×


«Եվրատեսիլ 2020»-ում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը

«Եվրատեսիլ»-ում Հայաստանի այս տարվա պատվիրակն Աթենա Մանուկյանն է՝ իր «Chains on you» երգով: Այս մասին րոպեներ առաջ հայտնի դարձավ Առաջին ալիքի ուղիղ եթերում կայացած «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ համերգի ընթացքում: Ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում տասներկու մասնակիցներից ընտրվեց այն մեկը, ով պիտի դառնա մեր երկրի ներկայացուցիչը Նիդերլանդներում կայանալիք երգի միջազգային մրցույթում:

Աթենա Մանուկյանը հունաստանաբնակ երգիչ-երգահան է, որը 2007-ին մասնակցել է «This Is What Missing» հեռուստաշոուին՝ գրավելով առաջին հորիզոնականը: 2008-ին մասնակցել է Մանկական Եվրատեսիլի ազգային ընտրության փուլին: 2011-ին թողարկել է իր առաջին սինգլը, որը երկու անգամ առաջադրվել է «Video Music Awards»-ում: Ստացել է «Ոսկե սկավառակ» եւ «Պլատինե սկավառակ» մրցանակներ: 2018-ին հյուրընկալվել է բրիտանական «Իքս-ֆակտոր» հեռուստաշոուին:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը, հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության անդամ, այս տարի էլ որոշում էր կայացրել անցկացնել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն եւ հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացող արտիստներին ներկայացնել իրենց երգերը։

Ամիսներ շարունակ տեւած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել էր մասնակցության 53 վավեր հայտ: Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել էր 12 լավագույն մասնակիցներին: Հայտերը դիտարկելիս հաշվի էին առնվել մրցույթի կանոնակարգով սահմանված չափանիշները՝ ներկայացված հայտի համապատասխանությունը մրցույթի կանոններին եւ ժամկետներին, երգի համապատասխանությունը մրցույթի ձեւաչափին, ժանրային ու կերպարային բազմազանությունը։ Հայտերը դիտարկող ժյուրիի կազմում են եղել Նաիրա Գուրջինյանը, Անիտա Հախվերդյանը, Լիլիա Նիկոյանը, Ռուբեն Բաբայանը, Վարդան Հակոբյանը, Տիգրան Դանիելյանը, Դավիթ Ծերունյանը, Կարեն Թաթարյանը եւ Անուշ Տեր-Ղուկասյանը։

Քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում մրցում էին հետեւյալ մասնակիցները՝ Agop-ը, Կարինա EVN-ը, Music Հայկ-ը, ERNA-ն, Եվա Rida-ն, Աթենա Մանուկյանը, Գաբրիել Ջիգը, Սերգեյ եւ Նիկոլայ Հարությունովները, Միրիամ Բաղդասարյանը, Վլադիմիր Արզումանյանը, Արթուր Ալեքը եւ TOKIONINE-ը:

Նշենք, որ «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի երկրորդ մասում։ «Եվրատեսիլ»-ի կեսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 12-ին եւ 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին, Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարը՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport