Դերասանուհի Իննա Խոջամիրյանը վերջերս հաճախ է թարմացնում իր պորտֆոլիոն: Նոր ֆոտոշարքը նա առաջինը տրամադրել է BRAVO.am-ին, իսկ զրույցի ընթացքում խոսել է սոցցանցերում ակտիվության, համեմատաբար թեթեւ աշխատանքային գրաֆիկի, անձնականը չհանրայնացնելու պատճառների մասին, եւ ոչ միայն:
Սելֆիները՝ գլխացավանք
Այժմ ոչ թե սոցցանցային իրականությունն ու ակտիվությունն են ենթարկվում քեզ, այլ դու ես պարտավոր հետեւել որոշակի վիրտուալ միտումների ու պահանջների: Սոցակտիվությունը պահպանելու հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ լուսանկարիչների հետ ստեղծագործում եմ: Այնուամենայնիվ, եթե այսպես թե այնպես լուսանկար պիտի ունենաս, գրագետ ու պրոֆեսիոնալ լուսանկարներն ավելի էսթետիկ են գլխացավանք սելֆիներից:
Իննա Խոջամիրյանը
«Շատուշատ արժեքներ վերանայել եմ»
Լուսանկարվելն էլ է արվեստ, չնայած՝ վաղուց աղավաղվել է բուն իմաստը: 2000-ականներին, հիշում եմ, լուսանկարվելն, այնուհետեւ այդ լուսանկարները ձեռք բերելը մեծ արարողություն էին: 1 ժապավենը 20 կամ 36 նկարի հնարավորություն էր տալիս, ու դա այնքան կարեւոր ու մեծ թիվ էր:): Հիմա ամեն բան արժեքը կորցրել է կամ նվազեցրել, ժամանակը թերեւս ամենասարսափելի երեւույթն է. շնչելուն հավասար վազում է: Մեկ-մեկ դժվարանում եմ ընկալել, որ վաղուց արդեն պատանի չեմ, բայց, ինչ խոսք, շատ եմ մեծացել: Շատուշատ արժեքներ վերանայել եմ, դրա հետ մեկտեղ՝ շատուշատ մարդկանց ու երեւույթներ:
«Հանգամանքները նպաստեցին»
2019-ն իմ տարին էր. հաճախ եմ սիրում կրկնել, որ խոզի տարում 12 տարով մեծացա մինչ հաջորդ խոզին հանդիպելը: Այդպես էլ կա: Հետաքրքիր ու պարադոքսալ փոփոխությունների եմ ենթարկվել եւ շնորհակալ եմ հանգամանքներին ու իրադարձություններին, որոնք նպաստեցին այդ ամենին: Աշխատասեր եմ, չեմ կարող հանգիստ նստել:
Իննա Խոջամիրյանը
«Նյարդայնացնում է»
2020-ը տարօրինակ կերպով փոքր-ինչ թեթեւ գրաֆիկով եմ սկսել, օրեր են լինում՝ 7-8 ժամ հասցնում եմ քնել, ինչն ինձ, ծիծաղելի է, բայց նյարդայնացնում է: Ամենը նորից արագ ու խիտ տեմպի մեջ կընկնի հենց ձմեռն անցնի:
«Անձնականս փակ է»
Ինչ վերաբերում է անձնականին, այն փակ է ու ոչ հանրային, ինչի շնորհիվ ապահով եմ եւ ավելի ներդաշնակ: Հակառակ դեպքում նույնն է, ինչ տանդ դռները պարբերաբար բաց թողնես. մի գեղեցիկ օր օտար որեւէ գող կմտնի, կավիրի ու կթալանի ամբողջը:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ soghoyan_photography
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: