Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 160-րդ հոբելյանին ծանոթ դերասաններին հանդիսատեսը բեմում տեսավ բոլորովին այլ ձեւաչափում: Այն, որ դերասանները կարողանում են գրեթե ամեն ինչ, եւս մեկ անգամ համոզեց Գյումրու թատրոնի անձնակազմը։ Երկրի ամենահին թատրոններից մեկի տարեդարձը նշվեց «Արտիստիկ համերգով»՝ դերասանները երգում էին, պարում, հիացնում իրենց վարպետությամբ: Բեմում տիրող համընդհանուր ուրախության մի մասն էր կազմում նաեւ Գյումրու «Ֆոլկաստիկ» բենդը:
Թատրոնի անձնակազմի հին ու նոր սերնդին համերգի շուրջ էր միավորել ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը, պարերի բեմադրությամբ զբաղվել է Արինա Արարատյանը, իսկ գեղեցիկ զգեստների հեղինակը Լուսինե Խաչատրյանն է: Հետագայում համերգը ներկայացման է վերածվելու եւ ընդգրկվելու է թատրոնի խաղացանկում։
Համերգը սկսվեց իսպանական, գնչուական ու սերբական երգերի ռիթմիկ հնչյուններով. բեմում վերաստեղծվել էին Էմիր Կուստուրիցայի ֆիլմերի տրամադրությունն ու ոգին՝ սիրախաղեր, համբույրներ ու առեւանգումներ, վեճեր ու խմիչք։
Երկրորդ հատվածում արդեն հայկական ավանդական եւ սիրված երգերն էին, սարյանական գույներն ու ոգին։ Փոխվեցին ոչ միայն զգեստները, այլեւ դերասանների շարժումներն ու խառնվածքը։ «Մախմուր աղջիկը», «Խիո-խիո»-ն, «Եղնիկի պես ծուռ մի աշե»-ն ու «Շալախո»-ն այլ կերպ հնարավոր էլ չէ կատարել:
Իսկ վերջին հատվածի համար ընտրվել էին ջազ երգեր: Երեկոյի ավարտն ազդարարվեց մեծ դիմակահանդեսով, երբ բոլորը տոնական զգեստներով ու դիմակներով կատարեցին «Օպերայի ուրվականը»:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում նաեւ ներկայացվեց թատրոնի գործունեությանը նվիրված «160 ակնթարթ» խորագրով ֆոտոալբոմը։ Այն կազմել է թատրոնի պատմության գիտակ, Հայաստանի վաստակավոր արտիստ, 2024-ին «Լավագույն դերասան» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացած Տիգրան Գաբոյանը։
Այնպես էր ստացվել, որ հոկտեմբերի 25-ին ոչ միայն թատրոնի 160-ամյակն էր, այլ նաեւ նշվում էր Ավետիք Իսահակյանի 150-մյակը:
«1865 թվականի մայիսի 23-ին բացվեց քաղաքային ակումբի վարագույրն ու ազդարարվեց ներկայացումը. Գյումրիում համաժողովրդական ցնծություն էր։ Ժամանակի պահանջն է եղել, որ այս թատրոնը ծնվի։ Նրա պատմությունը վավերացրել ենք ֆոտոալբոմում, որտեղ տարբեր տարիներին արված լուսանկարներ ցույց են տալիս թատրոնի անցած ճանապարհը։ Ճեմասրահում էլ արխիվային ցուցադրություն ունենք, ինչպես նաեւ «Լիր արքա»-ի լավագույն հագուստներից մի քանիսն են ներկայացված։ Ամեն ամիս ցուցադրվելու են տարբեր ներկայացումների կոստյումները»,- պատմել է Տիգրան Գաբոյանը:
Դերասանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել իրենց հանդիսատեսին, որի բարձր ճաշակի եւ խստապահանջության շնորհիվ են երբեմն փոքր, երբեքն էլ ահռելի քայլերով առաջ շարժվել. «Այսօր կերտում ենք թատրոնի ապագան, որի համար բոլորս ենք մեր ջանքերն ու ուժը ներդնում, որպեսզի կարողանանք եկող սերունդներին հանձնել այն թատրոնը, որը ստացել ենք մեր ավագներից»։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ ամբողջ տարին է իրենց համար հոբելյանական։ 2025-ը մեկնարկել են Միացյալ Նահանգներում հյուրախաղերով, հանդես են եկել Ղազախստանում եւ «Տունը սահմանին» ներկայացման համար մրցանակի արժանացել, արդեն հասցրել են նաեւ 2 առաջնախաղ ունենալ։ Վերջինը՝ «Երեք անունով մի աղջիկը», օրեր առաջ է բեմ բարձրացել ու նվիրվել Նիկոլայ Ծատուրյանի 80-ամյակին:
«Թատրոնն արժանի է այս քաղաքին եւ պիտի կարողանա նրա հետ համահունչ զարգանալ ու աշխատել։ Ամենադժվարին պահերին ինչպես թատրոնն է եղել քաղաքի կողքին, այնպես էլ քաղաքը՝ թատրոնի։ Ամենակարեւոր մարտահրավերներից մեկն այն է, որ թատրոնը միշտ պետք է կարողանա լույսը տեսնել։ Ինչպես նաեւ առաջնային է մեր սկզբունքայնությունը պահելը»,- ասել է Լյուդվիգ Հարությունյանը:
Նա տեղեկացրել է, որ Գյումրու Վարդան Աճեմյանի, Երեւանի Պատանի հանդիսատեսի ու Կապանի թատրոնները համատեղ ներկայացում են ստեղծելու։ Աշխատանքներով զբաղվելու է Գոռ Մարգարյանը։ Նաեւ թատրոնի Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմում անգլերեն ու ռուսերեն ներկայացում են բեմադրելու, որպեսզի եւ այլազգի հանդիսատեսի ներգրավեն եւ կարողանան միջազգային փառատոններում հանդես գալ։
«Եվ շատ ենք կարեւորում թատրոնի խաղացանկում նորից Շեքսպիրի ստեղծագործություն ունենալը: Վստահ եմ, որ հաջորդ տարի այդ բացը կլրացնենք, որովհետեւ յուրաքանչյուր թատրոնի համար պատիվ է իր խաղացանկում ունենալ նրա գործերից»,- նշել է Լյուդվիգ Հարությունյանը:
Թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանն էլ տեղեկացրել է, որ պլանավորում են հյուրախաղերով հանդես գալ Հայաստանի մարզերում՝ Սյունիքից մինչեւ Տավուշ, եւ արտերկրում:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Գյումրու թատրոնի


×
217







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: