×


Սեր, վեճեր ու պարզաբանումներ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի եւ Սոֆյա Պողոսյանի «Ամուսնավերլուծությունում»

Դերասաններ Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ու Սոֆյա Պողոսյանը չեն վախեցել իրենց ընտանեկան տարաձայնություններն ու վիճաբանությունները բեմ հանել եւ դրանց մասին «Ամուսնավերլուծություն» անել:

Նրանք այն զույգերից չեն, որոնք փորձում են ամեն ինչ կատարյալ ներկայացնել եւ մարդկանց հետ կիսվել միայն հաճելի պահերով: Ներկայացման պրեմիերան լի էր ընտանեկան կյանքի չերեւացող կողմի մասին բացահայտումներով, հումորային դրվագներով, կրքոտ պարով ու մի քիչ էլ պոեզիայով: Ինչեր ասեք, որ չեն անի վիճաբանող զույգերը՝ պարել կռվելով, իրար փորձել հասկանալ Համո Սահյանի տողերով, ամենաթեժ պահին պառկել հատակին, անհրաժեշտության դեպքում ափսեները ջարդել կամ էլ ժավել լցնել, բայց ոչ՝ միմյանց վրա, այլ հագուստի:


Արդեն 6 տարվա ամուսիններ Տեր-Մաթեւոսյանն ու Պողոսյանը բեմում ներկայացնում են իրար սիրող, բայց նաեւ որոշ հարցերում միմյանց չհասկացող զույգ, որը կանգնած է ամուսնալուծության եզրին: Նրանք մոտ մեկ ժամ ունեն իրար հասկանալու եւ դժգոհությունների պատճառները գտնելու համար: Բայց ամենաբարդն այն է, որ ասես խոսեն տարբեր լեզուներով ու միմյանց չլսեն, կամ լսեն հենց այն ամենը, ինչ իրենք են ցանկանում: Իզուր չէ փիլիսոփա Ջոն Գրեյն իր գիրքն անվանել «Տղամարդիկ՝ Մարսից, կանայք՝ Վեներայից»: Ահա այդ տարբեր աշխարհների բախումն էլ ներկայացման ձեւաչափով պատմել են դերասան-ամուսինները:

Հատկապես ամուսնացած զույգերը կարող են իրենց կյանքից զավեշտալի դրվագներ ու նմանություններ գտնել, բայց բոլոր համընկնումները պատահական են, քանի որ կին-տղամարդ խնդիրները հին են այս մոլորակի պես:


Սոֆյա Պողոսյանի համար թատրոնի բեմում հանդես գալու առաջին փորձն էր: Ներկայացումից հետո խոստովանել է, որ իր ապրումներն աննկարագրելի են. «Բոլոր հույզերը խառնվել են իրար, թվում էր՝ սիրտս դուրս կթռչի, բայց անբացատրելի կերպով հավաքեցի ինձ: Շատ բարդ էր, բայց եւ անասելի հաճելի: Երբ ասում էին, որ թատրոնն այլ էներգիա եւ ուժ ունի, անգամ պատկերացնել չէի կարող, մինչեւ որ ինքս չզգացի: Ամենաբարդը քո պատկերացրած սահմաններից դուրս ինչ-որ բան անելն է, երբ երեւակայությունդ սպառվում է, կամ չես պատկերացնում այլ բան: Սկզբում դա շատ տարօրինակ ու խորթ է թվում, բայց հետո այնպես է քոնը դառնում, որ այդ վերափոխումն իսկական հրաշքի է նման»:

Աշոտ Տեր-Մաթեւոսյանն էլ չի թաքցրել, որ կոնֆլիկտներ ու ընդհարումներ, ինչպես եւ շատ զույգեր, իրենք էլ են ունենում: Բացատրում է, որ կնոջ եւ տղամարդու հարաբերություններն իրականում այնքան էլ հեշտ չեն, որքան կարող են թվալ առաջին հայացքից:


«Մենք տարբեր կերպ ենք մտածում, ու ամեն մեկս յուրովի: Քանի որ վեճերից մեր ընտանիքն էլ անպակաս է, լինելով հանրային դեմքեր՝ որոշեցինք դրանք ներկայացնել բեմադրության տեսքով: Դիմեցինք սցենարիստ Նարեկ Ավագյանին, եւ նա պիեսը գրեց: Ինձ համար մեծագույն երջանկություն էր, որ Նարինե Մալյանը համաձայնեց բեմադրությամբ զբաղվել: Իր հետ աշխատանքը փառահեղ ու ֆանտասիկ էր: Նա հիանալի մարդ ու ռեժիսոր է»,- նշել է դերասանը:

Ներկայացման որոշ դրվագներ հենց իրենց կյանքից են, մյուսներն Ավագյանը վերցրել է համամարդկային խնդիրներից ու զույգերի հարաբերություններից: Տեր-Մաթեւոսյանի համար կարեւորն ուղերձն է, որ ներկայացման միջոցով փորձել են փոխանցել հանդիսատեսին. «Ամեն դեպքում պետք է կարողանալ լսել իրար, հարգել, գնահատել ու սիրել: Ու պետք է ընտանիքն ամուր պահել, որովհետեւ այն մեր կյանքում ամենակարեւորն է»:


Դերասանը հրաժարվեց միասին աշխատելու ընթացքից պատմել ու կատակով հավելեց, որ այդ դեպքում ստիպված կլինեն ներկայացումը նորից խաղալ: Իհարկե, ստեղծման ընթացքը հեշտ չի եղել, բայց կարողացել են իրար հասկանալ ու վերջնարդյունքին հասնել:

Ընտանիքի երջանկության մասին էլ այսպիսի պատկերացում ունի Սոֆյա Պողոսյանը. «Կարեւոր է, որ կինն ու տղամարդը պարզապես համակերպվեն իրենց տարբերությունների հետ եւ միմյանց սիրեն, ընդունեն ու հարգեն այդ տարբերության մեջ»:

Աշոտ Տեր-Մաթեւոսյանը միջամտեց. «Մենք էլ ենք նույնն ուզում, բայց դուք՝ կանայք, կռիվ եք սարքում: Մեր ընտանիքում էլ հասկանալն ու զիջելը միշտ չէ, որ ստացվում է, որովհետեւ երկուսս էլ բարդ բնավորություն ունենք: Բայց առաջին տեղում սերն ու ընտանիքի հանդեպ ունեցած ակնածանքն է, թե չէ մեկ հասկանում ենք իրար, հետո չենք հասկանում, եւ այդպես շարունակ»:


Սոֆյա Պողոսյանն էլ ավելացրեց. «Պետք է հիշենք, որ այդ ամենը տարիքի ու փորձի հետ չի վերանալու, պարզապես պետք է կարողանալ կոնֆլիկտների ժամանակ քեզ ճիշտ տիրապետել ու անձնային վիրավորանքների չանցնել: Իրոք պետք է կարողանալ զգացմունքներն այնպես կառավարել, որ կարմիր գիծը չանցնես, որովհետեւ հատկապես տղամարդկանց պարագայում ինքնասիրությունը կարող է անցնել սիրո վրայով: Նաեւ խնդիրներին հումորով նայելն է շատ օգնում»:

«Բոհեմ» թատրոնում առաջին ցուցադրությանը շատ կարեւոր մարդիկ էին ներկա. «Ներկայացմանը հետեւել են «Զինվորի տան» տղաները, որոնք 44-օրյա պատերազմին են մասնակցել: Խորին շնորհակալություն նրանց: Հերոսներին պետք է միշտ հիշել եւ շնորհակալություն հայտնել»,- նշել է դերասանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW