×


«Ալբերտ Մուշեղիչն այդ րոպեին ասաց` հենց սրան էլ նկարելու եմ «Ուրախ ավտոբուս»-ում»․ Գագիկի դերակատար

2000 թվականին ծնվեց «Ուրախ ավտոբուսը»՝ պատմելով 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո միայնակ մնացած երեխաների եւ մեծահասակների մասին: Գեղարվեստական այս ֆիլմում իր դերասանական խաղով, չարաճճիությամբ եւ անասելի ակտիվությամբ աչքի ընկավ եւ սիրվեց Գագիկի դերակատար Ժորա Բաղդասարյանը։ «Ընկեր Սաթենիկ» կանչող տղային հանրությունը ֆիլմից հետո այդպես էլ եթերում չտեսավ, իսկ թե ինչու՝ պարզել է BRAVO.am-ը։

-Ժորա՛, արվեստագետների ընտանիքում եք ծնվել, մեկ ֆիլմով գրավել մարդկանց սրտերը, ինչո՞ւ չշարունակեցիք դերասանական ուղին։

-Այո, մեծացել եմ արվեստագետների ընտանիքում։ Պապս թատրոնի ռեժիսոր էր, տատիկս՝ Սուսաննա Բաղդասարյանն է՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի վաստակավոր դերասանուհի, հորաքույրս նույն թատրոնի ռեժիսոր է: Հայրս էլ ռեժիսոր է, եղբայրս էլ։ Կարելի է ասել՝ միայն մայրս այս բնագավառից չէ։ Ես ցանկանում էի շարունակել դերասանի ուղին, ինչի համար էլ ընդունվեցի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դերասանական բաժինը։

- Մի առիթով այս թեմային անդրադառնալով՝ ասել եք, որ բարդույթներ ունեիք, որոնք տարիների ընթացքում ավելի են խորացել: Այսօր չե՞ք զղջում, որ դրա պատճառով չեք շարունակել սիրելի գործը։

- Այդ բարդույթներից բացի, մտածում եմ՝ դերասանի աշխատանքն իմը չէ: Եթե արվեստը սիրեի իմ մեջ, երեւի այսօր ստեղծագործական աշխատանքով կզբաղվեի, բայց դերասանությունն իմը չհամարեցի։

Ժորա Բաղդասարյանը


- Գիտեմ, որ «Ուրախ ավտոբուսը» դիտել եք ընդամենը 4 անգամ, ավելին՝ երբ խոսում են ֆիլմից, թեման փակում եք, երբ տանը դիտում են, ստիպում եք անջատել: Ինչո՞ւ: Կրկին բարդույթնե՞րն են խոսում։

-Այո: Այդ բարդույթներն ինձ ուղեկցել եւ ուղեկցում են կյանքում, հենց այդ պատճառով էլ, երբ ցուցադրում են ֆիլմը, փոխում եմ ալիքը, իսկ երբ այլ վայրում եմ լինում, պարզապես դուրս եմ գալիս։ Չեմ սիրում նայել ինձ, ձայնս լսել...

- Հետագայում ո՞ւր տարավ կյանքը, ի՞նչ մասնագիտություն ընտրեցիք։

- Ընդունվեցի ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղ, զորակոչվեցի բանակ, սակայն կապն արվեստի հետ շարունակվում էր. գնում էի թատրոն՝ թե՛ փոքր դերերի համար, թե՛ կազմակերպչական հարցերով։

- Ինչեւէ, անցնենք ֆիլմին. ինչպե՞ս Ալբերտ Մկրտչյանը հենց Ձեզ ընտրեց Գագիկի կերպարի համար։

- Ալբերտ Մկրտչյանը սիրում էր գյուղ գալ, կտրվել աղմուկից, առանձնանալ: Մտերիմ էր տատիկիս հետ: Ինչեւէ, հերթական անգամ, երբ եկավ մեր տուն, ընդամենը 7 տարեկան էի։ Իմացա՝ հյուրեր ունենք, եկա՝ կեղտոտ, փոշոտ, միայն աչքերս էին փայլում, եւ առանց բարեւելու, Ալբերտ Մուշեղիչին ասացի՝ «Ե՛լ, հելնենք կռիշ»: Նա հարցրեց՝ «Ի՞նչ կռիշ», ասացի՝ «Հե՛լ, կտեսնես»։ Հետո հարցրեց՝ «Բալիկ ջան, կցանկանա՞ս ֆիլմում նկարվել», ես էլ միանգամից մուննաթով պատասխանեցի՝ «Չէ, չեմ ուզում»։ Ալբերտ Մուշեղիչն այդ րոպեին ասաց՝ «Հենց սրան էլ նկարելու եմ «Ուրախ ավտոբուս»-ում»: Դե, իհարկե, ես գլխի չէի ընկնում՝ ինչ է նկարելու, եւ ինչու է այդպես ինձ նայում։

- Հանրության շրջանում կարծիքն այնպիսին էր, որ ճարաճճիությունը ոչ թե կերպարինն էր, այլ Ժորան էր իր հետ բերել ֆիլմ:

- Իրոք, անչափ չարաճճի եմ եղել փոքր հասակում: Անգամ, երբ տեքստը մոռանում էի, իմպրովիզներ էի անում։ Երբեմն հենց ես էի նկարահանման հրապարակում նկատողություններ անում (ծիծաղում է,-հեղ.):

Ժորա Բաղդասարյանը՝ Գագիկի կերպարում


- Շա՞տ են ֆիլմի հետ կապված հիշողությունները:

- Անչափ: Հիշում եմ «Ավե Մարիա» երգի դրվագը։ Չէի ուզում սովորել: Ուզում էի քնել: Դե, երեխա էի: Վերջը մի կերպ սովորեցի, գնացինք նկարահանումների հրապարակ: Արդեն գիշերվա ժամը երեքն էր, ու Ալբերտ Մկրտչյանը տեսարանը հանեց. այդ օրը չնկարահանեց: Բառացի հիշում եմ՝ ասացի՝ «Էդ Ալբերտ Մկրտչյանը չի՞ հասկընա, օր «Ավե Մարիա» երգելը շատ զոռ է, մանավանդ էս գիշերվան»։

- «Ուրախ ավտոբուս»-ից հետո արդյո՞ք չեղան առաջարկներ:

- Սերիալներում նկարահանվելու առաջարկներ շատ եղան, սակայն բոլորը մերժեցի։ «Որախ ավտոբուս»-ից հետո Ալբերտ Մկրտչյանը նկարահանեց «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը, որում փոքրիկ դերակատարում ունեցա: Այդքանն է եղել։

- Իրականում Գագիկն ու Ժորան նմանություններ ունեի՞ն, թե՝ ոչ։

- Կարծում եմ՝ միայն մեկ նմանություն կարող էին ունենալ՝ նպատկասլացությունը, եւ ասեմ ավելին՝ չէի ցանկանա, որ նրանք նմանություններ ունենային, քանի որ իրականում Ժորան ֆիլմի Գագիկին չի սիրում, եւ գիտեք՝ ինչու, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր տեսել են ֆիլմը, իմ մեջ Գագիկին են սիրում, եւ ոչ թե Ժորային։

- Կարծեմ՝ համանուն ներկայացում եղավ, որում կրկին Դուք խաղում էիք: Ստացվում է՝ երկար ժամանակ դպրոց չեք հաճախել. դե. նկարահանումներ, ներկայացում...

- Այո, ֆիլմից հետո համանուն ներկայացում բեմադրեց Ալբերտ Մկրտչյանը: Այդ ամենի մեջ ինձ միայն մեկ բան էր դուր գալիս, որ ես դպրոց չէի գնում։ Այդ ժամանակ երրորդ դասարանում էի սովորում, բոլորը տարված էին դպրոցով, իսկ ես նկարահանվում էի, ներկայացում խաղում...

Ժորա Բաղդասարյանի ընտանիքը


- Ֆիլմում երկրաշարժից հետո փնտրում էիք Ձեր ընտանիքին, եւ շատ է կարեւորվում ընտանիքի դերը, այսօր ունեք Ձեր ընտանիքը, հրաշալի փոքրիկ: Արդյո՞ք ֆիլմն օգնել է առավել գնահատել ընտանիքը։

-Եթե լինեմ անկեղծ, այն ինձ չի օգնել գնահատել որեւէ բան, ավելին՝ ես վստահ եմ, որ մենք գնահատում ենք ամեն բան միայն այն ժամանակ, երբ կորցնում ենք, կամ էլ մասամբ ենք կորցնում։ Իսկ ինչ վերաբերում է իմ ընտանիքն, ապա ինձ համար իրոք արժեքավոր է, ուրախ եմ, որ ստեղծել եմ իմ այդչափ գեղեցիկ ընտանիքը: Ի դեպ, եթե երկրորդ անգամ ծնվելու հնարավորություն ունենայի, կրկին նույն կեսիս կընտրեի:

- Արդյո՞ք նկարահանումների հրապարակ վերադառնալու ցանկություն չունեք։

- Եթե լավ առաջարկ եւ հնարավորություն լինի վերադառնալու, ապա անպայման կվերադառնամ։ Գիտեք՝ մայրս մի բան է ասել, որ չեմ մոռանում. այն է, որ իր կյանքի ամենաուրախ օրը եղել է «Ուրախ ավտոբուս»-ի պրեմիերայի օրը։ Թեկուզ միայն մորս այս խոսքերի համար կարելի է վերադառնալ ֆիլմ։

- Երբ փորձում էի Ձեզ գտնել, շատերն ասում էին, որ բանկում եք աշխատում, նշում էին՝ այդպես ավելի արագ կգտնեմ։ Լսել էի, որ վարկային մասնագետ եք: Երկա՞ր աշխատեցիք այս ոլորտում։

-Այո, երեք տարի աշխատել եմ բանկում՝ որպես վարկային մասնագետ, սակայն երկու ամիս առաջ դուրս եկա եւ ընդամենը երկու օր հետո եկա Ռուսաստան:

Ժորա Բաղդասարյանի ընտանիքը


- Պարզվում է՝ այսօր ոչ միայն բանկում չեք աշխատում, այլեւ երկրում չեք: Ի՞նչ եք կորցրել Ռուսաստանում։

-Շինարարությամբ եմ զբաղվում։

-Տեսակով մտահոգ եք: Ի՞նչն է այսօր մտահոգում Ձեզ։

- Ժամանակս չի հերիքում… ոչնչի։

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ժորա Բաղդասարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW