×


Գրեմմի 2020. Ռեկորդակիր Բիլլի Այլիշն ու հարգանքի տուրքը Քոբի Բրայանտին

Լոս Անջելեսում 62-րդ անգամ կայացել է Գրեմմիի մրցանակաբաշխությունը, որը վարում էր 15 անգամ այդ մրցանակին արժանացած Ալիշա Քիզը: Երաժշտական տոնը, սակայն, տխուր սկսվեց. նախօրեին 41 տարեկանում ուղղաթիռի վթարից մահացել են «Լոս Անջելես Լեյքերս»-ի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտն ու նրա 13-ամյա դուստրը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին բասկետբոլիստին:

Գրեմմի 2020 մրցանակաբաշխությանը


«Սթեյփլս Սենթր»-ում իր բացման խոսքում Քիզն ասաց, որ Միացյալ Նահանգներն ու ամբողջ աշխարհը կորցրել են հերոսի, ապա Boyz II Men խմբի հետ Բրայանտին նվիրեց It's So Hard to Say Goodbye to Yesterday կատարումը:

«Նա այստեղ է՝ մեր սրտերում ու մեզ հետ»,- ավելացրեց Քիզը:

Երեկոն պետք է շարունակվեր, ինչպես եւ պլանավորված էր: Միջոցառման իսկական աստղը դարձավ 18-ամյա Բիլլի Այլիշը: Նա ամենաերիտասարդ երգչուհին էր, որը Գրեմմիի էր առաջադրված գլխավոր անվանակարգերում ու 6 հնարավորից հաղթեց 5-ում՝ Տարվա երգ («Bad Guy»), Լավագույն փոփ-վոկալ ալբոմ, Տարվա ալբոմ («When We All Fall Asleep, Where Do We Go?»), Տարվա ձայնագրություն («Bad Guy») եւ Լավագույն նոր կատարող:

«Երբեք չեմ մտածել, որ իմ ամբողջ կյանքի ընթացքում նման բան տեղի կունենա: Երբեք ոչինչ լուրջ չեմ ընդունում, բայց ուզում եմ ասել, որ այնքան շնորհակալ եմ ու ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել»,- նշել է երգչուհին:

Բիլլի Այլիշի ելույթը «Գրեմմի 2020» մրցանակաբաշխությանը


Այլիշը երեկոյին ներկա էր եղբոր` Ֆինիս Օ'Քոնելի հետ, ով նրա երգերի համահեղինակն է ու պրոդյուսերը: Երգչուհին պատմության մեջ մտավ որպես 4 հիմնական անվանակարգերում առաջադրված ու հաղթած ամենաերիտասարդ արտիստ: Այլիշը տարբեր անվանակարգերում շրջանցել է այնպիսի հայտնի կատարողների, ինչպիսիք են՝ Լեդի Գագան, Արիանա Գրանդեն, Lizzo-ն, ով ամենաշատ՝ 8 անվանակարգում էր առաջադրված, բայց 3 Գրեմմի ստացավ, Բեյոնսեն, Էդ Շիրանը, Թեյլոր Սվիֆթը:

«Գրեմմի 2020» մրցանակաբաշխությանը


2019-ի դեկտեմբերին Այլիշը Billboard-ի վարկածով տարվա կին տիտղոսին էր արժանացել ու նշել, որ տարօրինակ է նման պարգեւ ստանալ այդքան երիտասարդ տարիքում: Ավելի վաղ Այլիշը խոստովանել էր, որ ցանկացել է ինքնասպանություն գործել, քանի որ համաշխարհային ճանաչման ճանապարհին կորցրել է ընկերներից մի քանիսին: Այնպես որ, փառքն ու հաջողությունները բնավ էլ հեշտ չեն տրվում:

Շարունակենք ու ներկայացնենք երեկոյի մյուս հաղթողներին: Քանթրի ոճում լավագույն երգը «Bring My Flowers Now» -ն է, Հարի Քլարքի «This Land»-ը լավագույն ռոք երգն է, «A Lot»-ը՝ ռեփ կատարումը, իսկ R&B-ի ոճում PJ Morton-ի «Say So»-ն է հաղթողը:

Lizzo-ի երեք Գրեմմիներից առաջինը «Truth Hurts» ստեղծագործության համար է՝ լավագույն փոփ սոլո կատարում, լավագույն քաղաքային կամ ժամանակակից ալբոմը նրա Cuz I Love You -ն է(Deluxe), իսկ լավագույն ավանդական R&B կատարումը՝ Jerome-ն:

Սթիվեն Թայլերը եւ Lizzo-ն՝ «Գրեմմի 2020» մրցանակաբաշխությանը


Մրցանակներ են հանձնվել տասնյակ այլ անվանակարգերում եւս, բայց նրանից կառանձնացնենք մեկը: Պոեզիան, աուդիոգրքերն ու պատմվածքները ներառող անվանակարգում հաղթել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման՝ իր «Becoming» գրքի համար:

Էլ ի՞նչ երաժշտական երեկո առանց տպավորիչ կատարումների ու գեղեցիկ զգեստների: Բոլորին իր էպատաժային պարով վարակել է Lizzo-ն.«Այս երեկոն Կոբիի համար է»,- ասել է նա ու բասկետբոլիստին 2 երգ նվիրել: Ամենասպասվածը Aerosmith-ի Livin' On The Edge ու Walk This Way կատարումներն էին: Գրեմմիից ավելի շատ մանրամասներ սպասեք «Շաբաթօրյակում»:

Պատրաստեց` Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport