Մայիսի 12-ին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում մեկնարկելու է «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը: Ինչպես հայտնի է, Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 14-ին (եզրափակիչը մայիսի 16-ին է): Մեր երկրի պատվիրակն այս անգամ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն է, ով փետրվարի 15-ին հաղթեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծում՝ իր «Chains On You» երգով: Հայ երաժշտասերները, սակայն, շատ բան չգիտեն Աթենայի եւ նրա ստեղծագործական գործունեության մասին: BRAVO.am-ը ներկայացնում է հետաքրքիր մի քանի փաստ Աթենա Մանուկյանի եւ նրա եվրատեսիլյան երգի մասին:
Հայկական ծագումն ու երաժշտական ընտանիքը
Հայկական արմատներով երգչուհին ծնվել է 1994 թվականի մայիսի 22-ին՝ Հունաստանի Աթենք քաղաքում: Ինչպես պարզվում է, ընտանիքում Աթենան միակը չէ, որ կապ ունի երաժշտության հետ: Երգչուհին իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ հայրը երիտասարդ տարիքում նույնպես երգարվեստով է զբաղվել: Երաժիշտներ են նաեւ Աթենայի եղբայրն ու տատիկը: Ի տարբերություն ծնողների՝ Աթենան արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան: Առաջին անգամ այստեղ է եկել 2015 թվականին, երբ BRAVO.am-ը նրա մասնակցությամբ բացառիկ հարազրույց եւ ֆոտոշարք է իրականացրել: «Ես սիրում եմ Հայաստանի մարդկանց. նրանք շատ բարի եւ առատաձեռն են: Իհարկե, սիրում եմ հայկական խոհանոցը, ինչպես նաեւ այստեղի միջավայրն ու էներգիան»,- խոստովանել է երգչուհին:
Աթենա Մանուկյանը
Մրցույթների մասնակցությունն ու Ռոբի Ուիլյամսի խորհուրդը
Աթենա Մանուկյանն իր առաջին քայլերը մեծ բեմում կատարել է դեռեւս 12 տարեկանում՝ հաղթելով «This Is What’s Missing» միջազգային երաժշտական մրցույթում: Մեկ տարի անց` 2008 թվականին, երգչուհին մասնակցել է նաեւ Հունաստանի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին եւ զբաղեցրել 7-րդ հորիզոնականը.«Մրցակցություն չէինք զգում, լավ ընկերներ էինք ու վայելում էինք այդ անմոռաց օրերը, ուրախանում միմյանց համար, ու միեւնույն էր, թե ով կհաղթի: Հիանալի ժամանակներ էին»,- ասել է նա մեզ հետ զրույցում:
Շարունակելով իր մասնակցությունը երաժշտական մրցույթներին՝ Աթենան 2018 թվականին մասնակցել է նաեւ բրիտանական «X Factor» հեռուստաշոուին, որի ժյուրիի կազմում հանդես էին գալիս Ռոբի Ուիլյամսը, Սայմոն Քոուելը, Աիդա Ֆիլդը եւ Լուի Թոմլինսոնը: Երգչուհին այդ ժամանակ նույնիսկ հասցրել է հանդիպել ու խոսել Ռոբի Ուլյամսի հետ, ով խորհուրդ է տվել լավ երգեր գրել ու նպատակաուղղված քայլերով գնալ դեպի երազանքը.«Նա ինձ ասաց, որ այդ դեպքում լավ կարիերայի մեծ հնարավորություն կունենամ: Անհավատալի է, երբ այդպիսի հանրահայտ մարդիկ լսում են քեզ եւ դիտում քո ներկայացրած շոուն»:
Աթենա Մանուկյանը
Երգեր, որոնք ճանաչում բերեցին
Աթենան իր հանդիսատեսին առավել հայտնի է դարձել «Party Like A Freak», «I Surrender», «XO» երգերի տեսահոլովակների շնորհիվ, որոնցից առաջինը նույնիսկ հասցրել է երկու անգամ առաջադրվել «Video Music Awards»-ում: «Դեպի Եվրատեսիլ» նախագծում Աթենա Մանուկյանը ներկայացավ իր հեղինակած «Chains On You» երգով, որի երաժշտությունը նա գրել է իր պրոդյուսեր դիջեյ Պակոյի հետ:
«Իմ երգի գլխավոր ուղերձն այն է, որ յուրաքանչյուրս մեր ներսում «ադամանդ» ունենք, շողշողացող մի լույս, որը հաճախ փորձում են խլել մեզնից: Եվ ես ասում եմ՝ եթե նույնիսկ փորձեն էլ, միեւնույն է, մեր արժեքներն ու տաղանդը չեն կարող տանել մեզնից, քանի որ այդ «ադամանդները» շողում են միայն, երբ մեզ մոտ են լինում: Այսինքն՝ բոլորի հնարավորություններն ու տաղանդը մի օր անպայման գնահատվելու եւ արժեւորվելու են»,- նշում է երգչուհին:
Այժմ էլ Աթենան աշխատում է իր նոր ալբոմի վրա, որում ընդգրկված է լինելու հինգ երգ՝ մեծ մասամբ R&B ոճում:
Աթենա Մանուկյանը
Եվրատեսիլում հաղթելու բանաձեւն ու սիրելի երգը Հայաստանից
Պարզվում է՝ Աթենա Մանուկյանի ամենասիրելի եվրատեսիլյան երգը Հայաստանից եղել է Սիրուշոյի «Քելե-քելե»-ն: Ասում է` ինքն էլ հաճույքով կկատարեր այդ երգը: Իսկ թե ինչ է պետք Եվրատեսիլում հաղթելու համար, ապա Աթենայի կարծիքով` պետք է ներկայանալ բոլոր կողմերով ու հնարավորություններով.«Չեմ կարծում, որ կրքոտ լինելը միակ տարբերակն է առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար: Համոզված եմ՝ լավ ձայնի, տեսքի, անհատականության եւ նույնիսկ շարժուձեւի համադրությունը կարող են հաղթանակ բերել»:
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ Առաջին ալիքի եւ Աթենայի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: