×


Գրիգոր Դանիելյանը` 36-ամյակի եւ այն շուտով Շրի Լանկայում նշելու մասին

Գրիգոր Դանիելյանը հունվարի 11-ին դարձել է 36 տարեկան: Ինչպես դերասանն է նշում, աճող թվերն իրեն բացարձակ չեն վախեցնում եւ անհանգստացնում, քանզի հոգով միշտ երիտասարդ է: BRAVO.am-ի հետ զրույցում Գրիգորը պատմել է երբեւէ ունեցած ամենատպավորիչ տարեդարձի եւ ձեռքբերումների մասին:

Նա առանձնացրել է 34-ամյակը.«Հռիփսիմեն առաջարկեց երկուսով նշել քաղաքի ռեստորաններից մեկում: Համաձայն չէի, մի կերպ համոզեց, գնացինք, ու տեսա, որ այնտեղ հավաքված են ընկերներս: Ամենատպավորիչ անակնկալն է եղել»:

Գրիգոր Դանիելյանի ընտանիքը


Իսկ այս տարի դերասանին առաջինը շնորհավորել են կինն ու ավագ որդին՝ ավտոմեքենայի մեջ.«Հունվարի 10-ի երեկոյան գնացել էինք Ծաղկաձոր՝ մեր ընկերների մոտ, շատ լավ ժամանակ անցկացրինք: Նրանք շատ էին ուզում, որ մնայինք այնտեղ եւ կեսգիշերին միասին նշեինք ծնունդս, սակայն քանի որ մեր փոքրիկին թողել էինք Երեւանում, շտապեցինք տուն եւ կեսգիշերին ծնունդս դիմավորեցինք Երեւան-Սեւան մայրուղու արծվի մոտ: Մի խոսքով՝ մեքենայի մեջ ենք դիմավորել»:

Նվերներին նա առանձնահատուկ ուշադրություն չի դարձնում.«Ինձ համար անկեղծ բարեմաղթանքն ամենաթանկ նվերից էլ թանկ է: Վատ չի, որ նվեր եմ ստանում, չեմ բողոքում, բայց այդքան չեմ կարեւորում: Իսկ ամենամեծ նվերն ու ձեռքբերումն իմ ընտանիքն է՝ կինս եւ որդիներս: Հենց նրանք եմ իմ հաջողության թալիսմանները եւ առանց նրանց, կարծում եմ, հաջողության չէի հասնի»:

Գրիգոր Դանիելյանի ընտանիքը


Գրիգորը խոստովանել է, որ իր տարեդարձերն այդքան էլ չի սիրում մեծ շուքով նշել, եւ հուրախություն իրեն՝ օրն այս անգամ եղել է բուռն աշխատանքային: Դեռ վաղ առավոտից դասավանդել է Էջմիածնի, հետո Երեւանի ստուդիաներում, այնուհետեւ շտապել «Արմենիա» հեռուստաընկերություն՝ աշխատանքի:

Նրանց ընտանիքը պատրաստվում է ճամփորդության.«Ամեն տարի ես եւ Հռիփսիմեն որոշում ենք մեր ծննդյան օրերին գնալ հանգստանալու, բայց միշտ աշխատանքի բերումով չի ստացվում: Ճիշտ է՝ իմ ծննդյան օրն աշխատանքային էր, բայց ամսի 19-ին հաստատ այստեղ չենք լինի, ու արտերկրում կնշենք Հռիփսիմեի տարեդարձը: Հունվարի 16-ին մեկնում ենք Շրի Լանկա»:

Տարիքն ընդհանրապես չի վախեցնում Գրիգորին.«Հոգով ես միշտ երիտասարդ եմ, ուղղակի այդ թվերը հուշում են, որ եւս մեկ աստիճան ավելի ես ընկալում կյանքը, մեկ աստիճան ավելի ես կարողանում վերլուծել ու հասկանալ այն: Մի խոսքով՝ համարում եմ քայլ առաջ ու դեպի վեր, եւ ինչքան բարձրանանք, այնքան ավելի կմեծանա հորիզոնը եւ ավելին կտեսնենք, այնպես որ, թվերից պետք չէ վախենալ, պետք է միայն ուրախանալ»:

Գրիգոր Դանիելյանի ընտանիքը


Նա վստահ է, որ պետք չէ զղջալ արած կամ չարած բաների համար, ինչը մարդուն պահում է անցյալում.«Յուրաքանչյուր լավ կամ վատ բան, որ եղել է, հետ չես կարող բերել: Կարեւորը` եթե սխալվել ես, պետք է կարողանաս ընդունել սխալդ եւ ուղղել այն: Ես ժամանակը հետ չէի տա. ինչ եղել է, եղել է Աստծո կամոք: Չեմ կարծում, թե ես ավելի լավ սցենար կգրեի իմ կյանքի համար»:

Իսկ երազանքները դերասանը սովորաբար դարձնում է նպատակներ, որպեսզի հասնի դրանց իրականացմանն ու վայելի արդյունքը.«Տեսակով ռոմանտիկ չեմ, ավելի ռեալիստ եմ, չեմ ապրում երազանքներով, այդպես ոչնչի չես հասնի: Շատ նպատակներ ունեմ եւ շատ պլաններ, որոնք պետք է իրականացնեմ կյանքիս 36-րդ տարում, հուսով եմ, որ կհասցնեմ իրականացնել ամբողջությամբ»,-եզրափակեց դերասանը:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գրիգոր Դանիելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին