Երեւանում անցկացվեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 17-րդ փառատոնը, որին մասնակցում էին դերասաններ Հայաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: Փառատոնի շրջանակում ցուցադրվեց 22 մոնոներկայացում:
«Արմմոնո-2019» փառատոնի բացման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 30-ին՝ Երեւանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ դերասան, բեմադրիչ Անտոն Մոզգալյովի (ՌԴ) «Ֆաուստ. ծես» զարմանահրաշ պլաստիկ մոնոներկայացմամբ:
«Արմմոնո 2019»-ին
«Սա դրամատիկական եւ ֆիզիկական թատրոնների սինթեզ է», - նշել է Անտոն Մոզգալյովը, ապա հավելել, որ ժեստերի, պլաստիկ շարժումների, հայացքի, անհավատալի երաժշտության, խոսքի միջոցով պատմում է Ֆաուստի պատմությունը, եւ այն ներգրավում է հանդիսատեսին այլընտրանքային իրականության եւ ենթագիտակցական գաղտնիքների մեջ:
Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյաննը նշել է, որ փառատոնի ծրագրում ներառված էին բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա:
Փառատոնի հիմնական ծրագրից բացի, ցուցադրվեցին ներկայացումներ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին, որի շրջանակներում ցուցադրվեցին մոնոներկայացումներ Վրաստանից․ինչպես հայտնի է, Հ․Թումանյանը եղել է հայ-վրացական բարեկամության ջատագովը։
«Արմմոնո 2019»-ին
Թբիլիսիի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Նիկոլոզ Պաիկրիձեն հանդես եկավ «Գիշերն ու թութակը», Թբիլիսիի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան պետական ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Միխայիլ Արջեւանիձեն` «Ա լյա Շալյապին» եւ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան Հենրիկ Պետրոսյանը՝ «Պոետի խոստովանությունը» մոնոներկայացումներով: Այն փառատոնի եզրափակիչ ներկայացումն էր. երիտասարդ տղան մտնում է եկեղեցի մեկ ցանկությամբ՝ խոստովանություն անել, բայց եկեղեցին դատարկ է:
Երիտասարդը մոմ է վառում եւ դուրս գալու ժամանակ մի անհայտ ուժ ստիպում է նրան մնալ եւ մեծն Սայաթ-Նովայի բանաստեղծություններով կատարել խոստովանության խորհուրդը, դիմել Աստծուն: Վերոնշյալ երկու մոնոներկայացումների բեմադրիչը Լեւոն Ուզունյանն է։
Փառատոնի ծրագրի լավագույն ներկայացումներից էին՝ Յակով Շապիրոյի (Իսրայել) «Եկեք, ծիծաղեք եւ երգեք Յակով Շապիրոյի հետ», Մենտոր Զիմբարայայի (Ալբանիա) «Ամոկ» եւ «De Soleil» թատրոնի դերասան Արման Սարիբեկյանի (Ֆրանսիա) «Նիժինսկի․Կապույտ աստվածը»։
Արման Սարիբեկյանը նշել է.«Նիժինսկին, որ թեպետ հայտնի էր Պետերբուրգից, բայց հայտնություն դարձավ Փարիզում, հեղափոխություն արեց պարի ասպարեզում, բայց երիտասարդ ժամանակ, ինչպես ֆրանսիացիներն են ասում, կորցրեց գլուխը եւ 30 տարեկանը դեռ չբոլորած խելագարվեց: Իմ ներկայացումը սկսվում է հենց նրա այդ վերջին հանրային ելույթից, ուր հավաքվել էին հասարակության սերուցքն ու հարուստ զբոսաշրջիկները, եւ նա պարելու էր վերջին անգամ…»:
«Արմմոնո 2019»-ին
Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի խոսքով` փառատոնին մասնակցում էին 3 մարզային թատրոններ` էջմիածնից, Գորիսից եւ Աբովյանից։ Փառատոնի շրջանակում 3 մոնոներկայացում ցուցադրվեց Աբովյանի դրամատիկական թատրոնում։ Փառատոնին ներկա էին միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ։ Պաշտոնական փակմանը բոլոր մասնակիցներն ու գործընկերները ստացան պատվոգրեր եւ հուշանվերներ:
BRAVO.am
Լուսանկարները՝ «Արմմոնո» փառատոնի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: