×


«Ե՛վ ուզում եմ, ե՛ւ՝ վախենում». Էմմա Ասատրյան

Էմմա Ասատրյանի ընտանիքը Նոր տարին դիմավորել է Միացյալ Նահանգներում: Ջազ երգչուհին այցի հիմնական շարժառիթների մասին պատմել է BRAVO.am-ին՝ տրամադրելով ուղեւորության լուսանկարները:

«Ես շատ անգամներ եմ եղել ԱՄՆ-ում, եւ միշտ ցանկանում էի, որ տղաս էլ գա ու իր աչքերով տեսնի հրաշքը: Որոշեցինք տարեմուտն այնտեղ դիմավորել: Տոները շատ ուրիշ կերպ են նշում, ոգեւորությունն ու պատրաստվածությունն այլ է: Բացի այդ, ամուսնուս մանկության ընկերը կնքեց իր փոքրիկին, ում կնքահայրն ու կնքամայրը մենք էինք: Առաջին անգամ էինք այդ պաշտոնում ու շատ լավ օր անցկացրինք: Տղայիս կնունքի քավորն էլ իր ընտանիքով այնտեղ է ապրում»,- ասել է Էմման:

Էմմա Ասատրյանը եւ Էմանուել Հովհաննիսյանը


Ընտանեկան հանգիստը գերհագեցած է անցում.«Էմանուելը Եվրոպայում համերգների էր, այդ պատճառով ուշ միացավ մեզ: Տոներին միասին էինք, լավ զբոսնել ենք, ուրախ ժամանակ անցկացրել, գեղեցիկ վայրերում ենք եղել: Հասցրել ենք Դիսնեյլենդ գնալ, Universal Studios-ում լինել: Կենդանաբանական այգին շատ է դուր եկել մեր Անրիին: Քանի որ շատ անգամներ եմ եղել այս երկրում, ինձ էր վստահված նրանց զբոսանքի կազմակերպումը»:

Նա նշել է, որ զարմացած եւ ապշած է այնտեղ ապրող հայերի քանակից.«Նախորդ այցերիս ժամանակ էլ շատ էին, բայց այս անգամ չափից դուրս էր հոսքը: Գիտակցում եմ, որ Հայաստանում կյանքը շատ է դժվարացել, շատ բաներ թելից են կախված, բայց հուսով եմ՝ ամեն բան այնքան չի վատանա, որ մի օր ինքս էլ մտածեմ մեր երկրից ընդմիշտ հեռանալու մասին: Երբ տեսնում ես, որ երեխայիդ չես կարողանում տալ այն ամենը, ինչ կցանկանայիր, սկսում ես այլ տեղեր կյանք փնտրել: Այնքան շատ հայ կա, որ ինձ Հայաստանում եմ զգում»:

Անրին


Երգչուհին օրեր անց Երեւան է վերադառնալու, իսկ մինչ այդ ամփոփել է 2019 թվականը.«Աշխատանքային առումով լավ տարի էր: Նոյեմբերից Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ եւ մոտ 20 հոգանոց նվագախմբի նվագակցությամբ հանդես եմ գալիս Երեւանի ջազ ուղղվածություն ունեցող ռեստորաններից մեկում: Պատիվ է լեգենդար մարդու հետ աշխատելն ու երգելն այն երգերը, որոնք սիրում եմ, այլ ոչ թե պարտավոր եմ կատարել: Շատ որակյալ շոու ենք ներկայացնում: Ամեն օր աշխատանքի գնալուց զարմանում եմ, որ Հայաստանում կա մի վայր, որտեղ երգում ես սիրուն ու որակով երգեր, այլ ոչ թե մի բան, որը գումար կբերի կամ հիթ կդառնա»:

Էմմա Ասատրյանը եւ Էմանուել Հովհաննիսյանը


Ինչ վերաբերում է ընտանիքի համալրմանը, Էմման ասել է.«Քանի դեռ Անրին փոքր էր, ասում էի՝ մի քիչ էլ մեծանա, նոր երկրորդը կունենանք, բայց ինչքան մեծանում է, այնքան այդ հարցը դժվարանում է. մեկ-մեկ ուզում եմ, մեկ-մեկ՝ վախենում: Իրականում մեր ձեռքում չէ. այնպես չէ, որ այսօր ուզենք, վաղը կունենանք: Թողել ենք Աստծո կամքին»:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էմմա Ասատրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին