×


21-րդ դարի «Քաոսը» էկրան կբարձրանա դերասանական հետաքրքիր կազմով

«19-րդ դարը, սիրելի՛ս, խաբեբայության դար է, իսկ այդ դարը դեռ չի վերջացել: Այժմ խաբում են ամենքը եւ ամենից ավելի նրանք, որոնք ըմբոստանում են խաբեբայության դեմ»:

Այս մտքով է Իսահակ Մարութխանյանը՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպի հայտնի հերոսը, նկարագրում իր ապրած ժամանակաշրջանը: Նյութը հենց ժամանակաշրջանի վերաբերյալ մտքով սկսելու պատճառը հիմնավոր է. 19-րդ դարի «Քաոսը» տեսնելու ենք էկրանին՝ 21-րդ դարի մոտիվներով: Ստեղծագործությանը ծանոթների արձագանքը մեկը կլինի՝ սոցիալական խնդիրների միտքն արդիական է, անկախ ժամանակից, փոխված կլինեն միայն կենցաղն ու որոշ մանրուքներ կապված ժամանակակից կյանքի հետ:

Ենթադրությունների կարիք չկա. BRAVO.am-ը գնացել է ֆիլմի հետքերով ու ամեն ինչ պարզել հենց նկարահանման հրապարակում:

«Քաոս» ֆիլմի նկարահանումներին


«Կա լռություն, որ բառերից պերճախոս է»

Այո՛, չենք կարող չհամաձայնել Շիրվանզադեի հետ, բայց մեր գործն էլ խոսելն ու խոսեցնելն է: Այնպես որ, ֆիլմի ստեղծման, դերաբաշխման, թիմի ու տարվող աշխատանքների մասին զրուցել ենք ոչ միայն ռեժիսոր Հայկ Կբեյանի, այլեւ այդ պահին նկարահանվող դերասանների հետ:

«Զվյագինցեւը ֆիլմ ունի՝ «Нелюбовь», թե սիրո բացակայության հետեւանքով ինչեր կարող են լինել: Մեր բոլոր հերոսները սիրո կարիք ունեն՝ շատ սառն են, խիստ են թե՛ իրենք իրենց նկատմամբ, թե՛ հարազատների, ու երբ սերը հայտնվում է ընտանիքում, ամեն ինչ քիչ-քիչ կարգի է գալիս: Լավ թիմ է հավաքվել՝ սցենարի հեղինակն Անահիտ Աղասարյանն է, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը, օպերատորն Արթուր Ուստյանն է, ֆիլմի սաունդթրեքը Վահե Գրիգորյանինն է: Դերասական կազմն էլ, նյութն էլ պարտավորեցնող են: Փորձում ենք մթնոլորտով, տրամադրությամբ, քաոտիկ իրավիճակով ֆիլմ ստանալ»,- նշեց ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյանը:

Ռեժիսոր Հայկ Կբեյանը


Հենց նրանք են կադրից դուրս կատարել իրենց հսկայական աշխատանքը: Վերադառնալով էկրան՝ խոսենք դերասանական կազմի ընտրության մասին: Եթե ֆիլմում ներգրավված մյուս դերասաններին բազմիցս տեսել ենք դրամատիկ կերպարներում, ապա առանցքային դերերից երկուսը մարմնավորողներն այսպիսի կերպարներում առաջին անգամ են՝ Մկրտիչ Արզումանյան, ով մարմնավորում է վեպի ամենադրամատիկական կերպարներից Սմբատին, եւ Աննա Էգոյան, ում տեսնելու ենք Շուշանիկի կերպարով:

«Օրինակ՝ Խորեն Լեւոնյանը մարմնավորելու է Իսահակին, չնայած՝ նա շատ բազմապրոֆիլ է հանդես եկել, ենթադրելի էր, որ լավ կմարմնավորի, կմտնի դերի մեջ: Ինչ վերաբերում է Մկոյին, ապա նրա հետ առաջին համագործակցությունը չէ, մի քանիսն ուեցել ենք, բայց երկուսն էլ՝ կատակերգական ժանրում: Նա շատ բազմապրոֆիլ արտիստ է, շատ մեծ պոտենցիալով: Ենթադրվում էր, որ վաղ թե ուշ նման կերպարով տեսնելու էինք, հիմա առաջին դեպքն է ուղղակի: Շուշանիկի կերպարի հետ կապված երկար էինք մտածում, որովհետեւ նա պետք է բացարձակ մաքուր, բնական գեղեցկության տեր մեկը լիներ: Մենք անընդհատ թարմ շունչ էինք փնտրում: Հիմա կարող է վատ բան եմ ասում, բայց էն, ինչ դաշտում ունենք՝ էդ տարիքով, ֆիզիկական նույն տվյալներով, դիտարկել ենք, ուղղակի հիմա ինքն ինչպես մեզ համար է թարմ իր կերպարով, երբեք չերեւացած, նույն կերպ էլ հեռուստադիտողի համար պետք է լինի»:

Աննա Էգոյանը


Աննա Էգոյանին շատերս արդեն հասցրել ենք որպես ասմունքող ճանաչել, իբրեւ դերասանուհի առաջին փորձն է.«Իրականում առաջարկը շատ անկանխատեսելի եղավ՝ չէի սպասում: Երբ առաջին անգամ սկսեցի կարդացածս բանաստեղծությունները նկարահանել եւ տեղադրել համացանցում, երբեք չէի կարող պատկերացնել, որ օրերից մի օր կնկարահանվեմ ֆիլմում: Առանց մտածելու ընդունել եմ առաջարկն՝ իմանալով, թե դերասանական ինչ կազմի հետ եմ խաղալու: Ինձ հայերենը վախեցրեց, որովհետեւ դժվար էր՝ հաշվի առնելով, որ կյանքիս մեծ մասն ապրել եմ Ռուսաստանում: Առաջին օրն էր շատ դժվար. չգիտեի՝ ինձ ինչպես պետք է պահեմ, ոչ ոքի չէի ճանաչում, բայց արդեն երկրորդ օրը հասկանում ես, որ նրանք, ովքեր էկրանին են, նույնպես սովորական մարդիկ են: Շատ մեծ պատիվ է: Հայերենի հետ կապված անջրպետն էլ արդեն հաղթահարել եմ»,- BRAVO.am-ի հետ իր էմոցիաներով կիսվեց նա:

Փոքրիկ ընդմիջումը որսալով՝ զրուցեցինք Մկրտիչ Արզումանյանի հետ. «Դրամատիկական կերպար ստանալն ինձ համար միշտ է հետաքրքիր եղել: Անընդհատ եմ սպասել այդ առիթին, եւ հուրախություն ինձ, եկավ այդ առիթը: Սմբատը շատ դրամատիկական կերպար է, լրջություն պահանջող՝ իր խնդիրներով, նեղվածությամբ, հոր հետ կիսատ մնացած հարաբերություններով: Հիմա արդեն այդ կերպարով եմ ապրում, փորձում եմ այնպես անել, որ այն, ինչ գրել է սցենարիստը, կարողանամ հասցնել հեռուստադիտողին: Շատ բարդ է, շատ ծանր է, բազում դժվարությունների հետ է կապված: Ամեն դեպքում մեծ ցանկությամբ եմ անում, եթե հետագայում էլի առաջարկներ լինեն, սիրով կփորձեմ, բայց սա չի նշանակում, որ երգիծական ժանրը մոռանալու եմ»:

Մկրտիչ Արզումանյանը


...մեր միջավայրն առայժմ տալիս է միայն ու միայն ապականություն, որի կատարյալ մարմնացումը ես եմ.

Ահա թե ինչպես է իրեն բնութագրում վեպի հերոսներից «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ Միքայել Ալիմյանը, որին ֆիլմում մարմնավորում է Սոս Ջանիբեկյանը: Ինչպիսի՞ն է ժամանակակից Միքայել Ալիմյանը.«Ես շատ երկար չեմ մտածել, շատ երկար չեմ խորացել ու չեմ փորձել անել բաներ, որոնք ինձնից դուրս են: Քանի որ վստահում եմ մորս ( ֆիլմի սցենարիստ Անահիտ Աղասարյանին,-հեղ.), վստահում եմ դրամատուրգիային, եւ քանի որ մայրս ամենա-ամենագրագետ դրամատուրգն է, ում հետ ես աշխատել եմ, վստահորեն կարող եմ ասել, որ էնքան գրագետ է սցենարը, որ ես միայն խաղում եմ դրությունը, խաղում եմ այն, ինչ գրված է, ավել բան չեմ խաղում: Այն պատմությունը, որը մենք թղթից տալիս ենք էկրանին, փորձում եմ պատմել՝ ինչպիսին է Միքայելը եւ ինչպիսին կլիներ Միքայելը, եթե ես լինեի այդ դրության մեջ»,-իր մարմնավորած կերպարի վերաբերյալ նման մեկնաբանություն տվեց Սոս Ջանիբեկյանը:

Աննա Էգոյանը, Սոս Ջանիբեկյանը, Շաքե Թուխմանյանը եւ Մկրտիչ Արզումանյանը


Վեպում առանցքային դերերից մեկը ընտանիքի մոր՝ Ոսկեհատ Ալիմյանինն է, որին մարմնավորել է Շաքե Թուխմանյանը.«Ինձ համար շատ կարեւոր են սցենարը, դերակատարներն ու ռեժիսորը: Շիրվանզադեի նկարագրած մոր կերպարը շատ լալկան ու տառապող է, Աննա Աղասարյանը մի քիչ տարբեր մեկնաբանեց: Կերպար, որը կարծես այս քաոսի դիրիժորն է, ոչ թե վատ իմաստով, այլ փորձում է հնազանդ լինել ամուսնու ցանկությանը: Կերպարս որքան էլ ամրացվել է էմոցիաների տեսանկյունից, ամեն դեպքում, կին է, ընտանիքի մայր: Նման գործերն իսկապես շատ կարեւոր են, որպեսզի հասնեն մեր երիտասարդությանն՝ իրենց ուղերձով»:

Այսպիսի տրամադրություն ունեին դերասանները, որոնք մեզ հետ զրուցել են փոքրիկ ընդմիջումների ընթացքում: Էկրանին կլինի 16 սերիա.«Թե ումն էր մտահղացումը, կդժվարանամ ասել, որովհետեւ այս գործի հիման վրա ֆիլմ նկարահանելու միտքը շատ վաղուց կար: Հանրային հեռուստաընկերության թիմի հետ քննարկումներից հետո որոշվեց այս աշնանն իրագործել: Սցենարի հեղինակն է Անահիտ Աղասարյանը, եւ ասեմ, որ բուն վեպից շեղումնրը շատ չեն: Որքան էլ, որ ֆիլմում չկան հետապնդումներ, մեծ իրադարձություններ՝ նկարահանման առումով, ամեն դեպքում, դինամիկ է լինելու՝ իրար հաջորդող ու լրացնող կարճ-կարճ տեսարաններով: Գործողությունների պակաս, առաջին հայացքից, կարող է լինել, բայց դինամիկան պահպանված կլինի, որը սցենարի ճիշտ կառուցումից է»,- ասաց Հայկ Կբեյանը:

Հ.Գ. Դե, սպասենք հեռուստանովելի պրեմիերային, իսկ մինչ այդ լավ առիթ է կարդալու կամ վերընթերցելու 19-րդ դարի լավագույն վեպերից մեկը՝ Շիրվանզադեի «Քաոսը»: Ինչից հետո կարող ենք համաձայնել կամ վիճել հերոսների ու կերպաների՝ ֆիլմում առաջարկված տարբերակների հետ:

Տեքստը՝ Զառա Ղազարյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին