×


««Գոշայի» նկարահանումներն ավարտել ենք դեռ հինգ տարի առաջ». Մկրտիչ Արզումանյան

«Գոշա» կատակերգական սերիալը, որի գլխավոր դերակատարը Մկրտիչ Արզումանյանն է, արդեն ռուսական «Սուպեր» հեռուստաալիքի եթերում է: BRAVO.am-ը դերասանի հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ է պարզել հումորային նախագծի մասին: Չնայած՝ ռուսական արտադրության սերիալը մի քանի օր է, ինչ ցուցադրվում է, նկարահանումներն ավարտվել են դեռեւս 2014 թվականին:

««Գոշան»-ն շատ սիրելի եւ երկար սպասված նախագիծ է, որի նկարահանման աշխատանքներն ավարտել էինք դեռ հինգ  տարի առաջ, սակայն տեխնիկական որոշ խնդիրների պատճառով հիմա է հեռարձակվում: Նույնիսկ կարող եք նկատել, որ այնտեղ ես լրիվ այլ կերպար եմ եւ տարբերվում եմ այժմյան Մկրտիչ Արզումանյանից (ծիծաղում է,-հեղ):



Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այդ ժանրում հանդես գալ, ու կարծում եմ` ամենաբարդ ժանրերից մեկն է, որտեղ ունես նվազագույն տեքստ եւ հույզերով պետք է այնպես արտահայտվես, որ չլինի քիչ, բայց նաեւ շատ չլինի. տեսախցիկը չի սիրում շատ էմոցիաներ:

Գաղափարը, որ  վաղուց էինք ուզում իրագործել, նախագծի ստեղծագործական պրոդյուսեր Սարգիս Մնոյանինն է, իսկ սցենարի վրա իմ լավ ընկերները՝ Աշոտ Աբրահամյանն ու Սարգիս Մնոյանն աշխատել են միասին: Ուրախ եմ, որ Yellow, Black and White ընկերությունը, որը ռուսական կինոարտադրող լավագույն ընկերություններից մեկն է, եւ մասնավորապես դրա գլխավոր տնօրեն Էդուարդ  Իլոյանը հավատաց մեզ, հավատաց սցենարին, եւ ի վերջո իրականացրինք այս նախագիծը»:

Դերասանի խոսքով՝ նկարահանումները տեւել են 3 ամիս՝ առանց հանգստի, գրեթե չքնելով, աշխատելով յուրաքանչյուր ժեստի եւ միմիկայի վրա.«Այդ ընթացքում Գոշան դարձել էր մեր ներքին աշխարհը, մեր եսը. բոլորս ապրում էինք այդ կերպարով:

Մկրտիչ Արզումանյանը՝ Գոշայի կերպարում


«Գոշայի» ռեժիսորը Միխայիլ Միրոնովն է, եւ կարծում եմ՝ շատ բախտավոր ենք, որ հենց նա ղեկավարեց նկարահանման ողջ ընթացքը: Նա մեծ փորձ ունի, աշխատել է Տաբակովի թատրոնում՝ հենց  Տաբակովի հետ, իսկ այժմ՝ «Երեկոյան Ուրգանտ»-ի ռեժիսորն է:

Հիմա  մտքեր կան՝ կապված երկրորդ եթերաշրջանի հետ, ու պետք է ասեմ, որ այժմ ես շատ ավելի պատրաստված եմ, չնայած՝ առաջին եթերաշրջանում էլ ջանք չենք խնայել լավ արդյունք ստանալու համար: Սցենարական առումով եւս հետաքրքիր գաղափարներ ունենք, այնպես որ, եթե լինի երկրորդ եթերաշրջանի հնարավորություն, այն կլինի մի ուրիշ աշխատանք, քանի որ մեզ կօգնի առաջին եթերաշրջանի փորձը»,- ամփոփեց Մկրտիչ Արզումանյանը:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մկրտիչ Արզումանյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին