×


“Մոլագարը”

“Մոլագարը”

Մանյակ-երկրպագուի սերը Թատերական նոր ներկայացումներով հետաքրքրվողներ, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկում  նոր ներկայացում կա` “Մոլագարը” տրագիկոմեդիան: “Մոլագարը” Պիեսի հեղինակը հայկական  կինոյի վարպետներից մեկի՝  ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանի դուստրն է` Հաննա Սլուցկին (Գայանե Տեր-Հովհաննիսյան): Տրագիկոմեդիայի հիմքում ամուսնական զույգն է եւ կնոջ երկրպագուն, որը հոգեբանական խնդիրներ ունի: Ամուսինը հայտնի բեմադրիչ է,  կինը` դրամատուրգ: Նրանք շրջապատված են թատերական էլիտայով, շքեղ կյանքով, աղմկոտ երեկույթներով: Ամուսիններին թվում է` ամեն ինչ հրաշալի է, բայց նրանց կյանքը վերածվում է իսկական քաոսի, երբ հյուրախաղերից մեկի ժամանակ հյուրանոցի պատուհանից նրանց սենյակում է հայտնվում կնոջ երկրպագուն` մոլագարը: Հանգամանքների բերումով միանգամից պարզվում է ողջ ճշմարտությունը. կնոջը 10 տարի հետապնդող մոլագարը հարուստ բիզնեսմեն է, ում շնորհիվ էլ ամուսինները հասել են հաջողությունների: Մոլագարը նաեւ այդ կնոջ թոռան հայրն է եւ ամուսնու որդին: Գործողությունները տեղի են ունենում հյուրանոցում: Tatev Melkonyan Ժամանակակից մելոդրաման 2 գործողությամբ է: Այն բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, երկրորդ ռեժիսորը դերասան Երվանդ Ենգիբարյանն է: Գլխավոր դերերում հանդես են գալիս Տաթեւ Մելքոնյանը, Արման Ղազարյանը եւ Դավիթ Սեխպեյանը: Մոլագարին մարմնավորած երիտասարդ դերասան Դավիթ Սեխպեյանը մոտ երկու տարի աշխատում է այս թատրոնում, վերջերս նաեւ նկարահանվում է “Դժվար ապրուստ” հեռուստասերիալում: “Իմ առաջին լեզուն ռուսերենը չէ, բայց լեզվին տիրապետելն օգնեց, որ հաստատվեմ ռուսական թատրոնում, որովհետեւ սիրում եմ հոգեբանական թատրոն ասվածը: Ընդամենը 3 հոգի 2 ժամից ավել հանդիսատեսին պահում է դահլիճում` միայն խոսելով”,- ասաց նա: Դերասանի խոսքերով,  մոլագարն իր բացասական կողմերն ունի, թեեւ հանդիսատեսն ընդունում ու սիրում է նրան, եւ  նրան չի կարելի համարել դրական կամ բացասական կերպար: “Սերիալում նույն Նոյին վատ մարդ են համարում, կարող է մի քիչ խախտված է նյարդային համակարգը, բայց ինքն էլ մարդ է, կորուստներ ունի: Սերիալի կերպարս հավանում եմ, կարծում եմ` ոչ մի նմանություն չկա մոլագարի կերպարի հետ. այնքանով են նման, որ երկուսն էլ մարդ են: Երբ կերպարդ “բզիկներ” եւ բնավորություն ունի, ինչը մարդուն մարդ է դարձնում, այդ դեպքում աշխատելու տեղ ունես: Եթե դերը հեշտ ես խաղացել,  ուրեմն սխալ ես խաղացել, քեզ չես քրքրել”, - նշեց Դավիթն ու ավելացրեց, որ մոլագարի կերպարն իր բարդությունն ունի. “Մանյակի գերսերը դժվար է ընկալել, ուղղակի պետք է երեւակայել, որ մարդն այդպես կարող է սիրել, որ արդարացնես հերոսիդ:)”: Davit Sekhperyan Ի դեպ, մոլագարի կերպարը բեմադրիչը վստահել է երկու դերասանների. Դավիթ Սեխպեյանը եւ “Թիվ հինգ” խմբից Մանվել Խաչատրյանը  խաղում են հերթափոխով: “Ռեժիսորն այդ դերի համար միանգամից երկուսիս է տեսել: Ամեն ներկայացմանը մեկն է խաղում, փորձերն էլ հերթափոխով էր, կողքից նայում էինք մյուսի խաղը, համեմատում. հետաքրքիր պրոցես էր”, - ասաց Դավիթը: Տաթեւ Մելքոնյանը որոշակի դադարից հետո վերադարձել է Ստանիսլավսկու անվան թատրոն, որտեղ 5 տարի աշխատել էր: Նա զուգահեռ աշխատում է նաեւ Տիկնիկային թատրոնում: Տաթեւի հերոսները հայախոս ու ռուսախոս են, նշում է, որ ավելի հեշտությամբ անգիր է սովորում  ռուսերեն դերերը: Իր կերպարի մասին խոսելով` դերասանուհին  ընդգծեց, որ չի վախենում իր տարիքից ավելի մեծ երեւալուց. “Սխալ է տարիք խաղալը, որովհետեւ միշտ կեղծ է ստացվում: Ինքս փորձում եմ մտնել այդ տարիքի կնոջ հոգեվիճակի մեջ”: Նրա կարծիքով` ինչ-որ չափով հաճելի է, որ քեզ սիրող, քո կյանքով ապրող մարդ կա. “Բայց այդ տեսակի մանյակություն ու ֆանատիզմ ոչ մի պարագայում չեմ ընդունում”: Դերասանուհին նաեւ չի խուսափում բաց տեսարաններից, նշում է` եթե դերասանուհի է, պետք է պատրաստ լինի դրան. “Ինձ համար աբսուրդ է, որ նման բարդույթներով դերասան են դառնում: Այլ հարց է, որ պետք է գիտակցես, թե ինչի համար է բաց տեսարանը: Եթե բացում են ոտքերը, որ ասեն, թե ինչ գեղեցիկ ոտքեր ունի դերասանուհին, ծիծաղելի է, բայց, եթե իրավիճակին անհրաժեշտ է, նաեւ վուլգար չէ, ուրեմն նորմալ է: Ես նման խնդիրներ չունեմ:)”: “Մոլագարը” Արման Ղազարյանի կերպարը անուն չունի, դերասանը կարծում է` հավաքական մարդու կերպար է, անուն ունենալը` երկրորդական: Թատրոնին զուգահեռ նա եւս նկարահանվում է սերիալներում, նշում է` իրեն հարազատ են եւ թատրոնը, եւ սերիալները. “Ինձ համար կապ չունի` որտեղ եմ խաղում, ավելի կարեւոր է դերը: Բացասական հերոսներին մարմնավորելն ավելի դժվար է, բայց` հետաքրքիր: Որոշ մարդիկ չեն հասկանում, որ դու դերի մեջ ես, ինքդ քեզ չես խաղում, բայց լավ է, որ միայն որոշ մարդիկ են այդպես ընկալում:): Թղթի վրա գրված կերպարին պետք է կարողանաս բարձրացնել բեմ: Ցանկացած դերասան իր կողմից “բնավորություն” է  ավելացնում”: Ի դեպ, նույն պիեսը բեմադրվել է նաեւ Մոսկվայում: Հայ դերասանները միայն համացանցով են դիտել այն: “Ռուս դերասանները տարիքով ավելի մեծ են. 70 տարեկան` ամուսինը, 40-45 տարեկան` մանյակը: Ալեքսանդր Գրիգորյանը մեծ տեղ է տալիս երիտասարդներին, մեր կազմում ավելի երիտասարդ դերասաններ են: Հանդիսատեսը կգնահատի, թե ինչքանով ենք կարողացել մարմնավորել կերպարներին:)”, - ասաց Դավիթ Սեխպեյանը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW