×


Արմեն Բարսեղյանը 60-ամյակը տոնել է ընկերների հետ ու Դրամատիկական թատրոնի բեմում

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տոնել են Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյանի 60-ամյակը, որից 40-ը նա նվիրել է թատրոնին: 
 
Թատրոնում հոբելյարներին պարզապես չեն շնորհավորում, այլ հատուկ են պատրաստվում, նախ որոշում են, թե ինչ ներկայացմամբ են հանդես գալու, ապա դուրս են գալիս բեմ։ Արմեն Բարսեղյանի ծննդյան առիթով ընտրվել էր «Չաո» ներկայացումը, որում իր հաջողված կերպարներից մեկին՝ Անտուան Մարտինեին է մարմնավորում: Նա միջին վիճակագրական ընտանիքի հայր է, եւ չնայած երկար տարիներ աշխատանքին նվիրվածությանն ու տան միակ աշխատողը լինելու հանգամանքին՝ հեռացնում են։ Նա այդ մասին հայտնում իր երաժիշտ տղային, ով սեփական բենդն ունի, բայց ծնողները թերահավատորեն են մոտենում նրա բռնած գործին, քանի որ գումար չի աշխատում:


Բայց չմոռանանք օրվա հերոսին ու նրա անցած ճանապարհը: 13-14 տարեկան Արմենը նախ սկսեց հաճախել Վանաձորի թատերական խմբակ, որը շուտով դարձավ տիկնիկային թատրոն։ Իսկ հետո ուսումը շարունակելու համար տեղափոխվեց Երեւան:

«Այն ժամանակ թատերական ինստիտուտը միայն Երեւանում էր։ Սկզբից սովորեցի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ստուդիայում: Ընդունվեցի Խորեն Աբրահամյանի կուրսը, որտեղ դասավանդում էին Նիկոլայ Ծատուրյանը, Արմեն Էլբակյանը, Մետաքսյա Սիմոնյանը եւ էլի շատ ուրիշ ականավոր դեմքեր։ Այդ ընթացքում գնացի բանակ, վերադառնալուց հետո ավարտեցի ստուդիան եւ ընդունվեցի թատերական ինստիտուտի 2-րդ կուրս, որի ղեկավարը Զավեն Տատինցյանն էր: Այդ ընթացքում Խորեն Աբրահամյանն ինձ պահեց Սունդուկյան թատրոնում, մի քանի տարի աշխատեցի նաեւ Պարոնյանում, հետո՝ Արմեն Էլբակյանի ստեղծած «Արիոն» թատրոնում, իսկ 1996 թվականից դրամատիկականում եմ»,- BRAVO.am-ին պատմել է Բարսեղյանը:


Դերասանը մականուն ունի, որն ուսանողական տարիներին նրան Նիկոլայ Ծատուրյանն է տվել ու հենց ինքն էլ պատմեց այդ մասին. «Առաջադրանք էի տվել, որ ամեն մեկը մի կենդանու մարմնավորի։ Արմենը եկավ ու անճոռնի ծամածռվեց (ցույց է տալիս,-հեղ.), ասացի. «Այ տղա, այս ի՞նչ կենդանի է»։ Ուսանողներն ամեն կողմից բացականչեցին, որ ոզնի կլինի, իսկ Արմենը պտտվեց ու պատասխանեց. «Կոծոծ է» (ծիծաղում ենք,-հեղ.), այդ օրվանից անունը մնաց Կոծոծ»։ 

Թատրոնում աշխատելու տարիներին ինքն ու կինը՝ դերասանուհի Լիզա Ենգիբարյանը շատ դժվարություններ են ունեցել, հիասթափեցնող շրջաններ հաղթահարել ու նույնիսկ ցանկացել թողնել թատրոնը, քանի որ ընտանիքը պահելու համար պետք էր գումար վաստակել, բայց ընկերները կողքին են եղել ու թույլ չեն տվել հեռանալ:  


«Արդեն որոշակի փորձառություն ստացած եկա դրամատիկական թատրոն, բայց այն իր մեծերով ու խաղընկերներով՝ Գուժ Մանուկյան, Վլադիմիր Մսրյան, Արթուր Ութմազյան, Էվելինա Շահիրյան, ինչպես նաեւ իմ սերնդակիցները, ուրիշ փորձառություն էր։ Դրամատիկականն ինձ համար շատ անծանոթ թատրոն էր, բայց թիմի հետ մերվեցի ու սիրեցի թատրոնը: Հրաշալի դերեր ստացա ու դրանք հաճույքով խաղացի»,- հիշել է Բարսեղյանը:  

30 տարվա ընթացքում ամեն մի թատրոն, վարպետ ու խաղընկեր ինչ-որ բան է սովորեցրել, որն անկախ իրենից տպվել է ենթագիտակցության մեջ եւ հետագայում օգնել ստեղծագործական կյանքում։ Կարիերայի սկզբում գանգուր մազերով ու արտաքինով պայմանավորված՝ Բարսեղյանին հիմնականում սիրեկանների դերեր էին վստահում.


«Սկզբից նման կերպարով հանդես գալը շատ հաճելի էր, բայց իմ վարպետներից մեկն ասաց. «Արմեն, այդ դերերդ լավն են, բայց դու կերպարային դերեր էլ կարող ես խաղալ։ Պատասխանս էր. «Ոչ թե կարող եմ, այլ երազում եմ»։ Փառք Աստծո, իմիջս էլ փոխվեց, հետո մի քիչ ավելի շատ վարպետություն ձեռք բերեցի, ու սկսեցին վստահել իմ ուզած դերերը»,-ավելացրել է նա: 

Բարսեղյանը գտնում է, որ դերասանը շատ սովորական մարդ է, ով իր խնդիրներն ու դժվարություններն ունի, որոնք շատերը չեն տեսնում ու պետք էլ չէ, որ դրանց մասին իմանան: Թատրոնն այն կետն է, որ շատերին է կապում, մի ապտակ ու խաղընկերուհուդ սկսում ես այլ աչքերով նայել, այդպես նա իր կնոջն է գտել.


«Երեւի, սիրտս թելադրեց, կամ Աստված կամեցավ։ Միշտ ասում եմ, որ ամեն ինչ կարելի է գտնել ու գնել։ Երջանկությունը ի վերուստ է տրվում, չես կարող հայթայթել, այն աստվածատուր է, ու ամեն մարդու տարբեր ձեւերով է տրվում»։ 

Պատրաստեց՝ Անահիտ Ամիրխանյանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW