×


Տիգրան Ներսիսյանը եւ Նելլի Խերանյանը՝ դուստրերի հետ

«Իրեն իմ կյանքն եմ նվիրել». Տիգրան Ներսիսյանի եւ Նելլի Խերանյանի ընտանիքը

1988 թվականի հունվարի 30-ին Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը միմյանց հավերժ սիրելու եւ հավատարիմ լինելու խոստում են տվել: Վաստակավոր արտիստուհին BRAVO.am-ին հարսանեկան արխիվային լուսանկար է տրամադրել եւ հիշողություններով կիսվել:

«Բավական ավանդական եւ ուրախ հարսանիք ենք ունեցել: Այն ժամանակ խնջույքները տանն էին անում, մենք էլ Տիգրանենց տանն էինք հավաքվել: Հաճախ ենք հիշում այդ օրը, հատկապես այն պահը, երբ տան շեմին ափսեները կոտրելու պահին կոշիկիս կրունկը կոտրվեց: Սկեսուրս ինձ մեկ ուրիշը տվեց: Կային մարդիկ, որ սնահավատորեն էին մոտենում հարցին՝ ասելով, որ լավ նշան չէ, բայց ինչպես երեւում է՝ այսքան տարի անցավ այնպես, ինչպես մենք ուզեցինք անցկացնել»,- պատմել է Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին:

Նելլի Խերանյանի եւ Տիգրան Ներսիսյանի հարսանիքին (Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից)


Ամուսինների համար տարիներն ակնթարթի պես են անցել.«Մեկ-մեկ թվում է՝ երկրագունդը սկսել է արագ պտտվել, տարիներն անսահման արագ են սահում, չենք հասկանում, թե ինչպես 32 տարի ապրեցինք միասին»:

Երրորդ երեխա ունենալու հարցը չի քննարկվել.«Նույնիսկ չենք խոսել այդ մասին: Բայց երկու հղիություններիս ժամանակ էլ տղա ունենալու մասին խոսակցություններից չենք խուսափել: Ինչպես իմ, այնպես էլ Տիգրանի համար երեխայի սեռը երբեք կարեւոր չի եղել: Մեր երկու աղջիկների՝ Անիի եւ Մանեի լույս աշխարհ գալու ժամանակ էլ ամուսինս անսահման երջանիկ է եղել: Մեզ համար մեր երեխաները ե՛ւ աղջիկ են, ե՛ւ՝ տղա»:

Տիգրան Ներսիսյանը եւ Նելլի Խերանյանը


Դերասան-ամուսինների ամենամեծ քննադատն ավագ դուստրն է.«Տանն էլ մշտապես աշխատանքային բուռն քննարկումներ ենք ունենում, որոնք հաճախ վեճերով են ուղեկցվում: Մենք հաշտվում ենք, տուժում են միայն հարեւանները, ովքեր ստիպված հանդուրժում են մեր աղմուկը, չնայած՝ արդեն սովորել են, չեն դժգոհում (ծիծաղում է,-հեղ.): Այնպես է ստացվել, որ վերջին տարիների մեր ամենաանողոք քննադատը մեր աղջիկն է՝ Անին: Ինքն է միշտ ճշմարտությունը հենց դեմքներիս ասում: Բոլորս էլ արվեստագետ ենք ու մյուսի ամենանուրբ կողմերը լավ գիտենք, աշխատում ենք չդիպչել դրանց»:

Հոբելյանական օրն ամուսիններն աշխատավայրում են անցկացրել. «Սովորական օր էր, արտառոց որեւէ բան չենք կազմակերպել: Տիգրանն ամեն անգամ ինձ հաճելի նվերներ է մատուցում՝ նախապես ճշտելով, թե ինչի կարիք ունեմ: Ես իրեն իմ կյանքն եմ նվիրել»,- եզրափակել է Նելլին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նելլի Խերանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW