Երբ կավագործությունն ու լուսանկարչությունը հատվում են մի կետում` որպես արվեստի երկու ճյուղեր, մարդիկ էլ դառնում են կենդանի քանդակներ, ծնվում է ինքնատիպ մի ֆոտոնախագիծ, որը պիտի ցուցադրվի է՛լ ավելի հետաքրքիր ու խորհրդանշական վայրում: Նկարչուհի, կավագործ Անի Քանանյանն ու լուսանկարիչ Դամիան Հովհաննիսյանը մոտ մեկ ամիս առաջ որոշեցին միասին ներկայանալ լուսանկարչական ցուցահանդեսով, որը կանցկացվեր հենց Անիենց տուն-արվեստանոցում` նորաբաց «Շուշան» ցուցասրահում: Ինչպես Անին է նշում, այդպիսով արվեստը կենտրոնից բերում են քաղաքի ծայրամաս, այս դեպքում՝ Սարի թաղ:
Հատկանշական է, որ Անի Քանանյանն առաջին անգամ որոշել է ստեղծագործել ոչ թե հարթ կավի վրա, այլ՝ մարդկանց դեմքերի: Առաջարկը Դամիան Հովհաննիսյանինն է, ով, նախկինում տեսնելով Անիի աշխատանքները, հավանել է դրանք ու մտածել համատեղ նախագծով հանդես գալու մասին: «Անկեղծ ասած՝ չէինք կարծում, թե կստացվի, բայց փորձեցինք ու, ինչպես տեսնում եք, ստացվեց, թեեւ փոքր-ինչ բարդ էր. իմ նախորդ աշխատանքների դետալներն օգտագործել մարդկանց դեմքերին ստեղծագործելիս: Կերպարներն ընտրելիս փորձել ենք շեշտել նրանց առանձնահատկությունները. ընդգծել արտահայտիչ աչքերը, հայացքը կամ էլ մազերի դեպքում փորձել եմ նույն ֆակտուրան շարունակել դեմքի վրա»,- պատմել է Անին:
Նա նշել է, որ թեեւ նախապես մտածել է՝ որ կերպարի դեպքում ինչ պետք է անի, բայց աշխատանքի ընթացքում շատ դետալներ փոփոխվել են, նոր մտքեր են ծագել ու զարգացել.«Ինձ համար սա լրիվ նոր ու տարբերվող աշխատանք էր: Փորձել ենք ցույց տալ, թե ինչպես երկու արվեստագետների մոտեցումները կարող են հատվել մի կետում ու դառնալ մի գործ: Քանի որ իմ աշխատանքները հիմնականում բնությունից ազդեցություն ունեն, իսկ բնության ամենավառ ներկայացուցիչը մարդն է, ապա այս դեպքում կարելի է ասել` ընդգծվել է մարդու եւ բնության կապը, եւ այդ ամենը ֆիքսվել է Դամիանի լուսանկարչական կադրերում»:
Ինչ վերաբերում է ցուցահանդեսի անցկացման վայրին, ապա այն, ինչպես պարզվում է, Անիենց տուն-արվեստանոցն է, որ վերջերս դարձել է նաեւ ցուցասրահ.«Առաջին ցուցահանդեսը նոյեմբերին ենք արել`այդկերպ հայտնելով տարածքի ու դրա նպատակների մասին: Մտածում ենք արվեստը կենտրոնից բերել քաղաքի ծայրամաս, այս դեպքում` Սարի թաղ, այսինքն` մի քիչ տարբեր, մի քիչ վտանգավոր, անհասկանալի, քանի որ չգիտենք` ինչպես կընկալվի տարածքը, ինչ կդառնա: Միտք ունենք հետագայում էլի նման նախագծեր անել ու շատ տարբեր ցուցահանդեսներ կազմակերպել այստեղ»,- ասել է նկարչուհին:
Դամիան Հովհաննիսյանը եւ Անի Քանանյանը
Հետաքրքիր է նաեւ, որ Դամիան Հովհաննիսյանն իր այս լուսանկարները ստացել է ժապավենի միջոցով: Նա նշել է, որ իր բոլոր ֆոտոնախագծերի ընթացքում միշտ ժապավենով է լուսանկարում.«Ուղղակի սիրում եմ այդ ոճը, ինձ դուր է գալիս կադրի խորությունը, ձեւը, դինամիկան, վինտաժային տրամադրությունը, ֆոտոխցիկի ձայնը: Այդ ամենը շատ ավելի ստեղծագործական է: Ժապավենը կարծես էներգիա ու կյանք ունենա: Մարդիկ ասում են` ինչու եմ գումար ու ժամանակ ծախսում այդ ամենի վրա, բայց դա այն է, ինչ ես կարողանում եմ անել եւ ինչ սիրում եմ»:
Ի դեպ, ցուցահանդեսի բացման օրը` հունվարի 31-ին, Դամիան Հովհաննիսյանը նշում էր ծննդյան տարեդարձը: Ասում է՝ քանի որ այդ օրվա հետ կապված պլաններ չի ունեցել, Անիին առաջարկել է հենց հունվարի 31-ին բացել ցուցահանդեսը.«Միշտ շատ փակ ընկերական շրջապատում են անցել ծննդյանս օրերը, իսկ այս անգամ այնքան անծանոթ մարդիկ կան, ինչը շատ լավ է, շատ հավես է (ժպտում է,- հեղ.)»:
Անի Քանանյանի եւ Դամիան Հովհաննիսյանի համատեղ ֆոտոցուցահանդեսը բաց կլինի մինչեւ փետրվարի 12-ը: Ովքեր չեն հասցրել բացմանը ներկա գտնվել, դեռ հնարավորություն ունեն տեսնել երկու ստեղծագործողների ինքնատիպ աշխատանքները:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: