×


«Ռաունդ»-ի համար A.Chilla-ն 6 ամիս բռնցքամարտ է պարապել, իսկ Դավիթ Աղաջանյանը նիհարել է 33 կգ-ով

Ռեփեր, 3.33 խմբի անդամ A.Chilla-ն (Նարեկ Հովսեփյան) 6 ամիս հաճախել է բռնցքամարտի պարապմունքների՝ Կինոդարանի նոր սերիալում գլխավոր կերպարին մարմնավորելու համար: 

Սթրիմինգային հարթակի տարածած հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ նախագծում ներգրավված դերասաններից Դավիթ Աղաջանյանն էլ իր կերպարի համար նիհարել է 33 կգ-ով:


Առաջին «Ռաունդ»-ի օրն արդեն հայտնի է. սերիալի ցուցադրությունը կմեկնարկի նոյեմբերի 12-ին:

Նշվում է, որ նախագիծն առանձնանում է իր մասշտաբով. նկարահանումները տեղի են ունեցել 150-ից ավելի վայրերում՝ 200-ից ավելի դերասանի մասնակցությամբ։ 


«Ռաունդ»-ի սյուժեն կառուցված է բռնցքամարտիկի կյանքի շուրջ, ով չկատարած հանցագործության համար 15 տարի բանտում անցկացնելուց հետո դուրս է գալիս եւ փորձում վերականգնել արդարությունը։ 

«Սերիալն ուսումնասիրում է մարդու կամքի ուժը, արդարության փնտրտուքը, հայր եւ որդի հարաբերությունների բարդությունը եւ սպորտի դերը՝ որպես վերականգնման եւ կյանքի իմաստի աղբյուր», - ասվում է հաղորդագրությունում:


Kinodaran-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադեւոսյանի խոսքով՝ «Ռաունդ»-ը միայն սպորտի մասին չէ. «Սերիալը մարդու ոգու մասին ա, որը դիմադրում է փորձություններին եւ պայքարում իր անունը մաքրելու համար։ «Ռաունդ»-ում շոշափվում են հոր եւ տղայի հարաբերությունները, որոնք 15 տարի չշփվելուց հետո փորձում են վերականգնել իրենց հարաբերությունները»։

Լուսանկարները՝ Կինոդարանի

Կարդալ ավելին

Quality Sign BW