×


“Կինոաշուն”

“Կինոաշուն”

Հայկական կինոյի հոկտեմբերը սկսվեց:) “Բարեւ, ես եմ, ես` քո հայ կինոն, նորից եկա”: Հոկտեմբերի 11-ին հայկական կինոն իր մասին հիշեցրեց` խոստանալով ամեն տարի հոկտեմբերին մայրաքաղաքում եւ մարզերում անցկացնել ազգային կինոյի բազմաժանր ցուցադրություններ: Արտավազդ Փելեշյանի “Մենք” ֆիլմով երեկ “Մոսկվա” կինոթատրոնում մեկնարկեց “Կինոաշուն” ամենամյա ազգային կինոյի ամիս ծրագիրը: Հին ու նոր, մոռացված, վերականգնված եւ թվայնացված հայկական ֆիլմերի այս տարվա ընտրանին հասցրեք վայելել մինչեւ նոյեմբերի 10-ը: “Կինոաշուն” “Իսկապես հայկական կինոն չկար, որովհետեւ Խորհրդային Միության քանդվելուց հետո կինոյի միայն մեկ տոկոսը պահպանվեց: Չնայած ֆիլմարտադրությունն ինչ-որ չափով շարունակվեց, այսօր էլ կա, բայց կինոն հանդիսատեսին չի հասնում: Սա մեր մոռացված կինոն հայ հանդիսատեսին հետ վերադարձնելու առաջին քայլն է: Ժամանակին կինոն մեր ժողովրդի հարստությունն էր, այսօր մենք նրանց զրկել ենք այդ հաճույքից: Մեր խնդիրն է հնարավորություն ընձեռել նորից հարաբերվել հայկական կինոյի անցյալի եւ  այսօրվա նմուշների հետ”,- ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: “Կինոաշուն”-ի նախաձեռնողը ֆիլմերի ընտրությունից էլ խոսեց. “Ծրագիրը բազմաժանր է. հարյուրից ավել հայկական ֆիլմեր ենք ներկայացնելու: Իհարկե, դաժան աշխատանք էր, որովհետեւ ոչ բոլոր ֆիլմերը կային: Իսկ սա առիթ է ունենալ նաեւ այն հին ֆիլմերը, որոնք ժամանակին մոռացվել են:  Դրանց պատճենները նույնիսկ թվային կրիչներով չկան, մենք բոլորը վերականգնում ենք”: Gevorg Gevorgyan & Hasmik Poghosyan “Ավանդույթ է ամրագրվում”. Հասմիկ Պողոսյան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ է ոգեւորված նախաձեռնությամբ. “Մեր քաղաքում թատերական, երաժշտական, գեղարվեստի, ցանկացած ձեւի աշուն է լինում, բայց “Կինոաշուն” չունեինք: Այսօր ավանդույթ է ամրագրվում. այսուհետ կիմանանք, որ աշնանը անպայման հաղորդակցվելու ենք կինո կոչվող երեւույթի հետ, որը, ըստ էության, ցանկացած ժողովրդի պատմությունն է, հիշողությունը, նաեւ` ապագան”: Հայկական կինոյում իր ավանդն ունի հայ կոմպոզիտորական դպրոցը` սկսած Արամ Խաչատրյանից: Կինոյի համար գրված երաժշտությունները հաճախ ապրում են նաեւ կինոյից դուրս: Կինոյում մեծ ավանդ ունեցող կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը ներկա էր “Կինոաշուն”-ի բացման հանդիսավոր արարողությանը: Մաեստրոն հայկական ֆիլմերի երաժշտություններից հատվածներ նվագեց, հիշողություններով կիսվեց:): Հայկական կինոյի հոկտեմբերը սկսվեց:) “Սերը կվերականգնվի”. Ալբերտ Մկրտչյան Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, ով Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավարն է, համոզված է` կինոյի հետ կապված ու առհասարակ ամեն ինչ լավ է լինելու:): “Երբ սովետը փլվեց, մի կինովանդալիզմ սկսվեց Հայաստանում. սեփականաշնորհվեցին բոլոր կինոթատրոնները… Գյումրիում պատանիները երկու բան չեն տեսել` մեկը կինո, մյուսը` գնացք: Այս “Կինոաշուն”-ը մեծ թափ կստանա, կամաց-կամաց նորից կվերականգնվի մեր ժողովրդի սերը դեպի կինոն: Շնորհավորում եմ, գնահատում եմ նախաձեռնությունը, կեցցեն”,- ասաց Մհեր Մկրտչյանի եղբայրը: Albert Mkrtchyan “Ինչը շատ ես տալիս, դառնում է սիրելի”. Արա Գեւորգյան Արա Գեւորգյանն էլ նշում է` մեր կինոն, մեր արժեքները աչքաթող անել չի կարելի: “Մշակութային բավական մեծ ժառանգություն ունենք, որոնց հետ առնչություն չունեն այսօրվա երիտասարդները: Չգիտեն, չեն ճանաչում, հետեւաբար տարվում են օտար մշակույթով: Պետք է մենք մեր լավը ցուցադրենք, իրենք այդ լավը տեսնեն եւ հասկանան` որն է վատը”,- ասաց երաժիշտն ու հավելեց. “Հրաշալի նախաձեռնություն է “Կինոաշունը”: “Մենք” ֆիլմը հենց սկսվեց, ես սկսեցի կադր-կադր պատմել` ինչից հետո ինչն է գալիս: Թող մեր երիտասարդները տեսնեն, հետո էլ իմանան այսօրվա կինոյի դատարկ լինելը: DVD-ներով ունեմ այս ֆիլմերը, երեխաներս մեր ազգային արժեքների հետ անմիջապես ծանոթանում են` նաեւ զոռով ու պնդմամբ: Օրինակ` Արամ Խաչատրյանի գործերը անգիր գիտեն. ես իրենց դա լսել եմ տալիս ավտոմեքենայի մեջ, երբ տեղ ենք գնում ու փախչելու հնար չունեն, ստիպված պետք է լսեն: Ես գիտեմ` ինչը շատ ես տալիս, դառնում է սիրելի”: Ara Gevorgyan “Հայերը կպահանջեն”. Նարինե Թուխիկյան Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը արդեն գիտի` այս մի ամսվա ընթացքում երեկոները ինչպես է անցկացնելու:). “Սովորաբար մենք չենք կարողանում մերը գնահատել, ավելի ճիշտ` տեղ տալ: Հիմա ոնց որ թե ճանապարհը բացվեց, մեծ հույսեր եմ կապում “Կինոաշնան” հետ: Հասարակությանը այնքան արհեստական բաներ են տվել, որ մոլորված է: Բայց սա դարձի ծրագիր է. կամաց-կամաց հայերը իրենք կպահանջեն նման նախաձեռնություններ իրականացնել”: “Կինոաշուն 2010”-ի մանրամասներին, ցուցադրվող ֆիլմերի ցանկին ծանոթացեք թեմային առնչվող մեր նախորդ հրապարակումներում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին