Երեւանում անձրեւից հետո ամեն ինչ մի փոքր ուրիշ է: Թաց ասֆալտի վրայով անցնող մեքենաների ձայնը, տանիքներից կաթող ջուրը, հեռվից եկող երաժշտությունը։
Այդ երեկո «Ուլիխանյան» ջազ ակումբի մոտով անցնելիս վերջինս ավելի բարձր էր լսվում։ Ներսում Սուսի Հաննան էր երգում. «Անձրեւից հետո արեւը գա մնա, տես՝ թե ինչ կա հոգում»։ Համերգը դեռ չէր սկսվել. բեմում սաունդչեք էր։
Սուսի Հաննան r&b եւ նեոսուլ ժանրերում ստեղծագործող երգչուհի է։ Նա գրում է իր երգերի բառերն ու երաժշտությունը, զբաղվում գործիքավորմամբ եւ արդեն աշխատում է իր առաջին ալբոմի վրա։
Բեմում Սուսին երաժշտությունը պարզապես չի կատարում. խաղում է դրա հետ։ Մարմնի յուրաքանչյուր շարժումով, մազերի ռիթմիկ պարով, երբեմն՝ աչքերը փակ, նա կարծես ամբողջությամբ մտնում է իր ստեղծած աշխարհի մեջ։ Նրա էներգիան փոխանցվում է ներկաներին, իսկ երաժիշտների հետ նրանք աստիճանաբար դառնում են մեկ ամբողջություն:
Համերգի ընթացքում Սուսին կատարում է իր առաջին հեղինակային երգը, որը գրել է 16 տարեկանում։ Հետաքրքիր է՝ այդ երգը տարիների ընթացքում չի մնացել անփոփոխ։ Երգչուհու խոսքով՝ երրորդ մասն ավելի ուշ է ավելացրել՝ արդեն սեփական ապրումներից ելնելով։
«Այդ ժամանակ Երգի թատրոնի առաջին կուրսում էի։ Մինչեւ այդ էլ ինչ-որ բաներ գրում էի, բայց չէի հավատում, որ կարող եմ լուրջ երգ ստեղծել։ Հետո մի մրցույթի ժամանակ փուլ կար, երբ Գրիգորիչն ասաց՝ պետք է այնպիսի բան անեք, որ ինձ զարմացնեք: Մտածեցի՝ ինչո՞ւ չփորձեմ իմ գրած երգը ներկայացնել։ Շատ լավ արձագանքներ ստացա ու հասկացա, որ երեւի լավ է ստացվում»,- պատմում է Սուսին։
Նրա համար երաժշտությունը երբեք չի եղել մի բան, որին պետք է որոշակի տարիքում գիտակցված ընտրությամբ հասներ։ Այն միշտ եղել է իր կյանքի մի մասը։ Սուսիի խոսքով՝ հինգ տարեկանից գիտեր, որ երաժշտությամբ է զբաղվելու։
Հետագայում սովորել է Երգի պետական թատրոնում, ապա ավարտել Բրյուսովի համալսարանը։ Լեզուների իմացությունն այսօր էլ պետք է գալիս երգերի ստեղծման ընթացքում։
Սակայն 16 տարեկանում սկսած ճանապարհի ամենակարեւոր առանձնահատկությունը, թերեւս, սեփական պատմությունները երգերի վերածելու ցանկությունն է։
«Ինձ համար ավելի հեշտ է գրել իմ ապրումների մասին։ Էմոցիաներով կիսվելն ընդհանրապես հեշտ չէ, բայց երաժշտությունն ինձ օգնում է ինչ-որ փուլեր հաղթահարել։ Օրինակ՝ «Անձրեւից հետո» երգի բառերը գրել եմ այն ժամանակ, երբ շատ ծանր հոգեվիճակում էի։ Հետո ուրիշ մարդկանցից էլ եմ լսել, որ այդ երգն ինչ-որ կերպ օգնել է իրենց»։
Սուսիի երգերում, սակայն, միայն անձնական ապրումների վերարտադրություն չէ։ Նա դրանք պայմանականորեն բաժանում է երեք խմբի՝ սիրային, մոտիվացնող եւ չարաճճի։ Վերջիններս, ինչպես ինքն է բացատրում, թույլ են տալիս կյանքում երբեմն անել անսպասելի բաներ եւ մի փոքր հեռանալ դրամատիկ իրականությունից։
Երգերի թեմաները միշտ չէ, որ ծնվում են սեփական փորձից։ Սուսին խոստովանում է, որ իր նոր ալբոմում ընդգրկված երգերից մեկն, օրինակ, իր հետ կապ չունեցող, բավական դրամատիկ սիրային պատմություն է։ Բայց դա չի խանգարել իրեն ապրել այդ զգացողությունը եւ դրա մասին երգ գրել։
Երգի ծնունդն էլ միշտ նույն ընթացքը չունի։ Երբեմն ամեն ինչ սկսվում է մեղեդուց, երբեմն՝ հարմոնիայից կամ բիթից։ Սուսին կարող է նախ լսել երաժշտությունը, ապա հասկանալ՝ ինչ պատմություն է ուզում դրա միջոցով փոխանցել։
«Հիմնականում այնպես չի լինում, որ բառերն ու երաժշտությունը միանգամից միասին ծնվեն։ Երբեմն հարմոնիան եմ մտածում կամ բիթը, հետո հասկանում՝ ինչի մասին եմ ուզում պատմել։ Բայց ինձ համար կարեւոր է, որ ստեղծագործության հիմքում լինի իմ կամ ինձ հետ կապ ունեցող մարդու ստեղծած երաժշտությունը»։
Սուսիի համար ստեղծագործական աշխատանքի ամենասիրելի փուլը երգի կազմավորումն է՝ այն պահը, երբ արդեն գրված բառերն ու երաժշտությունը սկսում են ամբողջական տեսք ստանալ, ավելանում են գործիքավորումը, բեք վոկալները, եւ կարելի է փորձարկել ու տեսնել՝ էլ ինչ կարելի է անել։
«Այդ ընթացքում անընդհատ մտածում ես՝ էլ ինչ կարող եմ անել ու նոր բան ավելացնել։ Մեկ-մեկ մի բան ես փորձում, այնքան լավ է ստացվում, որ ինքդ էլ զարմանում ես՝ որտեղից եկավ այդ միտքը»։
Երաժշտության նկատմամբ այս վերաբերմունքն է, որ Սուսիին տարել է նաեւ գործիքավորման ճանապարհով։ Արդեն շուրջ երկու տարի է՝ նա ոչ միայն իր երգերի, այլեւ այլ արտիստների ու նախագծերի գործիքավորումներով է զբաղվում։ Դա ստեղծագործական ազատություն է տալիս, բայց նաեւ պատասխանատվություն ենթադրում։
«Երբ արդեն գլխումդ գիտես՝ երգն ինչպես պետք է հնչի, երբեմն դժվար է ուրիշ երաժիշտներին բացատրել, թե ինչ ես պատկերացնում։ Մի կողմից՝ ուզում ես, որ իրենք էլ ստեղծագործեն ու իրենց գաղափարները բերեն, մյուս կողմից՝ արդեն ունես քո հստակ տեսլականը։ Դրա համար շատ է օգնում, որ կարողանում եմ իմ մտքերն անմիջապես երաժշտության մեջ իրականացնել»։
Ուլիխանյանում այդ համագործակցությունը հատկապես տեսանելի է։ Սուսին բեմում միայնակ չէ։ Նրա հետ նվագող ջազմենների իմպրովիզները երբեմն անակնկալ են նաեւ իր համար։ Ասում է՝ ամեն համերգ յուրովի է հաճույք պարգեւում, որովհետեւ երաժիշտները կարողանում են անսպասելի լուծումներ առաջարկել։
Նա առանձնահատուկ ջերմությամբ է խոսում Հայաստանում ջազային միջավայրի մասին։ Կարծում է՝ ակումբներում ջազի ներկայությունն ու սիրված լինելը մեծապես հենց տեղացի երաժիշտների շնորհիվ է, որոնք ոչ միայն սիրում են այդ երաժշտությունը, այլեւ անընդհատ զարգանում են։
Սուսիի խոսքով՝ ինքն էլ փորձում է մնալ իր փոքրիկ աշխարհում՝ հեռու պահելով իրեն այն ամենից, ինչը խանգարում է ստեղծագործելուն։
«Փորձում եմ լցվել դրականով. օրինակ՝ հենց այս ակումբը, այստեղի մարդիկ, լավ երաժշտությունը։ Հավատում եմ, որ Հայաստանում մի օր մշակութային առումով շատ բան է փոխվելու, ոչ միայն երաժշտության մեջ»։
Այդուհանդերձ, հայաստանյան երաժշտական միջավայրը նրա համար միայն ոգեշնչման աղբյուր չէ։ Սուսին խոսում է նաեւ դրա սահմանափակումների մասին։ Նրա դիտարկմամբ՝ երաժշտական ինդուստրիան դեռ բավական զարգացած չէ, իսկ ոլորտում մեծ տեղ ունեն կորպորատիվ միջոցառումները, հարսանիքներն ու դրանց համար ստեղծվող երգերը։ Արտիստների մարզային շրջագայությունների մշակույթը գրեթե բացակայում է։
«Երբ երաժշտությանը սկսենք վերաբերվել ոչ թե միայն որպես խնջույքի մի մասի, այլեւ որպես առանձին երեւույթի, կարծում եմ՝ ոլորտն էլ ավելի կզարգանա»։
Նա պատրաստ չէ փոխել ստեղծագործական սկզբունքները միայն ավելի մեծ լսարան ունենալու համար։ Ասում է՝ եթե իրեն առաջարկեն ելույթ ունենալ որեւէ միջոցառման ժամանակ, կարեւոր է, որ միջավայրն ու պայմաններն իրեն համապատասխանեն։ Բայց իր երաժշտական ուղղությունը փոխել կամ ստեղծագործական ճանապարհից շեղվել չի ցանկանում։
Այս ճանապարհին Սուսին միայնակ չէ։ Նրա ընկերներն ու երաժիշտ գործընկերները կարեւոր դեր ունեն թե՛ համերգների, թե՛ ձայնագրությունների ընթացքում։ Առանձնացնում է խմբի հարվածային գործիքներ նվագող Հերբերտ Առուստամյանին, որն այս համերգի գործիքավորումների մեծ մասի հեղինակն է, բայց վերջնական պատասխանատվությունը, միեւնույն է, արտիստինն է։
Համերգին հնչում են նաեւ մի քանի երգեր, որոնք դեռ չեն թողարկվել։ Դրանք Սուսիի նոր ալբոմի մասն են։ Երգչուհին պատմում է, որ սկզբնական գաղափարը եղել է հեղինակային երգերով ամբողջական ծրագիր ստեղծելը, սակայն մինչ այդ համերգներին նաեւ քավերներ է կատարել։ Այժմ ուզում է աստիճանաբար հրաժարվել դրանցից ու ամբողջությամբ անցնել սեփական երաժշտությանը։
Քավերներն էլ, ի դեպ, փորձում է ներկայացնել իր մեկնաբանությամբ՝ համոզված լինելով, որ ուրիշի երգը պարզապես կրկնելը հետաքրքիր չէ։
Առաջիկա ալբոմը բաղկացած է լինելու յոթ երգից։ Ձայնագրությունների մեծ մասն արդեն ավարտված է, եւ Սուսին հույս ունի աշխատանքն ամբողջությամբ ավարտել ձմռանը, իսկ այն թողարկել հաջորդ տարվա գարնանը։ Նա չի ուզում, որ ալբոմը պարզապես տարբեր երգերի հավաքածու լինի. «Ալբոմն այն երաժշտության մասին է, որը կուզենաս լսել, երբ խոցելի ես։ Չեմ ուզում ուղղակի երգեր հավաքել իրար կողքի, ուզում եմ, որ դրանք ինչ-որ ընդհանուր կոնտեքստ ունենան»։
Ալբոմի թողարկումից հետո Սուսին մտադիր է ավելի խորանալ նաեւ երաժշտական արտադրության մեջ։ Վիզուալների, ներկայացման ու տարածման հարցերն առայժմ ինքն է կազմակերպում։ Պրոդյուսերի հետ աշխատելու հնարավորությունը չի բացառում, բայց կարծում է, որ նման համագործակցությունը պետք է բնական ձեւով ստացվի։
«Եթե լինի մեկը, ով կկիսի իմ տեսլականը, եւ նույն նպատակները կունենանք, ինչո՞ւ ոչ։ Բայց ինձ համար դժվար է ուղղակի հարմարվել կոմերցիոն պահանջներին»։
Համերգի վերջում Սուսին կրկին բեմում է՝ նույն շարժունությամբ, նույն անմիջականությամբ։ Նրա երգերը տարբեր տրամադրություններ ունեն, բայց դրանց մեջ մի ընդհանուր բան կա՝ սեփական ձայնով խոսելու ցանկությունը։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով էլ դրանք լսելիս երբեմն թվում է, թե երգչուհին պատմում է իր մասին, իսկ իրականում մի փոքր տեղ է թողնում նաեւ քեզ համար։
Դրսում անձրեւն արդեն վաղուց դադարել է։ Բայց Սուսիի երգերից մեկը դեռ հիշեցնում է, որ երբեմն ամենակարեւոր բաները հենց անձրեւից հետո են երեւում։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Bravo.am


×
164






