×


Քեթրին Զետա-Ջոնսը եւ Մայքլ Դուգլասը նշում եմ ամուսնության 25-ամյակը

Քեթրին Զետա-Ջոնսը Մայքլ Դուգլասին շնորհավորել է իրենց ամուսնության 25-ամյակի կապակցությամբ: 

Այդ առիթով 56-ամյա դերասանուհին հրապարակել է ամուսնու հետ հազվագյուտ արխիվային լուսանկարներ ու ցույց տվել իրենց առաջին հանդիպման օրը. «Առաջին անգամ, երբ հայացքներով հանդիպեցինք իրար»:


Այնուհետ Զետա-Ջոնսը կիսվել է 2000 թվականին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում տեղի ունեցած իրենց հարսանեկան արարողության կադրերով: Նորապսակների հետ լուսանկարվել են նաեւ նրանց 3 ամսական որդի Դիլանն ու ծնողները:

Դերասանուհին պատմել է, թե ինչ է զգացել այդ օրն ու ամուսնուն հերթական անգամ սեր է խոստովանել.

«25 տարի առաջ գնում էի դեպի խորանը: Ծաղիկների արբեցնող բույրը, մոմերի փայլը, հնչեղ եւ ներդաշնակ ուելսյան երգչախումբն ու դու, որ սպասում էիր ինձ երկար ճանապարհի վերջում: Նայում էիր ինձ այնպես, ինչպես միայն դու ես կարողանում: Եվ այսօր քեզ սիրում եմ այնքան, որքան այն ժամանակ: Շնորհակալություն, սիրելիս», - գրել է Զետա-Ջոնսը:

2001 թվականին Լարի Քինգին տված հարցազրույցում Քեթրին Զետա-Ջոնսը պատմել է, որ Մայքլ Դուգլասի հետ ծանոթացել են 1996 թվականին՝ Ֆրանսիայի Դովիլի կինոփառատոնում.


«Ասացին, որ ինձ հետ ցանկանում է հանդիպել Մայքլ Դուգլասը: Մի քիչ անհանգիստ էի, դրա համար էլ չէի հասկանում, թե ինչի մասին է ուզում խոսել հետս»:

Այդ ժամանակ Դուգլասն իր «Իդեալական սպանություն» ֆիլմն էր ներկայացնում, իսկ Զետա-Ջոնսը՝ «Զորրոյի դիմակը»: Առաջին անգամ նա հայտնի դերասանին տեսել է իր հյուրանոցում, բայց Դուգլասը պարզապես անցել է կողքով:

«Կողքիս գտնվող եղբորս ասացի, որ ամենայն հավանականությամբ Մայքլը չի էլ ուզում հանդիպել ինձ հետ, որովհետեւ հենց նոր անցավ կողքովս ու չճանաչեց էլ ինձ»,- պատմել է նա:

Նրանց «Զորրոյի դիմակին» նվիրված ընթրիքի ժամանակ ծանոթացրել են ընդհանուր ընկերները՝ Անտոնիո Բանդերասն ու Մելանի Գրիֆիտը: Դուգլասը, որպես իրական ջենթլմեն, հարցրել է, թե արդյոք կարո՞ղ է նստել Քեթրինի կողքին:

«Երեւի թե սխալ թույլ տվեցի, բայց 30 րոպե շփվելուց հետո նայեցի նրան ու ասացի. «Գիտե՞ս, պատրաստվում եմ դառնալ երեխաներիդ հայրը», ինչին Քեթրինը պատասխանեց. «Քո մասին շատ բաներ եմ լսել: Կարծում եմ՝ այդ ամենը ճիշտ է: Բարի գիշեր»,- հիշել է դերասանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW