×


«Հույզերի ազդեցության ներքո շատ բաներ չէինք նկատում». Արփի Շահնուբարյան

Արփին 2019-ին փորձ ունեցավ լինել «Ազգային երգիչ» հեռուստանախագծի ժյուրիի անդամներից մեկը: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է այդ դերում լինելու դժվարությունների ու պատասխանատվության մասին: Նաեւ խոսել ենք ինչպես այս տարում հանդիսատեսին սպասվող անակնալների, այնպես էլ ընտանիքում իր ու երեխաների փոխհարաբերությունների մասին:

-«Ազգային երգիչ» նախագծում ժյուրիի հիմնական կազմում էիք, ինչպե՞ս ստացվեց առաջին փորձն այդ կարգավիճակում:
-Ժյուրիի դերում լինելը շատ պատասխանատու էր, միաժամանակ բարդ, բայց հաճելի աշխատանք: Երբ քո դիմաց կանգնած են երիտասարդներ, ովքեր արդեն որոշակի ճանապարհ են անցել, ի վերջո, գիտեն՝ ինչի համար են եկել եւ ինչ են ուզում, պետք է շատ նրբանկատ լինել. յուրաքանչյուր կարծիք այնպես ձեւակերպել, որ չվիրավորի կամ չնեղացնի նրանց, եւ պետք է նշեմ, որ ինձ համար շատ անսովոր էր լինել ժյուրիի խիստ անդամի դերում:

Արփին


Ես նախընտրում եմ խորհուրդներ տալ, բացատրել: Հաճախ նաեւ բարդությունն այն էր, որ համերգի ժամանակ հույզերի ազդեցության տակ շատ բաներ չէինք նկատում, որոնք երեւում էին ձայնագրության մեջ, եւ որոնց վրա կարելի էր շեշտը դնել կարծիք արտահայտելիս:

Իհարկե, շատ հաճելի էր նախագծի մի մասը կազմել. մասնակիցները շատ տաղանդավոր էին, եւս մի բան, որ ինձ ուրախացրեց. նկատեցի, թե նոր սերունդը որքան է սիրում եւ գնահատում ժողովրդական երգը, թե 16 տարեկան աղջիկն ինչ նրբությամբ եւ պատասխանատվությամբ կարող է կատարել ժողովրդական երգը:

- Տարիներ առաջ Դուք եւս ներկայացնում էիք ժողովրդական երգերի նոր մշակումներ, որոնք, սակայն, չէին հասնում հեռուստադիտողին եւ հայտնվում էին հեռուստաընկերությունների սեւ ցուցակներում: Այսօր հայկական երաժշտական իրականությունը լի է նման մշակումներով. ի՞նչն էր խնդիրը Ձեր պարագայում:
-Այս խնդիրը, կարծում եմ, մի բացատրություն ունի. ես եւ իմ թիմը ժամանակից շատ առաջ էինք ընկել: Եթե մենք հիմա ներկայանայինք Սայաթ-Նովայի այդպիսի մշակմամբ, որ արել էինք ԴերՀովայի հետ, կամ այն տեսահոլովակով, որ Վահան Խաչատրյանի հետ նկարահանեցինք, շատ նորմալ կլիներ, իսկ այն ժամանակ հասարակությունը դեռ պատրաստ չէր ընդունելու այդ ամենը: Կարծում եմ՝ հենց իմ փորձն էր պատճառը, որ ես խորապես ընկալում էի «Ազգային երգիչ»-ում ժողովրդական երգը նորովի ներկայացնելու գաղափարն ու դրա բարդությունները:

-Իսկ այժմ միտք չկա՞ ներկայացնել տարիներ առաջ արված Ձեր աշխատանքները:
-Կարծում եմ՝ կգա ժամանակը, մենք կներկայացնենք, մարդիկ կլսեն, կընդունեն. հիմա այնքան անելիքներ ունեմ, որ դրանց հերթ չի հասնում:

Արփին


- Ի՞նչ զբաղվածություն եք պլանավորում ունենալ այս տարի:
-Նախ կասեմ, որ նախորդ տարում օրորոցային երգերի «Օրորերգ» ձայնասկավառակի թողարկումը մեծ հաջողություն եմ համարում. շատ լավ արձագանքներ եմ ստանում մայրիկներից, եւ ոչ միայն, ինչն, իհարկե, մեծ ուժ է տալիս ինձ:

Իսկ արդեն այս տարում պլանավորում եմ ներկայացնել նոր երգ, որ իմ եւ ԴերՀովայի համագործակցությունն է. սպասում եմ նրա վերադարձին, որպեսզի վերսկսենք աշխատանքները:

Ուզում եմ ներկայացնել «Կապույտ թռչուն» երգի քավեր տարբերակը՝ լրիվ այլ կերպով՝ իմ պատկերացումներով, սակայն փակագծերը դեռ չեմ բացի: Այս տարվա համար կան նաեւ համերգների առաջարկներ:

-Այս զբաղվածության հետ հասցնո՞ւմ եք բավարար ժամանակ անցկացնել Ձեր երեխաների հետ:
-Սա, կարելի է ասել, իմ եւ ամուսնուս համար ամենացավոտ հարցերից է, քանի որ իսկապես չենք հասցնում նրանց հետ շատ ժամանակ անցկացնել: Հնարավորության դեպքում վազում ենք տուն՝ նրանց հետ լինելու: Երբեմն աղջկաս մեզ հետ տանում ենք փորձերի, լսում է երգերը, անգամ՝ երգում:

Ամանորին եւս աշխատում էինք, եւ միշտ է այդպես լինում: Մեր մեղքը փորձում ենք քավել նրանց համար լավ ու ցանկալի նվերներով (ծիծաղում է,-հեղ.): Սա, իհարկե, ինքնախաբեություն է, բայց փորձում ենք այդպես փոխանցել մեր սերը, ջերմությունը, կարոտը:

-Նշեցիք՝ որպես ժյուրիի անդամ խիստ չէիք, իսկ որպես մայրի՞կ:
-Նախ ասեմ, որ նոր սերնդի հետ իրականում այնքան էլ հեշտ չէ, եւ ես՝
որպես մայր, փորձում եմ շատ կտրուկ չլինել. բացատրել, թե ինչ չի կարելի անել, օրինակներ բերել. չեմ կարող ասել, որ շատ խիստ եմ երեխաներիս հետ:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արփիի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին