×


Աքսենյա Լեւանդ եւ Վարդգես Սաղաթելյան․ երկու կարմրահեր, որոնք իրենց տունն ու կյանքը կառուցում են Դիլիջանում

Երգչուհի Աքսենյա Լեւանդովսկայան եւ երաժիշտ Վարդգես Սաղաթելյանը մի քանի տարի է՝ ապրում են Դիլիջանում: Նրանք վերադարձել են Վարդգեսի պապիկի տուն, որին փորձում են նոր կյանք տալ ու հետաքրքիր մշակութային վայր դարձնել: BRAVO.am-ի հետ զրույցում ամուսինները պատմել են իրենց սիրո գեղեցիկ պատմությունը եւ Դիլիջանի հետ կապված իրենց մեծ նպատակի մասին: 

- Սկսենք ձեր ծանոթության շատ հետաքրքիր պատմությունից: Ինչպե՞ս եղավ, որ կարմրահերներով հանդիպեցիք իրար:

Աքսենյա. Շատ սովորական հրաշք տեղի ունեցավ։ Աշխատանքի բերումով տեղափոխվել էի Սոչի եւ նոր քաղաքում ընկերներ ու երաժիշտներ էի փնտրում: Համացանցում գտա Վարդգեսի էջն ու տեսա, որ կիթառ է նվագում։ Այդ ժամանակ աշխատանքից հետո փողոցներում երգում եւ գումար էի վաստակում։

Վարդգես. Պայմանավորվեցինք ծանոթանալ, ու առաջարկեցի հանդիպել արմավենու կողքին։  

Աքսենյա. Իսկ Սոչիում միլիոնավոր արմավենիներ կան (ծիծաղում ենք,-հեղ.): Հանդիպեցինք: Պարզապես քայլում էինք, ծանոթանում, շփվում, մեկ էլ նկատեցի, որ մեր կողքով անցնող մարդիկ մի քիչ զարմացած էին արձագանքում. բոլորի դեմքին ժպիտ կար: Սկսեցի կասկածել, որ ինչ-որ անսովոր բան է տեղի ունենում: Պարզապես մարդիկ զարմացել էին՝ կողք կողքի քայլող երկու կարմրահերի տեսնելով (ծիծաղում ենք,-հեղ.):


- Իսկ ծանոթանալիս ուշադրություն դարձրե՞լ էիք Վարդգեսի մազերի գույնին:

Աքսենյա. Իհարկե, հենց դրա շուրջ էլ խոսակցությունը ծավալվեց։ 

Վարդգես. Սկզբում ուղղակի կատակում էինք այդ թեմայով։ 

Աքսենյա. Մեզ հետաքրքիր էր՝ երբ սեւահերներն են իրար հանդիպում, էլի՞ է նման բան տեղի ունենում։ Բայց մարդկանց իսկապես զվարճացրել էր մեր համատեղ զբոսանքը: Նրանք մեքենաներից ազդանշաններ էին տալիս ու մեզ «Ուիզլի» («Հարի Փոթեր»-ում Ուիզլիների ընտանիքում բոլորը կարմրահեր են) դիմում (ծիծաղում ենք,-հեղ.): Սկզբում ամեն ինչ հենց զավեշտի շուրջ էր զարգանում։ 

Վարդգես. Ընտանիքս Դիլիջանից է, բայց 90-ականների ծանր տարիներին տեղափոխվել է Սոչի, որտեղ էլ ծնվել եմ։ Մեր ընտանիքը բավական մեծ է՝ վեց երեխա ենք։ Մեծացել եմ գյուղում, հետո 2-3 անգամ տեղափոխվել ենք ու մեր բոլոր տներն էլ ինքներս ենք կառուցել։ Հայրս ինժեներ է ու ամեն ինչ իր ձեռքերով է արել, ես ու եղբայրս նրան միշտ օգնել ենք։ Չնայած տեղից տեղ էինք տեղափոխվում, չէինք մոռանում, որ Դիլիջանում տուն ունենք, որտեղ երբեմն լինում էինք։ Այդ ժամանակ Դիլիջանը բնավ էլ զարգացած չէր, իսկ լքված տունը կամաց-կամաց քանդվում էր:

- Իսկ ձեզնից ո՞վ առաջինը հասկացավ, որ սովորական աշխատանքային շփումը վերածվում է իսկական սիրո։

Վարդգես. Առաջինը մտքովս անցավ նրա հետ ծովափ գնալ: Սվիտերս փռեցի, որ նստի, ապա խունկ վառեցի: Առաջինը մտքիս եկավ նրա հետ ծովափ գնալ: Միասին նայում էինք ծովին, որը ողջ կյանքիս ընթացքում աչքիս առաջ էր եղել, ու զրուցում էինք։ Աքսենյան Բրյանսկից է ու սովոր չէր այդ տեսարանին: Ապրիլն էր, շատ մարդ չկար, ու միասին իմ սիրելի մայրամուտը վայելեցինք. ցանկացա նրա հետ ինձ համար թանկ պահով կիսվել։ 

Աքսենյա. Շատ մեդիտատիվ պահ էր. բնականորեն ու զգայական առումով երկուսս էլ նույն զգացումն ունեցանք, որ մեր միջեւ ինչ-որ կարեւոր բան է տեղի ունենում։ Առավոտից երեկո միասին էինք անցկացրել, այդ ողջ ընթացքում խոսել, Սոչիով քայլել ու բաժանվեցինք միայն կեսգիշերին։ Այդ պահին արդեն հասկանում էինք, որ հարազատ մարդիկ ենք դարձել։ Միմյանց հրաժեշտ տալիս տան զգացողություն ունեի։ 


Վարդգես. Ասես վաղուց ծանոթ լինեինք՝ նախորդ կյանքում կամ որեւէ այլ տեղ հանդիպել էինք (ծիծաղում ենք,-հեղ.):

Աքսենյա. Անկեղծ եմ ասում՝ Վարգեսին գրելիս ընդհանրապես այլ մտադրություն չունեի. ինձ պարզապես կիթառ նվագող էր պետք, որ կարողանայի ելույթ ունենալ։ Եվ պատկերացրեք՝ մեր ծանոթությունից ուղիղ երկու շաբաթ անց նա ինձ իր տուն բերեց ու ծանոթացրեց ծնողների հետ։ Ռուսաստանի կենտրոնական հատվածում մեծացած աղջիկն առաջին անգամ էր հյուրընկալվում հայկական ընտանիքում։    

Վարդգես. Այդ օրն ամբողջ օրը հայրիկիս հետ աշխատել էի ու ցեմենտ կրել։

Աքսենյա. Ծնողները մեր ծանոթության օրը հումորով են հիշում: Նրանք բավական բարձր տրամադրությամբ տարեդարձից էին վերադարձել։ Ու պատկերացրեք նրանց զարմանքը, երբ որդին հայտնեց՝ իր ապագա կինն եմ։

Վարդգես. Մեր առաջին հանդիպումից առաջ մեքենայում ծնողներիս ցույց էի տվել Աքսենյայի լուսանկարը։ Նրան շատ հավանեցին ու նկատեցին, թե որքան գեղեցիկ է: Ես էլ մեր ժամադրությունից առաջ սխտորով երշիկ էի կերել. փոքր քույրս նույնիսկ կատակեց՝ ո՞վ է կարեւոր հանդիպումից առաջ այդպես անում (ծիծաղում ենք,-հեղ.)։ Իսկ ծնողներիս հետ ծանոթությունից առաջ երազ էի տեսել, թե ինչպես եմ Աբխազիայում գտնվող գեղեցիկ Նալախո եկեղեցում ամուսնության առաջարկություն անում։

Աքսենյա. Անգամ այդ վա՞յրն ես երազում տեսել, այդ մանրամասները չգիտեի։ Առաջին անգամն էի նրանց տանն ու շատ հուզված էի։ Մայրս գրել էր. «Միայն թե գիշերն այնտեղ չմնաս»։ Ասեղների վրա էի, երբ պատմեց երազի մասին, ու մինչ առաջարկություն անելն արդեն գիտեի, թե ինչ է ասելու։ Ընդամենը երկու շաբաթ էինք ծանոթ, ախր ո՞վ է նման բան անում (ծիծաղում ենք,-հեղ.)։ Ամեն ինչ ասես երազում լիներ։ Արդեն հինգ տարի է՝ ամուսնացած ենք, ու մինչեւ հիմա ծնողները մեզ հիշեցնում են այդ երեկոն։ Իսկ դրանից մեկ ամիս անց արդեն ԶԱԳՍ-ում էինք։ Սկզբում ամեն ինչ ասես կատակ լիներ. բոլորը ծիծաղում էին մեզ վրա, իսկ հետո ամեն ինչ մեր վերահսկողությունից դուրս եկավ, եւ 2021-ից ամուսիններ ենք։ Միայն ժամանակի ընթացում հասկացանք, թե ընտանիք կազմելն ինչ էր նշանակում մեզ համար:   


- Հիմա, երբ ձեր ընտանիքը հինգ տարեկան է, որեւէ բան փոխվե՞լ է ձեր պատկերացումներում:

Վարդգես. Կարծում եմ՝ շատ ճիշտ որոշում ենք կայացրել: Երբ մեր կյանքում կտրուկ փոփոխություններ ու ծանր իրադարձություններ տեղի ունեցան, դրանք մեզ շատ օգնեցին։ Բազմաթիվ մարդկանց գիտեմ, որոնց պատերազմը, տեղափոխություններն ու զորահավաքը կոտրեցին, իսկ մեր դեպքում հակառակն էր՝ ավելի մտերմացանք։

Աքսենյա. Ամուսինը ջերմ ու հուսալի բառ է։ Այդ կարգավիճակը մեզ նորովի է բացահայտել։ Ինքներս էլ չէինք սպասում, որ մեր ամուսնական կյանքի առաջին տարում ստիպված կլինենք տեղափոխվել այլ երկիր։ Ամուսնությունից հետո Վարդգեսն ինձ բերել էր Հայաստան ու ցույց տվել Դիլիջանի իրենց տունը, որտեղ հիմա ապրում ենք: Սովորաբար այդ տան մասին ընտանեկան հավաքույթների ժամանակ էին ծնողները պատմում: 

Վարդգես. Հայրս 27 տարեկան էր, երբ պապիկս մահացավ: Ինչպես բոլոր հայկական ընտանիքներում, մեր դեպքում էլ պապիկի ազդեցությունը շատ մեծ էր։ Ես նրան չեմ տեսել, բայց իր անունն եմ կրում։ Ու հայրս, որ ամեն ինչում նրա վրա էր հույսը դնում, կնոջ, երկու երեխաների ու մայրիկի հետ մնաց միայնակ: Նա բոլորին հավաքեց ու տեղափոխվեց Սոչի։ Երբ առաջին անգամ եկա Դիլիջանի տուն, այնպիսի տպավորություն էր, որ պապիկը հենց նոր է գործն ավարտել ու դուրս եկել. ամեն ինչ իր տեղում էր։ Տունն ասես ժամանակի հուշարձան լիներ՝ պապիկի վերարկուն էր կախված, պահարաններից դեռ հարազատներիս բույրն էր զգացվում, դարակներում միմյանց գրված բացիկներն էին... Պարզապես կյանքը ժամանակի մեջ կանգ էր առել։ Միանգամից հասկացա՝ այդտեղ ինձ ավելի լավ եմ զգում, քան Սոչիում ապրածս 18 տարիների ընթացքում: Երեք տարի սովորել եմ Սլավոնական համալսարանում ու այդ ընթացքում մի քանի անգամ եղել եմ Դիլիջանում, նույնիսկ որոշ ժամանակով բնակվել այնտեղ։ Հարեւանին խնդրել էի էլեկտրականությունը միացնել, ու միայն սառնարանը չէր աշխատում: Ջուր էի կրում, ափսեները լվանում:

Աքսենյա. Միասին այդ ճանապարհն անցանք ու բացահայտեցինք Հայաստանը, որի հանդեպ մեծ սեր ենք զգում։ 


- Ինչպե՞ս տեղի ուենցավ ձեր տեղափոխությունն ու ե՞րբ որոշեցիք հաստատվել այստեղ։

Աքսենյա. Այդքան էլ հեշտ չէր. ավելի շատ ճարահատյալ տեղափոխություն էր: Այդ պահին դեռ չէինք տեսնում այն կետը, որում հիմա գտնվում ենք: Մեկնում էինք դեպի անհայտություն։ Մենք ստեղծագործ մարդիկ ենք. ապրել, արարել ու պարզապես շնչել Ռուսաստանում չէինք կարող։ Մեր մասնագիտություններն այնտեղ իմաստ չունեին. ի՞նչ երգեր ու բանաստեղծություններ գրեինք: Հեռանալը շատ ծանր էր. այն մարդկանցից ենք, որոնք դեմ էին պատերազմին եւ երեք օր ու գիշեր ռուս-վրացական սահմանին են անցկացրել։

Աքսենյա. Հայաստանում լիովին մենակ ենք. սեփական ուժերով ենք մեր տունն ու մեր երազանքի նախագծերը կառուցում:

Վարդգես. Իհարկե, հայրս, ամեն կերպ օգնում է: Ծնողներս երբեմն մեզ հյուր են գալիս։  


Աքսենյա. Մեր ապագան Հայաստանում ենք պատկերացնում։ Երազում ենք բոլորով միասին ապրել: Անգամ մտադիր եմ իմ ընտանիքին այստեղ տեղափոխել։ Վարդգեսի ծնողներն արդեն վաճառում են իրենց տունը, որ միանան մեզ։ Սեփական արմատներին վերադառնալու թրենդի մեկնարկն ենք տվել (ծիծաղում ենք,-հեղ.):

- Ինչպե՞ս այդ անհայտությունն ու անորոշությունը սկսեցին պայծառանալ, ու հասկացաք ձեր անելիքները։

Աքսենյա: Մի որոշ ժամանակ Հնդկաստանում ու Շրի Լանկայում ապրեցինք: Գնացել էինք ճանապարհորդելու ու Ասիան բացահայտելու: Երբ ամրացանք, հասկացանք, որ ուզում ենք մեր բույնն ունենալ, եւ վերադարձանք Հայաստան։ Սոչիում հայրս ինձ բնակարան էր նվիրել, որի վերանորոգումից հետո չեմ էլ հասցրել այնտեղ ապրել։ Այն վաճառել ենք ու հնարավորություն ստացել այստեղ մեր երազանքներն իրականացնել, որոնցից ամենակարեւորը Վարդգեսի հայրական տանը կյանք վերադարձնելն է։ Անգամ հոլովակ ունեմ, թե ինչպիսի թրթիռով ենք առաջին անգամ այնտեղ մուտք գործում։ Տունը լի էր գրքերով, բացիկներով, անգամ տատիկի օծանելիքի շշերն էին պահպանվել։ Ասես նա ու պապիկը 5 րոպե առաջ էին տնից դուրս եկել։ Ընտանիքս նույնիսկ մի քիչ խանդում է, որ այդքան ջերմ եմ վերաբերվում այս երկրին ու հողին (ծիծաղում ենք,-հեղ.): Այս տունը 150 տարի առաջ Վարդգեսի նախապապն է կառուցել: Մենք այն նույնությամբ վերականգնում ենք։ Ամեն ինչ հայկական ավանդույթով ենք արել՝ հիմքին խառնել ենք Վարդգեսի ատամն ու իմ մազափունջը։ Վարդգեսի տատիկը մոլոկան էր, ու այնպես է ստացվում, որ այդ փողոցում նորից Վարդգես է հայտնվել, ում կինը եւս ռուս է (ծիծաղում ենք,-հեղ.): 

- Տավուշում ու Դիլիջանում ի՞նչն եք այդքան շատ սիրում։  

Վարդգես. Ինձ թվում է՝ ասելն անգամ անիմաստ է. այնքան հարազատ է ամեն ինչ։

Աքսենյա. Ապրում ենք փոքրիկ, փակուղային Աղայան փողոցում: Տների մեծ մասը լքված է, ու մեզ համար շատ կարեւոր է այստեղ կյանք վերադարձնել: Պարզապես հիացած եմ բնությամբ: Մեծանալով քաղաքում՝ չէի էլ կարող պատկերացնել, որ այս միջավայրում ինձ այսքան լավ եմ զգալու։ Դիլիջանում հողին կպած ես զգում, ո՛չ առեւտրի կենտրոններ կան, ո՛չ կինոթատրոններ: Դուրս ես գալիս, հարեւաններին «Բարեւ ձեզ» ասում, ու ամբողջ զվարճանքն այդքանով ավարտվում է: Մինչդեռ Դիլիջանում ամեն փողոց մի փոքրիկ տիեզերք է. հայերը սեփական արժեքների, նախնիների ու պատմության հանդեպ խորը հարգանքի հիասքանչ մշակույթ ունեն, եւ այդ ամենի մեջ գտնվելն իսկական կախարդանք է: 


Ինձ հիացնում է, թե ինչպես են մարդիկ միմյանց վերաբերվում։ Մեր մասին կարող են մտածել, որ վայրենիներ ենք. շատ չենք շփվում, հյուր չենք գնում կամ էլ մեր տուն հրավիրում: Գնացել էի մեր հարեւանությամբ գտնվող կրպակից լոբի առնելու, ու վաճառողուհին ասաց. «Ինչո՞ւ չես ուզում ինձ հետ ընկերություն անել»: Զարմացել էի: Շենքում 20 տարի ապրել եմ ու նույն հարկի հարեւաններին անգամ չէի ճանաչում, իսկ այստեղ ամեն մեկը հարցնում է. «Ինչպե՞ս ես»։ Ինձ պես հյուսիսային ինտրովերտ մարդուն այդ ամենը որքան ճնշում, նույնքան էլ հանգստացնում է ու մարդկանց հանդեպ վստահություն ներշնչում։ Գիտեմ, որ այս երկրում երբեք միայնակ չեմ մնա, ու մարդիկ անտարբեր չեն լինի։ Բոլորը գիտեն իմ անունը, երբ ինքս նրանց չեմ էլ ճանաչում։ 

- Արդեն հասցրե՞լ եք գտնել ձեր մարդկանց ու ընկերներին։

Աքսենյա. Մեզ պես շատ ստեղծագործ մարդիկ են հաստատվել Դիլիջանում ու Երեւանում։ Նրանք էլ են սիրում Հայաստանն ու ուզում են այստեղ որեւէ բան ստեղծել, հանգիստ ապրել ու լավ բան անել երկրի համար։ Իրենց բիզնեսներն են տեղափոխել ու հաստատվել այստեղ։ Մենք հիմնականում շփվում ենք մեզ պես ներգաղթյալների հետ. բազմաթիվ ընդհանուր չաթեր ունենք, կիսվում ենք մեր կյանքով ու միմյանց աջակցում։ 

- Ինչպիսի՞ տուն եք ուզում կառուցել եւ ո՞վ է այնտեղ ապրելու: 

Աքսենյա: Շատ կարեւոր հարց է։

Վարդգես. Երեք տարվա ընթացքում պարզապես սիրահարվել եմ այդ տանն ու շատ կապվել։ Հին ճարտարապետությունը շատ էի հավանում: Նստում էի այգում ու լսում թռչունների ձայները, որոնք Դիլիջանում շատ են։ Այն ժամանակ դեռ չգիտեի, որ տունը վերականգնելու ենք։ Երբ աշխատանքները սկսեցինք, ուզում էինք պահպանել դրա բնավորությունը, չափերն ու հարկերի բարձրությունը։ Նույնքան մեծ պատշգամբ ենք արել։ Առաջին հարկում բարձր առաստաղով մեծ հյուրասենյակ ենք կառուցել։ Մեր փողոցը կրում է մանկագիր Ղազարոս Աղայանի անունը: Մեր հարեւանությամբ Դիլիջանի առաջին դպրոցն է, քիչ այն կողմ՝ Թումոն։ Այդ լքված տների կողքով շատ երիտասարդներ են քայլում՝ բոլորը սեւ հագած, ծխում են, էներգետիկների շշերը դեն նետում։ Չենք ուզում, որ մինչեւ իրենց հերթափոխի սկսվելը հենց այնպես դրսում սպասեն։ 

Աքսենյա. Դիլիջանում ամեն ինչ միայն զբոսաշրջիկների համար է արված, իսկ տեղացիների համար ոչինչ չկա։ Մտածում ենք անտիկաֆե բացել, որտեղ մարդիկ իրենց կենցաղը կկազմակերպեն, ժամանակ կանցկացնեն, կշփվեն, կխաղան, կստեղծագործեն: Մեր նպատակը երիտասարներին տարածք տրամադրելն է։ Ես երգչուհի եմ ու նաեւ վոկալ եմ դասավանդում, Վարգեսը դիջեյ է ու կիթառ է նվագում, հիանալի երաժշտական տեխնիկա ունենք, ինքներս էլ սիրով կզբաղվենք նրանց հետ: 


Վարդգես. Ցավոք, մեր հին տնից շատ իրեր չեմ պահպանել, բայց ամբողջությամբ մնացել է պապիկիս մեծ ու հարուստ գրադարանը, Թումոն էլ նախկին գրադարանի շենքն է։ Ուզում ենք առաջին հարկում գրադարան հիմնել, որտեղ մարդիկ գրքերով կփոխանակվեն՝ իրենցը կբերեն ու մեկ ուրիշը կտանեն: Միտքը քաղաքի համար որեւէ պիտանի բան անելն է։ Ուզում ենք գեղեցկություն արարել ու այս ամենով կիսվել հասարակության հետ։ 

Աքսենյա. Եթե անկեղծ, ինձ ամենաշատը երիտասարդներն են մտահոգում, որոնք գնալու տեղ չունեն: Խմբերով հավաքվում են, ծխում, դրա համար էլ ուզում ենք տարբեր տարիքի մարդկանց տարածք տրամադրել։ Տեղացիների ու քաղաքի հյուրերի համար մշակութային ձգողականության վայր ստեղծել։ Իսկ վերեւի հարկում մեր տունն է, որն առանձին մուտք ունի։ Հայաստանում լրիվ մենակ ենք, երկուսիս ուժերով եւ փոքր քայլերով ենք ամեն ինչ իրականացնում։ Ուզում ենք դիմել պետական աջակցություն ստանալու համար, քանի որ այդ վայրն առաջին հերթին քաղաքին է պետք։ Դիլիջանում ամեն ինչ զբոսաշրջիկների համար է, իսկ մենք այնտեղ ապրում ենք ու այն սիրում տարվա բոլոր եղանակներին։ Ուզում ենք, որ այս տանն առաջվա պես ծիծաղ ու երաժշտություն հնչի, ընկերները հավաքվեն ու մարդիկ վերադառնան քաղաք։ 

- Ինչո՞վ եք հարստացրել միմյանց կյանքն ու ի՞նչ եք սովորել իրարից։

Աքսենյա. Իրականում մենք իրար ընդհանրապես նման չենք, այդ թվում՝ արտաքնապես: Չնայած վերջերս շուկայում մի պապիկ՝ ձեռքերը կողքին դրած, լուրջ հարցրեց. «Երկվորյակնե՞ր եք»։ Բայց ներքուստ մենք ու մեր ընտանիքները շատ տարբեր ենք։ Ամենաարժեքավորը մշակութային փորձի փոխանակումն է. միավորվելով՝ հավաքել ենք ամենաթանկն ու լուսավորը, որը կա այդ տարբեր աշխարհներում։ 

Վարդգես. Նորություն չէ, թե որքան դժվար է միավորել հայ ու ռուս մտածելակերպերը։ Մենք հայկական ավանդույթներով ընտանիք ենք, որում միշտ սերն է գերիշխել։ Ամեն երեկո ժամը վեցին բոլորով հավաքվում ենք, միասին ընթրում ու զրուցում։ Հիանալի ավանդույթ է, որը շատ կուզեմ՝ մեր ընտանիքում էլ լինի։ Աքսենյայի ընտանիքում այդպես չէ. ամեն մեկն իր համար ուտում է ու գնում իր սենյակ։ Նման մշակութային տարբերություններն այս հինգ տարիների ընթացքում որոշակիորեն սոսնձում ենք ու ստեղծում մերը։

- Իսկ Ձեր ընտանիքում նման փոքրիկ ավանդույթներ ու սովորություններ արդեն ձեւավորվե՞լ են։ 

Աքսենյա. Մենք դեռեւս ունենք ճկուն լինելու ավանդույթը՝ հասկանում ենք այդ տարբերություններն ու հոգատար ենք միմյանց նկատմամբ։ 


- Ի՞նչ է երջանկությունը Ձեզ համար եւ որքանո՞վ եք հիմա երջանիկ։

Վարդգես. Ժամանակ առ ժամանակ ներսումս տաքություն եմ զգում ու հասկանում, որ  աշխարհում ամենաերջանիկ մարդն եմ։

Աքսենյա. Ինձ համար երջանկությունն աշխարհի տարբեր անկյուններում զարմանալի մարդու հետ, որին ճակատագիրն է կապել, տան զգացողություն ձեռք բերելն է։ Երբ ավարտենք մեր նախագիծն ու բացենք տունը, կուզեմ այլ ուղղություններով էլ ընդլայնվել ու աշխարհի տարբեր կետերում ապահով ու ստեղծագործական կղզյակներ ստեղծել։ Ինձ համար այդ ամենն իմ Վարդգեսի հետ անելը երջանկություն է։

- Ի՞նչ եք սիրում անել միասին ու առանձին։

Վարդգես. Միասին մեդիտացիա ենք անում, փողոցում հետեւում մարդկանց։ 

Աքսենյա. Երբեմն միասին երգեր ենք հորինում, նվագում, բեմում գժություններ անում, սիրում ենք իմպրովիզներ անել, մուլտֆիլմեր նայել։ Երկուսս էլ բնության սիրահար ենք։ Ես նաեւ յոգա ու մեդիտացիա եմ շատ սիրում։  

Վարդգես. Շատ եմ սիրում արշավների գնալ, պարզապես Աքսենյան եղանակային խիստ պայմաններին սովոր չէ ու դեռ հարմարվում է։

Աքսենյա. Վերջին անգամ Գանձաքար ենք գնացել։ Հերթական ճանապարհորդությունն էր դեպի հայկական հոգին, որը չի դադարում ինձ զարմացնել ու համոզել, որ իսկական հայրենիք է։ 

Վարդգես. 2018 թվականից տարվել եմ էլեկտրոնային երաժշտությամբ ու շատ փառատոնների եմ մասնակցել, որոնք հիմա քչացել են ու որակապես էլ փոխվել դեպի վատը։ Դրանք նեղ ուղղվածություն ունեն ու հատկապես Հնդկաստանում են տարածված։ Փառատոնային երաժշտությունն ինձ շատ է տպավորել ու սովորեցրել մեծ ուշադրություն դարձնել տեխնիկական կողմին։ Ուզում եմ կյանքս ձայնային ռեժիսուրայի հետ կապել, դրա հետ մեկտեղ էլ՝ նվագել։ 


Աքսենյա. Մեր ամենամեծ տարբերությունն այն է, որ Վարդգեսը մսակեր է, իսկ ես արդեն 8 տարի է՝ վեգան եմ։ Նույնիսկ մեր հարսանիքն է առանց մսի եղել: Զվարճալի էր նայել, թե ինչպես է սկեսրայրս սոյայի քյաբաբ ուտում, ընդ որում՝ շատ էր հավանել (ծիծաղում ենք,-հեղ.)։ Թեեւ ոչ մեծ սիրով, բայց Վարդգեսի համար միս պատրաստում եմ. ընտանիքը հիմնականում փոխզիջումների ու փոխադարձ հարգանքի վրա է կառուցվում։ 

- Ինչպե՞ս կբնութաֆրեք միմյանց երեք դիպուկ բառերով։

Աքսենյա. Վարդգեսը հանգիստ է, խաղաղասեր, հուսալի։

Վարդգես. Շատ հասարակ բաներ են մտքովս անցնում՝ շատ գեղեցիկ է, խելացի, երրորդը պետք է մտածեմ։ 

- Բնավորության գծեր, որ միմյանց մեջ սիրում եք, ու որոնք մի քիչ նյարդայնացնում են։

Աքսենյա. Սեփական ուժերին վստահ է ու լիցքաթափված, ինչն ինձ՝ որպես շատ անհանգիստ մարդու, հողին է կպցնում ու վերադարձնում մարմին։ Միաժամանակ հենց այդ վստահությունն էլ հունից հանում է (ծիծաղում ենք,-հեղ.)։ Նրա ծնողները միմյանց հանդեպ բացառիկ զգացմունքներ ունեն. ընտանիքում միշտ սերն է իշխել, ու նման ջերմության մեջ մեծացած մարդիկ այնքան սահուն ու գեղեցիկ են առաջ գնում կյանքում, որ դա որքան գրավում, նույնքան էլ խելագարեցնում է ինձ։ Երբեմն չեմ հասկանում, թե ինչպես կարող է այդքան հանգիստ ու լիցքաթափված լինել, մինչդեռ իմ ներսում խառնաշփոթ է՝ ամեն ինչ մտածելու, հաշվարկելու, իրականացնելու ցանկություն։ Պլաններն ու երազանքներն այնքան շատ են։ Մեր այս երիտասարդ տարիքում այնքան մեծ բեռ ենք դրել մեր ուսերին։ Երբ նա հանգիստ ասում է. «Մի մտածիր, մեզ մոտ ամեն ինչ կստացվի», անգնահատելի է։ Իմ հավերժ ուսուցիչն է։

Վարդգես. Նա մեր շարժիչն է. միշտ մտքեր ու գաղափարներ ունի, իսկ ինձ սովորաբար ամեն ինչ ձեռք է տալիս։ Կուզեի ավելի շատ ունենալ նրա այդ նախաձեռնող, ինչ-որ բան անող, առաջ շարժվող ու մոտիվացնող բնավորությունից։ Մինչդեռ հիմա հաճույքով նրա մքտերն իրականցնում եմ։

Աքսենյա. Դու լիցքաթափված հայ ես։ Ես գաղափարն եմ, դու՝ ձեռքերը (ծիծաղում ենք,-հեղ.)։

Վարդգես. Ու նաեւ երրորդ բառն ասեմ՝ հավանում եմ, որ կարողանում է շատ տարբեր հանգամանքների ազդեցության տակ փոփոխվել ու հարմարվել։ Ադապտացվող է։ Ինչ էլ լինի, հարմարվում է։


- Ի՞նչ է սերը ձեզ համար։

Աքսենյա. Կասեի այն, ինչ մի գրքում եմ կարդացել՝ սերը հրդեհ չէ, այլ հանգիստ ու կայուն ջերմություն։ Ինձ համար սերը նման է լույսի, ոչ թե հրդեհի: Իհարկե, կրքի ու զգացմունքների միջով էլ ենք անցել, բայց սերը միշտ հոգում պահպանվող կայուն ջերմությունն է:

Վարդգես. Սերն այն ամենն է, ինչ մնում է այդ խարույկից հետո:

- Ի՞նչ կասեք իրար, որ դեռ չենք հասցրել:

Աքսենյա. Հպարտանում եմ մեզնով: Դեռ մեզ զգում եմ այն զույգը, որը քաղաքով քայլում է, իսկ մարդիկ նայում են ու ժպտում: Երկուսիս տատիկն ու պապիկները նայում են մեզ, մյուսների հետ ծիծաղում ու հպարտանում մեզնով:

Վարդգես. Ամեն ինչ կստացվի։ 

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW