«Միակ ժամանակահատվածը, երբ ավելորդ քաշ չեմ ունեցել, իմ ծնվելիս է եղել. 3,9 կգ քաշով եմ ծնվել։ Մյուս անգամը, երբ կշռվել եմ, 80 կգ էի, հետո՝ ավելի ու ավելի շատ»,- կեսկատակ պատմել է դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանը «Սրտի տանիքներով» հաղորդման ընթացքում։ Քնարիկ Զաքարյանի հետ զրույցում նա անկեղծ խոսել է ավելորդ քաշի, նիհարելու, սիրո եւ Թամարա Պետրոսյանի հետ հարաբերությունների մասին։
«Հիմա, որ նայում եմ այդ հին լուսանկարները, վիդեոները, կարծես կորած եղբայրս լինի (ծիծաղում է,- հեղ․)։ Նայում եմ, չեմ հասկանում՝ ով է։ Իրականում ավելորդ քաշն ինձ օգնել է կյանքում, չի խանգարել։ Օրինակ՝ դպրոցում ինձ, երեւի, սիրում էին, չեմ հիշում՝ վիրավորված լինեմ ինչ-որ մեկի վերաբերմունքից։ Կամ էլ, որպես ինքնապաշտպանություն, հումորս զարգացավ այդ ժամանակ, ու սկսեցի «հակահարվածներ» տալ, չթողնել, որ բուլինգի ենթարկվեմ»,- պատմել է դերասանը։
Խոսելով քաշի նվազեցման որոշման մասին՝ Տարոնը նշել է. «Խոստումներ էի տալիս ինքս ինձ ու այն մարդկանց, ովքեր անհանգստանում էին իմ առողջության համար, բայց չէի կարողանում կատարել։ Հասա մի կետի, երբ որոշեցի՝ իսկապես պիտի հավաքվեմ ու փրկեմ ինձ։ Եվ ստացվեց»։
Նա նաեւ անկեղծացել է՝ նիհարելուց հետո շատ է փոխվել կյանքի որակը. «Առաջին հերթին բացահայտել եմ, որ ճաշակ ունեմ: Հիմա արդեն հագուստների ընտրության հնարավորություն ունեմ։ Այն հագուստները, որոնք հագովս լինում են կամ սազում, միանգամից գնում եմ (ծիծաղում է,- հեղ․)։ Առանց ավելորդ քաշի ապրելը շատ դրական էմոցիաներ է տալիս, թեթեւանում ես, այլ կերպ է դառնում կյանքը։ Ես երբեք չեմ բողոքել իմ քաշից, էլի երջանիկ, ուրախ ապրում էի. գիրությունն իմ դժբախտությունը չի եղել։ Բայց դե մեծանում ես ու գիտակցում՝ ինչքա՞ն կարող ես այդպես շարունակել։ Այսպես 15 անգամ ավելի լավ է, քան այն ժամանակ»։
Խոսելով նաեւ կնոջ հետ հարաբերությունների մասին՝ նշել է, որ ամեն օր նորովի սիրահարվելու եւ միմյանց բացահայտելու առիթ են ունենում․ «Ինձ առաջին հերթին նրա մարդ տեսակն է գրավել։ Անսխալ ընտրություն (ժպտում է,- հեղ)։ Մենք նույն «վայբի» մարդիկ ենք, օրինակ՝ ես իր հետ երբեք չեմ վախենում իմպրովիզ անել բեմում, վստահ եմ լինում՝ ինքն ինձնից ավելի ծիծաղելի բան կասի ու ավելի ճկուն կլինի։ Ամեն ինչ փոխադարձ հարգանքի հիման վրա է կառուցվում։ Շատ բան կարող եք իրար ասել, վիճել, բայց սերը, երեւի, հենց այնտեղ է, որտեղ կարողանում եք ճիշտ ժամանակին լռել»։
Տարոնը խոստովանել է՝ իրեն չի խանգարում, որ կինն իրեն չի խանդում, իսկ ինքը հակառակը՝ խանդոտ է. «Համենայն դեպս չի երեւում, որ խանդում է (ժպտում է,- հեղ)։ Բայց ես շատ եմ խանդում: Ահավոր խանդոտ մարդ եմ։ Հիմա ավելի լավ եմ կարողանում վերահսկել հույզերս, դե, մի քիչ հասունացել ենք էլի, բայց հաճախ ցույց եմ տվել, կոնկրետ ասել եմ այդ մասին»։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: