×


Երեւանի աղմուկը՝ արվեստի լեզվով․ հույն դիջեյն օդի աղտոտվածությունը կվերածի երաժշտության

Քաղաքն ունի իր ուրույն ձայնը՝ մեքենաների անդադար շարժը, անցորդների խոսակցությունները, շինարարական աղմուկն ու քամին ձեւավորում են այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք։ 

Բայց ի՞նչ կլինի, եթե այդ ամենօրյա աղմուկը ոչ թե անտեսենք, այլ դարձնենք արվեստի մաս։ Այս հարցի պատասխանն են փնտրում «Today Art Initiative»-ի շրջանակում կազմակերպված ձայնային արվեստի աշխատարանի մասնակիցները՝ հույն սաունդ արտիստ, դիջեյ ու պրոդյուսեր Վիրջինիա Վասիլակուի հետ։

Նախաձեռնության ներկայացուցիչ Լիլիթ Ստեփանյանի խոսքով՝ « Today Art» նախաձեռնությունը ստեղծվել է 2014 թվականին ու հիմնականում կազմակերպում է ցուցահանդեսներ ու Art Residency Երեւանում ու գյուղերում, աշխատում ժամանակակից արվեստի սկսնակների հետ։ 


«Երեւանում նոր ենք սկսել այս տարածքում աշխատել, շատ ուրախ եմ, որ Հայաստանը կարողացել է դառնալ այդ ցանցի անդամ։ Այսօրվա աշխատարանի հիմնական թեման մայրաքաղաքի օդի աղտոտվածությունն է։ Նոր էլ քայլում էինք ու խոսում, թե որքան աղտոտված է քաղաքը»,- նշել է նա:

Վիրջինիա Վասիլակուն հյուրընկալվել է «Oasis» նախագծի շրջանակում, որը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մաս է եւ ընդգրկում է 13 «օազիս» աշխարհի տարբեր երկրներում՝ Բրյուսելում, Վարշավայում, Թբիլիսիում, Լիսաբոնում եւ այլուր։ Հայաստանում ներառված են Երեւանն ու Թալինը:

Աշխատարանի ընթացքում մասնակիցները դուրս են գալիս «լսողական զբոսանքի»՝ շրջում են հարակից թաղամասերով, ուշադրությամբ լսում շրջապատն ու ձայնագրում քաղաքային իրականության այն դրվագները, որոնք սովորաբար վրիպում են ուշադրությունից։ Ձայնագրությունները հավաքվում են մեկ նպատակով՝ ստեղծել կոլեկտիվ ձայնային ինստալացիա, որը կարտացոլի Երեւանի էկոլոգիական ու տրանսպորտային զարկերակը։

Վիրջինիա Վասիլակուն Երեւանում է օդի աղտոտվածությունը գեղարվեստորեն ուսումնասիրելու համար, նա նաեւ բացատրում է, թե քաղաքի երթեւեկությունն ինչպես է կապված աղտոտվածության հետ։ Մասնակիցների հետ քաղաքում ձայներ են ձայնագրելու, հետո միասին լսելու են ու ներառելու վերջնական ստեղծագործության մեջ․ «Բոլորն էլ լսում են մեքենաների կամ երթեւեկության աղմուկն ու փորձում փակել ականջները, բայց այդ ամենը կարող է դառնալ շատ հետաքրքիր երաժշտական կոմպոզիցիա»։


Վասիլակուն Հայաստանում առաջին անգամ է, բայց մեկ շաբաթն էլ բավական է եղել Երեւանին սիրահարվելու համար։ Ասում է՝ հիացած է հին ու նոր ճարտարապետության հակադրությամբ, համեղ խոհանոցով, մարդկանց հարգալից վերաբերմունքով ու քաղաքի ապահով միջավայրով, որտեղ դարավոր պատմությունն ու մշակույթն ապրում են մարդկանց առօրյայում։ 

Իսկ Երեւանի ձայնը հույն արվեստագետը գտել է հանրային տրանսպորտով երթեւեկելիս։ Ավտոբուսի ու գնացքի ձայներն իսկապես գերել են նրան՝ դրանք կտրուկ հնչյուններ, բայց կոմպոզիցիոն առումով նաեւ շատ ինտենսիվ մեղեդի ունեն։

«Ինձ համար Երեւանի ձայնը միանշանակ երկար, բարձր տոնայնությամբ, մռնչացող հնչյուն է, որը շատ մթնոլորտային է, բայց միաժամանակ՝ անընդհատ տատանվող։ Իհարկե, հիմա բառերով կատարյալ չեմ նկարագրի այն, բայց արդյունքը կլսենք վերջնական ստեղծագործության մեջ»,- բացատրել է երաժիշտը:

Երեւանյան փողոցների աղմուկը, տրանսպորտի ընթացքն ու քաղաքի շնչառությունը շուտով կվերածվեն ամբողջական երաժշտական պատմության, որը երեւանցիներին կստիպի նորովի լսել իրենց ամենօրյա քաղաքը եւ արվեստի միջոցով մտածել օդի մաքրության մասին։

Տեքստը՝ Կիմա Սարգսյանի
Լուսանկարները՝ Լիանա Թեհմուրյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW