×


“Օֆելյայի ստվերների թատրոնը”

“Օֆելյայի ստվերների թատրոնը”

Գերմանական փառատոնը, հոտնկայս ծափահարություններն ու հայկական լավաշը:) “Օֆելյայի ստվերների թատրոնը” ներկայացումը Գեղագիտության ազգային կենտրոնի “Փոքր թատրոնի” երեւի թե ամենից շատ “աշխարհ տեսած” բեմադրությունն է: :) Այն հասցրել է մասնակցել միջազգային մի քանի թատերական փառատոնների, վերջերս էլ Հայաստան է վերադարձել հերթական փառատոնից: Հայ մասնակիցներն իրենց այտերը ներկել էին հայկական եռագույնով Հունիսի 18-25-ը Գերմանիայի Լինգեն քաղաքում տեղի է ունեցել մանկական թատրոնների համաշխարհային փառատոնը: Այս տարի մասնակցել են 19 երկրների թատերախմբեր տարբեր երկրներից` Արգենտինայից, Բելգիայից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Չեխիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ճապոնիայից, Կոլումբիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Զիմբաբվեից, նաեւ Հայաստանից: :) Vahan Badalyan Փառատոնին մասնակցել է “Փոքր թատրոնի” գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի բեմադրած` “Օֆելյայի ստվերների թատրոնը”: Ռեժիսորի խոսքով, իրենց ներկայացումը լավ ընդունելության է արժանացել. “Հանդիսատեսը մոտ 15 րոպե հոտնկայս ծափահարում էր մեզ, իսկ ներկայացումներին հաջորդած ռեժիսորների ֆորումի ժամանակ մեր ներկայացումն էլ քննարկվեց, լավ գնահատանքի արժանացան երեխաների պրոֆեսիոնալիզմը, ներկայացման գեղարվեստական արժեքն ու թեման”: Հայաստանի ու Արգենտինայի մասնակիցները “Փոքր թատրոնը” Հայաստանից տարված լավաշ, թելով պանիր, թթու լավաշ, քաղցր սուջուխ ու չիր է հյուրասիրել այլազգի մասնակիցներին :). “Փառատոնն ուղղակի հրաշալի էր կազմակերպված: Այն սկսվեց շքեղ շքերթով, ուր մասնակից երկրների երեխաներն իրենց ազգային տարազներով, բեմական կոստյումներով, գունեղ շորերով փառատոնի բացումն արեցին: Թատրոնի շենքի դիմաց մեծ այգի կար, որը կոչել էին “Երազանքների այգի”: Այդ այգում երեխաների համար կազմակերպում էին կարաոկե, դիսկոտեկ, համերգներ, նաեւ տարատեսակ զվարճալի ատրիակցիոններ, կարուսելներ ու վրաններ կային, հենց վրաններում էլ յուրաքանչյուր երկիր իր ազգի տաղավարն էր ներկայացնում: Մենք մեզ բնորոշ ուտեստներ էինք տարել ու փոքրիկ համտես կազմակերպեցինք: Իտալացիները, օրինակ, տեղում սպագետտի էին պատրաստում ու հյուրասիրում տարբեր սոուսներով :)”,- պատմեց Վահան Բադալյանը: Փառատոնը սկսվել է շքեղ շքերթով Փառատոնի սկզբունքներից մեկն այն էր, որ մասնակից  երեխաները բնակվում էին գերմանական ընտանիքներում`ծանոթանալով նրանց կենցաղին ու սովորույթներին: «Ամեն ընտանիքում բնակվող երկու երեխային էքսկուրսիաների էին տանում, քաղաքին ծանոթացնում: Կարծում եմ` այս ձեւը երեխաների համար նորություն ու մեծ փորձառություն էր: Այդպես, Գերմանիան իր վրա էր վերցրել կեցության ծախսերը, իսկ ճանապարհածախսը հոգալու հարցում մեզ օգնել էր ՀՀ մշակույթի նախարարությունը”, - ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Հայ դերասանուհիները փառատոնի խորհրդանիշի հետ “Օֆելյայի ստվերների թատրոնը” մի պատմություն է լուծարված թատրոնի անգործ հուշարարուհու մասին, որին հյուր են գալիս նախկին ներկայացումների հերոսների ստվերներն ու ուրվականները: Նրանց հետ միասին Օֆելյան սկսում է ներկայացումներ խաղալ, որոնք մեծ հաջողություն են ունենում, նույնիսկ հավաքված գումարով ավտոմեքենա է գնում: Մի անգամ էլ իր ստվերների հետ գնում է ուրիշ քաղաք ներկայացումը խաղալու, ճանապարհին փոթորիկ է սկսվում, ու մահվան ստվերն է հայտնվում: Ներկայացումն ավարտվում է խորհրդանշական տողերով . “Նույնիսկ Աստված պապիկը գալիս է այդ ներկայացումները դիտելու, չնայած ոչ ոք այդ լուրը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել”: Գերմանական փառատոնի ժամանակ լեզվական խնդիրները հարթելու համար հայկական բեմականացման երկխոսությունները եղել են հայերեն, իսկ պատմողական հատվածները` գերմաներեն: “Օֆելյայի ստվերների թատրոնը” ներկայացումը Ներկայացման գլխավոր հերոսուհի Օֆելյային մարմնավորող Գայանե Բաբայանը նշեց, որ այլազգի հանդիսատեսն ընկալել է ներկայացումը. “Մեծ ոգեւորությամբ ու ջերմ ընդունելությամբ մեզ դիմավորեցին: Շատ լավ կազմակերպված փառատոն էր, ամեն ինչ գերմանական ճշտապահությամբ ու գրաֆիկին համապատասխան էր: Երեխաների համար իսկական տոն էին կազմակերպել:): Չնայած ես հայերեն էի խոսում, բայց հասկանալի էր տեսարանների ու դեպքերի հաջորդականությունը: Հեքիաթը տարիքային սահման չունի, որովհետեւ յուրաքանչյուր մեծահասակ ցանկանում է ապրել այդ լուսավոր հեքիաթային աշխարհում”,- ասաց 20-ամյա ապագա արվեստաբանն ու նշեց, որ ամենաշատը հավանել է Ճապոնիայի պարային ու մյուզիքլային ներկայացումը: Ծեր հուշարարուհուն այցի էին գալիս հերոսների ստվերները “World Festival of Children’s Theatre” անվանումով փառատոնն անց է կացվում երկու տարին մեկ անգամ: Այն հիմնադրվել է գերմանական Լինգեն քաղաքում, բայց շրջում է տարբեր երկրներով: 2012 թվին այն տեղի կունենա Ավստրալիայում: Ի դեպ, յուրաքանչյուր երկիր փառատոնին ինչ-որ հուշանվեր է տանում որպես հիշատակ. “Մենք սպիտակ ծառ էինք տարել, որի տերեւները մասնակից երկրների դրոշների գույնով էինք ներկել: Բոլորը մակագրություն էին թողնում, իրենց տպավորություններն էին գրում, վերջում այնքան շատ բարեւներ, մաղթանքներ էին գրել, որ սպիտակը չէր երեւում”,- ասաց Վահան Բադալյանը: “Փոքր թատրոն”-ը “Օֆելյայի ստվերների թատրոնը” ներկայացումը բեմադրվել է գերմանացի հեքիաթագիր Միխայիլ Էնդեի համանուն հեքիաթի հիման վրա, որի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվին: Այս ներկայացումը միջազգային թատերական փառատոնների փորձ ունի. մասնակցել է Մոսկվայի “Դիմակ պլյուս” արտամրցութային ծրագրին, Գերմանիայի Ռուդոլշտադտ քաղաքում կայացած մանկապատանեկան թատրոնների միջազգային փառատոնին եւ Ավստրիայի երիտասարդական թատերական փառատոնին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները տրամադրել է Վահան Բադալյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW