Երեւանյան հանդիսատեսին Անժելա Բարխուդարյանը եւ Արթուր Հարությունյանը ներկայացան «Երաժշտություն առանց սահմանների» համերգային ծրագրով՝ արդարացնելով խորագիրը հենց առաջին րոպեներից։
Հայերեն, վրացերեն ու ռուսերեն երգեր, կենդանի նվագակցություն եւ սիրո անկեղծ խոստովանություններ բեմից. քանի որ դահլիճում տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին, երգչուհին երեկոյի ընթացքում ազատորեն անցնում էր մեկ լեզվից մյուսին՝ ստեղծելով ջերմ ու անմիջական մթնոլորտ։
Ծրագրում ընդգրկված էին սիրված ու ծանոթ մեղեդիներ՝ նոր գործիքավորմամբ ու նորովի մատուցմամբ։
Երազելի երգերը
Անժելան խոստովանեց, որ երգեր կան, որոնք լսելիս մտածում ես՝ երանի հենց քեզ համար գրված լինեին։ Այդպիսի երգերից է Արսեն Սաֆարյանի «Քո անունը», որը նա կատարեց առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով։
Երգ՝ եղբոր աչքերին նայելով
Համերգի ամենահուզիչ դրվագը եղբորը նվիրված կատարումն էր։ Թեեւ երգը վաղուց արդեն թողարկվել էր, Անժելան խոստովանեց, որ առաջին անգամ էր այն կատարում հենց դահլիճում նստած եղբոր համար։
Սիրո բանաձեւը
Մեր օրերում, երբ սերն ու ջերմությունը կարծես մի տեսակ պակասել են, երգչուհին բեմից առաջարկեց սիրո իր բանաձեւը:
«Բոլորն էլ գիտեն, որ սերը լայն հասկացություն է։ Այն միայն տղամարդու եւ կնոջ միջեւ եղած զգացմունքը չէ, այլեւ սերն է ծնողների, երեխաների, ընկերների, հարազատների եւ առհասարակ բոլորի՝ ձեզանից յուրաքանչյուրի հանդեպ։ Գուցե մի փոքր պարզունակ հնչի, բայց ուզում եմ, որ հիմա ձեր կողքին նստած մարդկանց նայեք ու ժպտաք միմյանց։ Պարտադիր չէ սեր խոստովանել, պարզապես ջերմ հայացքով նայեք իրար»։
«Ամեն սահման չէ, որ ջնջելի է»
Համերգից քիչ առաջ հասցրինք զրուցել Անժելա Բարխուդարյանի հետ։
- Համերգային պաստառին Հայաստանի եւ Վրաստանի դրոշներն էին։ Ինչո՞ւ որոշեցիր հենց «Երաժշտություն առանց սահմանների» խորագրով ներկայանալ, եւ արդյո՞ք ծրագիրը պայմանավորված է նրանով, որ ծնվել ու մեծացել ես Վրաստանում։
- Նման խորագրով համերգ Արթուր Հարությունյանի հետ շատ վաղուց էինք մտածել։ «Երաժշտություն առանց սահմանների», քանի որ հնչելու են երգեր տարբեր լեզուներով՝ ոչ միայն հայերեն եւ վրացերեն։ Իսկ ես հաճախ եմ երգում վրացերեն եւ սիրում եմ այդ մշակույթը, բայց դա չի նշանակում, որ չենք երգելու նաեւ այլ լեզուներով։ Ծրագրում ներառել ենք հին, բոլորին հոգեհարազատ երգեր, բայց նոր գործիքավորմամբ ու նորովի մատուցմամբ։
- Վերջին շրջանում համացանցում մեծ արձագանք գտավ վրացական հեռուստաեթերում քո կատարած պոպուրին։ Դրական արձագանքների հետ մեկտեղ քննարկվում էր նաեւ, թե ում երգն է հնչում վրացերեն։ Կպատմե՞ս այդ ստեղծագործության մասին։
- Խոսքը պոպուրիի առաջին ստեղծագործության մասին է, որը մեր Կարո Հայրապետյանի «Տոնական պարն» է։ Ինչո՞ւ վրացերեն։ Որովհետեւ այդ երաժշտության համար տեքստը հենց վրացիներն են գրել. որեւէ հատուկ պատվեր չի եղել։ Եթե մարդկանց հետաքրքրում է, թե ով է հեղինակը, այդ մասին ամեն ինչ գրված է տեսահոլովակի նկարագրությունում, եւ դրա ապացույցները տարիներ շարունակ կան։
- Ո՞ր լեզուն կամ երաժշտական ոճն է քեզ ավելի հոգեհարազատ, եւ իսկապե՞ս երաժշտությունը կարող է ջնջել սահմանները։
- Չեմ կարող առանձնացնել որեւէ կոնկրետ ոճ: Սիրում եմ երգել ե՛ւ հայերեն, ե՛ւ վրացերեն, ե՛ւ ռուսերեն, բայց ինձ համար ամենակարեւորը երաժշտությունն է՝ որ երգի մեջ մեղեդի լինի։ Իսկ այն, որ երաժշտությունը կարող է ջնջել ու միավորել սահմանները, միանշանակ է: Այդ միտքը շատ հաճախ եմ բարձրաձայնում, բայց, իհարկե, նայած սահմաններ (ժպտում է,- հեղ.):
- Բեմում կենդանի նվագակցություն է լինելու: Ի՞նչ է տալիս կենդանի երաժշտությունն արտիստին։
- Շատ տաղանդավոր երաժիշտներ Սերգեյ Կարապետյանի եւ Արթուր Հակոբյանի հետ արդեն երկրորդ համագործակցությունն է այս ձեւաչափով։ Երբ կենդանի նվագակցությամբ ես ներկայանում, ամեն անգամ տարբեր ձեւով ես երգում։ Այն էներգետիկան, որը ստանում ես հանդիսատեսից, ինձ համար ուղղակի տիեզերական է։ Իսկ Արթուր Հարությունյանի հետ առաջին անգամ ենք այս նախագծում:
- Ի՞նչ տրամադրությամբ կուզես, որ հանդիսատեսը հեռանա դահլիճից։
- Միմիայն դրական լիցքերով։ Հուսով եմ՝ երեկոյի ընթացքում նրանք գոնե մի փոքր կկտրվեն առօրյա հոգսերից եւ դահլիճից կհեռանան ժպիտով։
Արմինե Գեւորգյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Bravo.am


×
75






