''Երաժշտության միջոցով ոգեկոչում ենք մեր նահատակներին'' Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու հրամանագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է այս տարվա ապրիլի 23-ին: Մշակույթի նախարարությունը, “Փյունիկ’’ մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացնում են 100 համերգից բաղկացած համերգաշար` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգներից առաջինը կայացել է նոյեմբերի 30-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում: Ելույթ են ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ “Յունիսեֆ’’ մանկական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Հանդես են եկել նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ եւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբերի փողային կազմը, ինչպես նաեւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի, Մուշեղ Աղայանի, Մորիս Ռավելի, Պյոտոր Իլիչ Չայկովսկու, Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի եւ ուրիշների ստեղծագործությունները: 100 համերգի շրջանակներում իրենց մասնակցությունն են ունենալու ոչ միայն հայ, այլ նաեւ այլազգի հայտնի կատարողներ: Համերգները կայանալու են ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր քաղաքներում, լինելու են անվճար ու հասանելի բոլորին: Համերգաշարի նպատակն է ցույց տալ, որ 100 տարի անց Հայաստանը պինդ հիմքերի վրա է կանգնած եւ ունի այն ներուժը, որի շնորհիվ շարունակում է ապրել, ստեղծագործել ու զարգանալ: “Մենք փորձում ենք հասանելի դարձնել մեր ցավը աշխարհի բոլոր երկրների համար: Կրկին հիշեցնում ու ահազանգում ենք, որ Ցեղասպանությունը եղել է եւ դրա պատասխանատվությունը չի վերացել նույնիսկ հարյուր տարի անց’’,- ասել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւս կարեւորել է այս առիթով համերգների անցկացումը. “Երաժշտության լեզուն ունիվերսալ է: Այն չունի քաղաքական ենթատեքստ, եւ այս համերգների շարքը կոչված է մի քանի ուղերձ ներկայացնել ամբողջ աշխարհին, մասնավորապես` Ցեղասպանությունը չճանաչող երկրներին: Երաժշտության միջոցով մենք ոգեկոչում ենք մեր նահատակներին: Մեծ Եղեռնը վերապրածների չորրորդ եւ հինգերորդ սերունդների ներկայացուցիչները արդեն իրենք են ներկայացնում իրենց երաժշտությունը”: Համերգների շարքը կընթանա մինչեւ 2015 թվականը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: