«Երկուսով» սերիալում տարբերվող հայացքներով, աշխույժ աղջկան` Եվային, մարմանվորող դերասանուհի Վիկտորյա Սահակյանն այս շրջանում հանգստանալու ժամանակ չունի: 24-ամյա դերասանուհին սերիալից բացի, զբաղվածություն ունի միանգամից մի քանի ներկայացումներում: Վիկտորյան BRAVO.am-ին պատմել է իր եւ Եվայի նմանությունների, տրամադրության փոփոխությունների, դաջվածքների եւ թատրոնի մասին:
«Հեշտ ստացվեց»
Օրերից մի օր նամակ ստացա, որ Արամ Շահբազյանն ուզում է տեսնել ինձ Եվայի դերի համար: Գնացի այն մտադրությամբ, որ պետք է փորձնական նկարահանումներ անենք, բայց չարեցինք: Արամն ինձ հիշեց մեկ այլ նախագծի քասթինգից ու ասաց, որ ստեղծված եմ այս դերի համար: «Երկուսով»-ի անձնակազմի հետ հեշտ լեզու գտանք: Հրաշալի անձնակազմ է, արդեն ընկերացել ենք: Քանի որ Զիրոյանի հետ նույն թատրոնից ենք, ամեն ինչ ավելի հեշտ ստացվեց:
Վիկտորյա Սահակյանը
Կարծիքների մասին
Հետեւում եմ մեկնաբանություններին, կարդում եմ հաղորդագրություններն ու, բնականաբար, որպես դերասանուհի՝ ինձ շոյված եմ զգում: Երբ ձմռան ցրտին նկարահանվում ես ու սառչում, գալիս ես տուն, կարդում դրական կարծիքները, մոտիվացվում ես: Կան նաեւ բացասական կարծիքներ, դրանցից վատ չեմ զգում: Քանի դեռ կարծիքը վիրավորանք չի դարձել, սրտնեղել պետք չէ: Հեռուստադիտողի ցանկացած կարծիք պետք է ընդունել ու փորձել շտկումներ անել:
«Շատ նման ենք»
Սիրում եմ կերպարս, ուրախ եմ, որ ընդգծված բնավորություն ունի: Ես ու Եվան շատ նման ենք: Եվան երազանքներով աղջիկ է, ձգտում է ազատության, եկել է գյուղից ու մտածում է, որ առաքելություն ունի այս աշխարհում: Ես էլ Կապանից եկա Երեւան, որ սովորեմ, կառուցեմ իմ կյանքը: Սկզբում շատ դժվար էր, չունեի ոչ մի ծանոթ, ով կարող էր օգնել, բայց հասա այն ամենին, ինչի մասին երազում էի: Ես չեմ էլ փորձում այլ կերպ խաղալ. նույնականանում եմ կերպարիս հետ: Ով ասում է, որ իր ու իր կերտած կերպարի մեջ նմանություն չկա՝ ստում է:
Վիկտորյա Սահակյանը եւ Մկրտիչ Արզումանյանը
«Տրամադրության մարդ եմ»
Սիրում եմ հաճախ փոփոխություններ անել, տրամադրության մարդ եմ: Կարող եմ շատ արագ որոշել ու փոխել մազերիս գույնը, կտրվածքը, նոր դաջվածք անել: Կարծում եմ՝ հասուն աղջկա համար այնքան էլ լավ հատկանիշ չէ: Կան որոշումներ, որոնք պետք է կայացնել միայն երկար մտածելուց հետո: Ունեմ երկու դաջվածք. մեկը շատ փոքր է՝ ոտքիս, մյուսը ձեռքիս վրա է ու բավական մեծ է: Քանի որ ես համաստեղությամբ առյուծ եմ, մտածեցի՝ պետք է ձեռքիս առյուծ լինի: Հիմա փոշմանել եմ, չէի անի:
Թատրոնի մասին
Այս աշխարհում իմ ամենասիրելի կառույցը թատրոնն է: Թատրոնն այն վայրն է, որտեղ ես ինձ լիարժեք եմ զգում, կարողանում եմ ստեղծագործել: Հիմա զբաղվածություն ունեմ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ, խաղում եմ Դայայի դերում, «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացման մեջ չորս աղջիկներից մեկն եմ, խաղում ենք հենց մեր անուններով: Խաղում եմ նաեւ #saveմիլիոն ներկայացման մեջ, որի գլխավոր կերպարում Մկրտիչ Արզումանյանն է: Հանգստանալու ժամանակ չունեմ:
Զրուցեց`Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Վիկտորյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: