ»-ը բար է, ակումբ, թե ռեստորան: Մեր խոհանոցը,  այսպես ասած, դասավորված խառնաշփոթի մեջ է. ունենք եւ եվրոպական խոհանոց, ինչն ամեն տեղ կա, եւ թաիլանդական խոհանոց: Շատերը, լսելով վերջինիս մասին, մի պահ «վախենում» են` մտածելով, որ դա այն մթերքներից է պատրաստված, որ մեզ համար չսիրված, անընդունելի է, բայց թաիլանդականի լավն այն է, որ յուրաքանչյուր ճաշատեսակ պատվիրելիս ինքդ ես ընտրում միսը` հավ, ձուկ կամ տավար, որն էլ համեմվում է ըստ ճաշակի կծվությամբ ու մատուցվում համապատասխան բաղադրիչներով: - Կա՞ մի ճաշատեսակ, որն ամենից շատ է պատվիրվում: - Շատ է պատվիրվում սթեյքը, ինչի համար ես շատ ուրախ եմ. գուրմանները ռեստորանը փորձելու համար փորձում են սթեյք, եթե այն լավ է պատրաստված, ապա ռեստորանը լավն է: Bridge - Իսկ ովքե՞ր են «Բրիջ»-ի այցելուները: - Գալիս են շատ տարբեր մարդիկ` դերասաններ, երգիչ-երգչուհիներ ու այդ ամենի հետ բնավ կապ չունեցողներ, ովքեր առաջին հայացքից թվում են շատ վախենալու: Դա սեւ մասսա ասվածն է, որի համար արտակարգ հաճելի է նստել հայտնի մարդկանց հարեւանությամբ, բայց, գիտակցելով, որ դա կարող է լինել իրենց վերջին այցելությունը, իրենց պատշաճ են պահում: - Ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվում ձեզ մոտ: - Տարբեր:Կարող են լինել տարբեր ոճի երաժշտության համերգներ, փարթիներ, տեսահոլովակների կամ երգերի լսում-դիտումներ եւ այլն: Շատ են լինում հաճախորդների անձնական միջոցառումները... Նաեւ մենք ենք աջակցում տարբեր մշակութային միջոցառումների ու միշտ բաց ենք համագործակցության համար: Այսօր մեզ մոտ պետք է ընթրի «Ոսկե ծիրան»-ի  պատվիրակությունը: :) Bridge -Առաջիկայում ի՞նչ փոփոխություններ կլինեն ակումբում: - Յուրաքանչյուր կես տարին մեկ մենք որեւէ փոփոխություն ենք կատարում: Վերջերս տեղադրեցինք հեռուստացույցներ, որպեսզի մեր այցելուները հնարավորություն ստանան ակումբում դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Հետագայում ծրագրում ենք բարի մեծ «ստոյկա», հայերեն` կանգնակ:): - «Բրիջ»-ը բիզնեսում քո առաջին փորձն էր, որն, ինչպես ասում ես, հաջողությամբ է պսակվել: Ո՞րն է քեզ համար առաջնայինը`դերասանական կարիերան,  թե՞ բիզնեսը: - Ինչքան էլ շատ սիրեմ «Բրիջը», որքան էլ այն ինձ հարազատ լինի, միեւնույն է, առաջնայինը ինձ համար թատրոնն է, իմ դերասանական կարիերան... Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW