×


Գրքոտ պատմություններ Սիսիան Սեփանյանից, Տաթեւ Հովակիմյանից եւ Արսեն Միքայելյանից

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: BRAVO.am-ն այդ առիթով զրուցել է դերասաններ Սիսիան Սեփանյանի, Տաթեւ Հովակիմյանի եւ Արսեն Միքայելյանի հետ՝ պարզելու, թե ինչ գրքեր են նվիրել եւ նվեր ստացել, որն է իրենց կարդացած առաջին ստեղծագործությունն, ու ինչ են ընթերցում այժմ:

Սիսիան Սեփանյանը հատուկ առիթի չի սպասում

Շատ եմ սիրում եւ կարեւորում գիրք նվիրելու մշակույթը: Փորձում եմ առանց հատուկ առիթի գիրք նվիրել: Շատ-շատ գրքեր եմ նվեր ստացել, այժմ չեմ կարող հիշել՝ որն եմ ինքս գնել, եւ որն է նվեր:

Առաջին գիրքը, որ ընթերցել եմ, Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներն» է. այդ ժամանակ 7 տարեկան էի: Դրամաներ եւ մելոդրամաներ եմ նախընտրում: Այս շրջանում կարդում եմ ժամանակակից գրողների գործերը: Վերջին գիրքը, որ կարդացել եմ, Չակ Պալանիկի «Մարտական ակումբն» է: Մեծ բավականություն եմ ստացել. ֆիլմը դիտել էի, բայց գիրքը բոլորովին այլ հաճույք է:

Սիսիան Սիփանյանը


Ամենատպավորիչ գիրքն ինձ համար Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունն» է: Առաջին անգամ չհասկացա գործը, երկրորդ անգամ կարդալուց նոր գիտակցեցի, որ ժամանակակից գրականության ամենահանճարեղ գործերից է: Մի քանի ամիս առաջ կրկին վերընթերցել եմ:

Շատ գրքեր կան, որ կցանկանայի խորհուրդ տալ. Չակ Պալանիկից թարգմանված շատ քիչ գործեր կան, բայց բոլորն էլ արժե կարդալ: Ժան Պոլ Սատրի «Սրտխառնոց» վեպը նույնպես ազդեցիկ գործ է:

Տաթեւ Հովակիմյանը ցանկանում է բեմադրել «Անծանոթուհու նամակը»

Առաջին գիրքը, որ կարդացել եմ, մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն է եղել: Ընթերցանությունն իմ օրվա անբաժան զբաղմունքներից մեկն է. ամեն երեկո պարտադիր կարդում եմ: Հաճախ եմ գրքեր նվեր ստանում ժամանակակից հեղինակներից, ինձ հետաքրքրող գրքերն էլ ինքնս եմ գնում:

Շուրջ մեկ տարի է՝ հետաքրքրված եմ պոեզիայով, որոնք նաեւ ձայնագրում եմ: Արձակ գործեր էլ եմ շատ կարդում. պետք է գրքի բովանդակությունը համահունչ լինի այդ շրջանի իմ ապրումներին:

Տաթեւ Հովակիմյանը


Սիրելի գործերից կառանձնացնեմ Ֆեոդոր Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» վեպը, սիրելի հեղինակներից է նաեւ Ֆրանց Կաֆկան. նրա «Դղյակն» ու «Դատավարությունը»  մեծ տպավորություն են գործել ինձ վրա:

Շատ եմ կարդում ժամանակակից գրողների ստեղծագործությունները, կառանձնացնեմ Սյունե Սեւադային, որի նոր վեպի լույս տեսնելուն անհամբերությամբ եմ սպասում: Խորհուրդ կտամ կարդալ Հուսիկ Արայի, Արփի Ոսկանյանի, Դավիթ Սամվելյանի, Վարդան Դանիելյանի, Հենրիկ Էդոյանի, Անահիտ Ղազախեցյանի, Ռուզան Ազիզյանի ժողովածուները, իսկապես շատ ասելիք ունեն:

Կառանձնացնեմ իրանահայ գրող Զոյա Փիրզադի «Զատկի նախօրեին» վիպակների ժողովածուն. իրոք անկրկնելի գործ է:

Որպես դերասանուհի՝ չէի կարող չկարեւորել Մարգարիտ Դյուրասի «Սիրեկանը»  սիրային դրաման, որը երկու անգամ եմ կարդացել: Ստեֆան Ցվայգի «Անծանոթ կնոջ նամակը» նույնիսկ կցանկանամ բեմադրել: Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը», Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» միշտ արդիական են:

Արսեն Միքայելյանը կարդալ սկսել է 14 տարեկանից

Գրքերն ու ականջակալներն իմ նախընտրելի նվերներն են, ու հարազատ մարդիկ գիտեն այդ մասին: Ինքս գիրք հազվադեպ եմ նվիրում ու հատուկ առիթների դեպքում. կարծում եմ՝ գիրքը պիտի ընտրի կարդացողը:

Մինչեւ 14 տարեկան դառնալը ոչ մի գիրք չեմ կարդացել։ Ընթերցանության նկատմամբ սերն ու հետաքրքրությունը ծնվել է ստիպողաբար՝ դպրոցական պարտադիր գրականության ցանկի ու գրականությանս ուսուցչուհու խստապահանջության շնորհիվ։ Առաջին գիրքս եղել է Ժյուլ Վեռնի «Խորհրդավոր կղզին». հենց այս ստեղծագործությունից էլ սկսվեցին իմ ու գրքերի բարդ ու խճճված փոխհարաբերությունները:

Արսեն Միքայելյանը


Ժանրային կոնկրետ նախասիրություն ու կողմնորոշում չունեմ։ Ավելի շատ հետաքրքրվում եմ այս կամ այն ստեղծագործությամբ՝ կախված հեղինակի հանդեպ  ունեցած վստահությունից։ Երբեմն մի աֆորիզմն էլ բավական է՝ անծանոթ հեղինակների հետ առնչվելու համար։ Կյանքիս վճռորոշ գրքերն իրենք են ինձ  ընտրում. երբ գիրքն ինձ չի որսում, ուրեմն դեռ մեր ծանոթանալու ժամանակը չէ։

Հիմա կարդում եմ Հերման Հեսսեի «Հուլունքախաղը». դեռ չեմ վերջացրել, որ կարողանամ ամփոփել նշանակությունն ու ազդեցությունը:

Վերջին շրջանի ամենատպավորիչ ստեղծագործություններից մեկը, որ կարդացել եմ, նորվեգացի գրող Լին Ուլմանի «Երբ քեզ հետ եմ» վիպակն է։ Հիանալի գործ է ճակատագրի եւ ընտրության նուրբ սահմանի լինել-չլինելու մասին։ Միակ վերընթերցածս գիրքը եղել է Գաբրել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»։ Հույս ունեի՝ 23-֊ում ավելի խոր կընկալեմ, բայց պարզվեց՝ 18 տարեկան֊ում ավելի իմաստուն եմ եղել:

Խորհուրդ կտամ ընտրել այնպիսի գրքեր, որոնք կընդլայնեն ընթերցողի  մտահորիզոնն ու ավելի կմոտեցնեն ինքնաճանաչմանը:
Ինձ համար ազդեցիկ են Հարուկի Մուրակամիի «Նորվեգական անտառը», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Գնդապետին ոչ֊ ոք չի գրում» վեպը, Չարլզ Բուքովսկու «Խոզապուխտով հացը», Չակ Պալանիկի «Սնաֆը», Սթիվեն Քինգի «Մեռյալ գոտին»:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` հայտնիների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport