×


«Մակաբույծը» ֆիլմի պաստառը

Օսկարը խոսում է կորեերեն. 92-րդ մրցանակաբաշխության գլխավոր հաղթողների մասին

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը BRAVO.am-ի համար ամբողջացրել է իր տպավորությունները երեկ տեղի ունեցած կինոմրցանակաբաշխության վերաբերյալ:

Կինոփառատոներից Օսկար. միջազգային կորեական ուղի

2019 թվականի Կաննի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր, անցած տարվա ամենաքննարկված փառատոնային երեւույթը՝ հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոն եւ իր «Մակաբույծը» (ռուսական վարձույթում ֆիլմի անվանումը դարձել է հոգնակի) նոր տասնամյակի առաջին Օսկարի աննախադեպ եւ առաջնային հաղթողն է ոչ միայն գլխավոր՝ Լավագույն ֆիլմ, այլ նաեւ հիմնական մյուս բոլոր անվանակարգերում (Լավագույն ռեժիսոր, Լավագույն օրիգինալ սցենար, Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ)։ Այս բացառիկ պատմական երեւույթը շատերը շտապում են անվանել հեղափոխական. եթե Կաննի կինոփառատոնի պարագայում Արեւելյան Ասիայի կինեմատոգրաֆի հաղթանակը համաշխարհային կոնտեքստում հնարավոր էր, ապա ազգայինը խրախուսող, Հոլիվուդի կինոարտադրության խթան-ջատագով համար մեկ մրցանակաբաշխության համար այն անասելի ճոխություն է։ 2017-ին՝ հաղթական Կաննից ընդամենը երկու տարի առաջ, նույն Կաննում՝ ֆրանսիական ամենահեղինակավոր կինոփառատոնի պրեմիերայի ժամանակ տեղական կինոքննադատներն ու լրագրողները սուլելով դիմավորեցին Պոն Ջուն Հոյի նախորդ ֆիլմը՝ «Օկջան»՝ Netflix-յան հակակինոթատրոնային քաղաքականության պատճառով. այդ եւ նախորդ՝ «Ձյան միջով» ֆիլմերի շնորհիվ ռեժիսորը փորձում էր գրավել ամերիկյան կինոշուկան, սակայն ապարդյուն։

Պոն Ջուն Հոն


Հետաքրքիր է եւ հատկանշական, որ հենց այս տարի Օսկարը փոխեց իր կարեւորագույն ոչ լոկալ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի անվանումը՝ դարձնելով «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ»։ Անվանակարգում իրար հետ մրցող հարավկորեականը, ֆրանսիականը կամ իսպանականն ամերիկացի սպառողի եւ կինոակադեմիկոսի համար այլեւս «օտար» չեն, այլ՝ միջազգային (ուրեմն՝ նաեւ համաշխարհային) կոնտեքստի մի մասնիկ՝ այդ կերպ մտերմանալով նույն Կաննի կամ Վենետիկի հետ (այդտեղ անցած տարի «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց ամերիկյան «Ջոքերը»)։  

Բացի գլխավոր միջազգային անվանակարգի վերանվանումից, այս տարվա Օսկարի ձայնի իրավունք ունեցող 8500 կինոակադեմիկոսների շարքերը գրավող արտասահմանցիների քանակն ավելացավ 20%-ով. ինչ է սա, եթե ոչ ամերիկյան տեղային կոնտեքստից մի փոքր հեռանալու եւ հաղթանակի համար ավելի օբյեկտիվ պայմաններ ստեղծելու նախապայման։

Անգլալեզու. բրիտանական եւ ամերիկյան

«Մակաբույծ»-ից բացի, «Լավագույն ֆիլմ» դառնալու ահռելի շանսեր ուներ տեխնիկապես գերազանց ստեղծված «1917» ռազմապատմական դրաման, որի ռեժիսոր Սեմ Մենդեսն արդեն արժանացել է Օսկարի թե՛ «Լավագույն ռեժիսոր», թե՛ «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում (խոսքն «Ամերիկյան գեղեցկություն» ֆիլմի մասին է), իսկ «1917»-ն օրեր առաջ դարձավ լավագույնը Bafta-ի շրջանակում։ Սակայն Բրիտանական գլխավոր կինոմրցանակաբաշխության կոնտեքստը եւ քաղաքականությունը կարող են չհամընկնել ամերիկյանի հետ, եւ Bafta-ն, ինչպես եւ Օսկարը, ունի սեփական հավակնությունները, այդ թվում՝ հայրենասիրական եւ ազգային։ 70-ամյա բեմադրող օպերատոր Ռոջեր Դիքինսի ինտենսիվ, փառահեղ եւ տպավորիչ տեսախցիկային էպոպեան, արժանանալով «1917»-ի համար «Լավագույն օպերատորական աշխատանք»-ին, կարելի է ասել՝ տեղն է գցում եւ տարանջատում է վիճելի տեխնիկական բաղադրիչը ստեղծագործականից։

Մի դերակատարի ֆիլմ

Ինչպես եւ Դիքինսի շքեղ տեսախցիկը դառնում է մթնոլորտային «1917»-ի գլխավոր լիիրավ դերակատար, այդպես էլ իսլանդացի կոմպոզիտոր Հիլդուր Գուդնադոտիրը «Ջոքեր»-ի համար արժանվույն վաստակում է իր առաջին երաժշտական Օսկարը՝ 2019-ի ամենատպավորիչ եւ խորաթափանց ելեւէջների համար. «Ջոքեր»-ից զատ հիշենք նաեւ «Չերնոբիլ»-ի համար իր կերտած երաժշտական նվագակցությունը։

Խոակին Ֆենիքսի «Ջոքերը» եւ արդյունքում ստացած «Լավագույն դերասանի» արձանիկը, (ինչպես եւ Լեոնարդո ԴիԿապրիոյի «Փրկվածը»), տասնամյակներ ընթացող կարկառուն դերասանական կարիերայի եւ լավագույն ռեժիսորների հետ քրտնաջան աշխատանքի արդյունք է. գերկարեւոր մի քանի դերակատարումների եթե ոչ գագաթնակետը, ապա կաթիլ առ կաթիլ, դեր առ դեր կուտակված դերասանական վարպետության լուծումների, հղկված տեխնիկայի եւ դերի մեջ, ինչպես նշանակետի, ուղիղ կրակելու արդյունքը։

Խոակին Ֆենիքսը, Ռենե Զելվեգերը եւ Բրեդ Փիթը


Ոչ պակաս նպատակասլաց աշխատասիրության եւ ֆիզիկական զոհողությունների արդյունք է «Լավագույն դերասանուհու» Օսկարը, որը հանձնվել է Ռենե Զելվեգերին՝ «Ջուդի» կենսագրական ֆիլմի համար։ Օսկարը հարգում է Ամերիկայի ավանդույթները եւ երբեք չի անտեսում Հին Հոլիվուդի ոսկե ժամանակները՝ այդ կերպ հարգանք ցուցաբերելով իր իսկ պատմության հանդեպ։ Տարվա ամենահոլիվուդյան ֆիլմի՝ Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում»-ի նոմինացիան եւ Բրեդ Փիթի առաջին դերասանական Օսկարը նույնպես պատկանում են այդ շարքին։ Գուցե Փիթի մրցանակը, ինչպես եւ Նոա Բաումբախի «Ամուսնական պատմության» համար Լորա Դերնին բաժին հասած Օսկարը, դիտարկվեն իբրեւ մխիթարիչ մրցանակներ, պետք է հստակ հասկանալ, որ ե՛ւ Փիթը, ե՛ւ Դերնը 80-ականների վերջից նկարահանվում են ամերիկյան կինեմատոգրաֆի կարեւորագույն ռեժիսորների ֆիլմերում եւ վաղ թե ուշ արժանանալու էին բաղձալի արձանիկների՝ հնարավոր է՝ մի քանի անգամ։ Դերնի մասնակցությունը Դեւիդ Լինչի ֆիլմերում հավերժ ամրագրել է դերասանուհուն Միացյալ Նահանգների հեղինակային կինեմատոգրաֆի պանոպտիկումում, իսկ Բրեդ Փիթը պարզապես իր ժամանակաշրջանի ամենագնահատված եւ վառ դերասաններից է՝ ոլորտի կարեւորագույն խորհրդանիշներից մեկը։ Այդպես է նաեւ մրցանակների պարագայում. դրանք հաճախ տրվում են կուտակած ավանդի եւ խորհրդանշական դերի համար, եւ ոչ թե կոնկրետ դերասանական աշխատանքի: Հաճախ հաղթանակի գործոնը կախված է միջազգային կամ տեղային սոցիալ-քաղաքական իրավիճակից, եւ թե ում հետ է կինոգործիչը մրցում։

Թայքա Վայթիթիի «Ջոջո ճագարը» եւ Գրետա Գերվիգի «Փոքր կանայք» այս հաղթարշավի մեջ ճիշտ իրենց տեղերում են՝ չանտեսվելով եւ գնահատվելով մաքսիմալ տրամաբանական՝ «Լավագույն ադապտացված սցենար» եւ «Լավագույն կոստյումներ»։ Չնայած այն փաստին, որ Վայթիթիի ֆիլմը մի փոքր կաղում է ժանրային առումով եւ չի կողմնորոշվում սատիրական տրագիկոմեդիա է, թե պատերազմական դրամա՝ հիմնական կատակերգական լուծումով։ Էկլեկտիկ, միաժամանակ մի քանի կետի խփող ֆիլմերը անցած տարվա եւ այս Օսկարի տենդենցներից են. մեկ հերոսի ողբերգություն, սոցիալական դասակարգերի եւ աշխատաշուկայի վատ պայմաններ, փախուստ սեփական խնդիրներից եւ խեղդող սոցիումից։ Հերոսը վերածվում է հակահերոսի եւ հենց դրա մասին է Թոդ Ֆիլիփսի «Ջոքերը», որտեղ հիմնական խաղաքարտը գլխավոր դերասանն է՝ ֆիլմի հետ ապրումակցելու բարդ խնդիրն իր ուսերի վրա տանողը։ Մինչ «Մակաբույծը» կոմպլեքսային աշխատանք է՝ ավելի բազմաշերտ, միաժամանակ պարզ եւ խորամանկ ռեժիսորական լուծումներով։

Այս ամենի մեջ ամենաշատն ուրախացնում է այն, որ մեծ եւ ազդեցիկ հարթակները, ինչպես Օսկարը, բարձրացնում են արդի հեղինակների սարկաստիկական, համամարդկային եւ սոցիալական անարդարության մասին ճչացող ստեղծագործությունները։ Եվ կարեւորը՝ ասելիքը տեղ հասնի կորեերեն թե անգլերեն՝ համաշխարհային տեսանկյունից արդեն էական չէ։

Դիանա Մարտիրոսյան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW