×


“The Beautified Project”

“The Beautified Project”

Ռոք-բենդը համերգներ է տալիս Լոնդոնում Հունվարին կայացած երեւանյան մենահամերգից հետո “The Beautified Project” ռոք-բենդը մեկնեց Անգլիա` համերգների: Արդեն մոտ 2 ամիս է, ինչ տղաները այստեղ չեն: Խմբին կարոտած երկրպագուների համար ներկայացնում ենք “The Beautified”-ի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանի հետ հարցազրույցը, որ իրականացրել ենք Լոնդոն-Երեւան “օնլայն-կամուրջ” տարբերակով :): “The Beautified Project” - Ինչպե՞ս ստացվեց, որ մեկնեցիք Անգլիա: -Երկու տարի է` հրավերներ էինք ստանում Անգլիայից, սակայն ուզում էինք ձայնագրված երկու ալբոմ ունենալ, հետո նոր համերգներով հանդես գալ: Արդեն պատրաստ էինք: Որոշվեց, որ երեք համերգ ենք ունենալու Լոնդոնում. երկուսը` անգլիացի հանդիսատեսի համար, եւ մեկը` Լոնդոնի ամենամեծ հայկական եկեղեցում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: - Ո՞վ է հրավիրել ձեզ` Անգլիայում համերգներով հանդես գալու: - Մենք աշխատում ենք տարբեր կազմակերպիչների հետ, բայց  այս համերգները հիմնականում իրականացան “BBC” հեռուստաալիքի եւ “ACCC” հայկական կազմակերպության շնորհիվ: -Խումբն ի՞նչ կազմով է մեկնել Անգլիա: - Ինչպես գիտեք, մեր խումբն ունի երեք հիմնական անդամ` վոկալիստ Անդրե Սիմոնյան, ստեղնաշարային գործիքներ նվագող եւ կիթառահար Արմեն ու Առլեն Շահվերդյաններ: Այստեղ մեզ հետ աշխատեցին բրազիլացի բաս-կիթառահար Ֆելիպե Նեւեսը եւ անգլիացի հարվածային գործիքներ նվագող Օլիվեր Հիփքինսը: “The Beautified Project”, Oliver Hipkins and Felipe Neves -Անդրե, եթե չեմ սխալվում, 11 տարի Անգլիայում եք ապրել: Լոնդոնում որտե՞ղ եք մնում: -Անգլիայում բավական հեշտ ստացվեց համերգներով ներկայանալ, եւ պատճառներից մեկը հենց անցյալում իմ` այստեղ բնակվելն էր: Ես 10-ից ավել տարի ապրել եմ Լոնդոնում, որից 8 տարին նվիրել եմ անգլիական երաժշտական կյանքին. աշխատել եմ շոու-բիզնեսի ոլորտում: Իմ ամբողջ ընտանիքը այստեղ է ապրում, եւ դա բավական հեշտացնում է մեր ապրելակերպը այստեղ:): - Ապրիլի 10-ին  Լոնդոնի  “Bush Hall” համերգասրահում տեղի ունեցավ ձեր համերգը: Ինչպե՞ս անցավ: -“Bush Hall”-ը Լոնդոնի հայտնի համերգասրահներից մեկն է: Այստեղ ելույթ են ունեցել շատ հայտնի դեմքեր` երգչուհիներ Dido-ն , Amy Whinehouse-ը, “R.E.M” խումբը եւ այլք: Այն 500 մարդ է տեղավորում: Ճիշտն ասած, մի փոքր մտավախություն ունեինք` արդյոք մեզ կհաջողվի  այս սրահի մասշտաբներով հանդիսատես ունենալ: Մեր բախտը շատ է բերել, եւ մեր հովանավորները կարողացան ճիշտ գովազդ ապահովել: Կարծում եմ` մեր համերգը ամենից լավ կերպով կայացավ: “The Beautified Project” - Ասացիք` համերգը անգլիացիների համար էր: Ինչպե՞ս ընդունեց ձեզ հանդիսատեսը: -Այո, հանդիսատեսի մեծ մասն անգլիացիներ էին, բայց նաեւ շատ հայեր կային. եկել էին մեզ աջակցելու: Ինձ համար ամենատպավորիչ ու հուզիչ դեպքն այն էր, որ մի աղջիկ Փարիզից մեկ օրով հատուկ ժամանել էր Լոնդոն մեր համերգին ներկա գտնվելու համար: Ես շատ զարմացած էի, որ մարդիկ գիտեին մեր երգերը, իսկ անծանոթ, նոր երգերը ջերմ ընդունեցին: Մեզ համար հաջողության չափանիշը մեկն էր` համերգից հետո վաճառված ձայնասկավառակների քանակը: -Հաջորդ երկու համերգները ե՞րբ են: -Հաջորդ համերգը ապրիլի 16-ին է` Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում, որը համարյա 1000 մարդ է տեղավորում: Իսկ հաջորդ օրը ելույթ կունենանք Լոնդոնի կենտրոնում գտնվող “12 Bar Club”-ում: Ի դեպ, այդ շենքը կառուցվել է 1600 թվականին: Դրական ակնկալիքներ ունենք: - Եղե՞լ են հետաքրքիր համագործակցություններ: Միգուցե հետաքրքիր պայմանագիր ունե՞ք: - Մի խմբի հետ դուետով հանդես գալու պայմանագիր ունենք, որի կետերից մեկի համաձայն` մինչեւ երգի ձայնագրման գործընթացը չավարտվի, չենք կարող անունը բարձրաձայնել: Բայց հատուկ Bravօ.am-ի համար մի քանի չակերտ կբացեմ:): Խումբը հանդես է գալիս նույն մեր ոճում եւ ունի 4 ձայնասկավառակ: Նրանք աշխարհահռչակ խումբ չեն, բայց նրանց մասին բոլորն էլ գիտեն: Ի դեպ, Հայաստանում եւս նրանք երկրպագուների մեծ բանակ ունեն: Andre Simonyan, Armen and Arlen Shahverdyans - Գիտեմ, որ ձեր համերգների ընթացքում ֆիլմ է նկարահանվում “BBC”  հեռուստաալիքի կողմից: Կպատմե՞ք այդ մասին: -“BBC” անգլիական հեռուստաընկերությունը միջազգային մի քանի մասնաճյուղ ունի: Իրանական բաժնի աշխատողները կապ հաստատեցին ինձ հետ եւ ասացին, որ հետաքրքրված են մեր խմբի անցած ստեղծագործական ճանապարհով, քանի որ խմբից երեքս էլ Իրանում ենք ծնվել, բայց “The Beautified Project”-ը Անգլիայում է ստեղծվել: - Իսկ ե՞րբ կցուցադրվի ֆիլմը: -Հստակ ժամկետներ չգիտեմ: Կարծում եմ` երկու ամսվա ընթացքում: Խոստանում եմ, որ YouTube կայքում կտեղադրեմ այդ ֆիլմ :): -Պատմեցիք, որ երեք համերգներից մեկը նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային: Ի՞նչ գործունեություն եք ծավալում: Դա մեր պարտականությունն է , որպես հայկական խումբ, որքան հնարավոր է աշխարհի ուշադրությունը սեւեռել այս լուրջ խնդրի լուծմանը: Մենք հրավիրված էինք հանդիպելու անգլիական պառլամենտի անդամ Ստեֆան Պունդինի եւ պատգամավորներ Ջուլիեն Բելի ու Արա Իսկանդարյանի հետ: Այդ երեք անձնավորությանը հաջողվել է ընդունել Հայոց ցեղասպանությունը Լոնդոնի Իլինգ թաղամասում: “Bush Hall”-ում տեղի ունեցած համերգի ընթացքում մեր “All Alone” երգը նվիրեցինք Արշիլ Գորկու հիշատակին: Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, բայց որպես հայ չեմ կարող անտարբեր լինել: “The Beautified Project”, Ara Iskandaryan and Julian-Bell -Իսկ վերոհիշյալ քաղաքական գործիչները եկա՞ն ձեր համերգին: -Արա Իսկանդարյանը ներկա էր մեր համերգին: Արդեն 5 տարի է` կապի մեջ է խմբի հետ: Շատ սիրում ու հարգում ենք նրան որպես մարդ, ով կարողացել է Հայոց ցեղասպանության հարցը առաջ տանել մինչեւ պառլամենտ: -Այս երկու ամիսների ընթացքում ի՞նչ հիշվող, հետաքրքիր բան է պատահել ձեզ հետ:): -Ամենից զվարճալին այն էր, որ մեկ անգամ տեսանք մի խանութ, որը փակ էր, բայց սկսեցինք ցուցափեղկից շարված կիթառներն ուսումնասիրել: Հանկարծ մեզ մոտեցան 4 հարբած տղա եւ հարցրին` արդյոք մենք ռոք-երաժիշտներ ենք: Մենք պատասխանեցինք, նրանք էլ ասացին, որ կես ժամից համերգ ունեն հարեւան ակումբներից մեկում, բայց չունեն երկրպագուներ, ու խնդրեցին, որ գնանք ու քաջալերենք իրենց: Մենք համաձայնեցինք: Երեք ֆունտ վճարեցինք մուտքի համար:): Պարզվեց, որ շատ լավ խումբ էր, բայց, իրոք, երկրպագու չկար: Վերջում շնորհակալություն հայտնեցին մեզ ու խոստովանեցին, որ չէին հավատում, որ կգնանք:): -Երեւում է` հավես է անցնում ձեր ճանապարհորդությունը:): -Ընդհանրապես Արմենի ու Առլենի հետ շատ հաճելի եւ ուրախ է ճանապարհորդել: Բայց մի շատ լուրջ խնդիր ունենք:). ես եւ Արմենը ուզում ենք համտեսել տարբեր խոհանոցների ուտեստներ, իսկ Առլենը հետաքրքրված է միայն համբուրգերներով:): Բայց դե մենք էլ Առլենի պատճառով համեղ համբուրգերներ ենք համտեսում: Հարցազրույցը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` The Beautified Project-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport