×


«Սոս Ջանիբեկյանի հետ հեշտ էր». Մանե Մխոյան

Այսօրվանից Առաջին ալիքով կցուցադրվի Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի մոտիվներով նկարահանված համանուն հեռուստանովելը, որում գլխավոր՝ Մարգարիտի կերպարը մարմնավորում է դերասանուհի Մանե Մխոյանը: BRAVO.am-ը զրուցել է Մանեի հետ նոր նախագծի, նաեւ «Հարսանիք թիկունքում» ներկայացման մասին, որի էկրանավորված տարբերակի պրեմիերան սպասվում է ապրիլին:

Իրավաբան Մարգարիտը

«Պատվի համար» հեռուստադրամայում նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանից: Նրա հետ ծանոթ էի դեռ «Ոչինչ չի մնա» ներկայացումից: Դրանից հետո Հրաչից առաջարկ էի ստացել նկարահանվել «Անատոլիական պատմություն» հեռուստադրամայում, որը նկարահանվեց, բայց կցուցադրվի ավելի ուշ: «Պատվի համար»-ում մարմնավորում եմ Մարգարիտին: Ի պատիվ Անահիտ Աղասարյանի՝ պետք է ասեմ, որ դասական գործից շատ հեռու չի գնացել. նույնիսկ տեքստեր կան, որոնք հենց հեղինակի գրվածքով են պահպանվել: Քանի որ մենք տեղափոխել ենք 2020 թվական, կան որոշակի փոփոխություններ: Իմ կերպարի հետ կապված գլխավոր փոփոխությունը Մարգարիտի մասնագիտությունն է: Նա իրավաբան է ու հենց ինքն է բացահայտում հոր հանցանքի հետ կապված ամբողջ գործը:

Մանե Մխոյանը


«Իմ խաղը հեշտացրել է»

Նախքան նկարահանումները դերասանների համար կազմակերպվել էր «չիտկա»: Մենք՝ դերասաններս, շատ ենք հանդիպել, զրուցել, քննարկել «Պատվի համար» գործը: Թե՛ Ալեքսանդր Խաչատրյանը, թե՛ Աննա Էլբակյանը, եւ թե՛ Ռաֆայել Քոթանջյանը շատ են օգնել իրենց խորհուրդներով: Շնորհակալ եմ, որ կարողացել եմ իրենց հետ նույն նախագծում հայտնվել: Սոս Ջանիբեկյանի հետ խաղալը չափազանց հեշտ էր: Նրա հետ էլի էինք խաղացել. «Անատոլիական պատմություն» հեռուստադրամայում քեռի ու քրոջ աղջիկ ենք խաղում, այստեղ՝ Մարգարիտ ու Արտաշես: Սոսն ամեն կերպ փորձում է հարմարվել իր խաղընկերոջ հետ, իմ խաղը նա միայն հեշտացրել է: Այ, թե Սոսն ինչ կասի, չգիտեմ (ծիծաղում է,-հեղ) :

Պատասխանատվությունը

Դասական գործերի մոտիվներով նկարահանված նախագծերը պատասխանատվություն են ոչ միայն հեռուստաընկերության, այլեւ՝ դերասանների համար: Դժվար է ներկայացնել մեզնից շատ ժամանակ առաջ գրված գործ, որը բերել են մեր օրեր: Ես արդեն կարդացել եմ մեկնաբանություններ, որ սա Շիրվանզադեի պիեսը չէ: Բայց հեռուստադիտողն էլ պետք է ըմբռնումով մոտենա, քանի որ մենք հիմա ապրում ենք 21-րդ դարում, եւ այսօրվա կյանքն ուրիշ է: Կարծում եմ, եթե Շիրվանզադեն հիմա գրեր «Պատվի համարը», կգրեր այսպես: Հետո, ի վերջո, հայրեր-որդիներ եւ սեր թեմաները հավերժական են:

Առաջին անգամ

«Պատվի համարն» առաջին անգամ կարդացել եմ 4-րդ դասարանում: Այդքան վաղ տարիքում եմ կարդացել, քանի որ մայրս գրականության ուսուցչուհի էր: Դրանից հետո շատ եմ վերընթերցել: Այդ ժամանակ մտքովս չէր անցնում, որ դերասանուհի կդառնամ, բայց երբ Թատերական ինստիտուտի երկրորդ կուրսում էի, բեմական խոսքի քննության ժամանակ Մարգարիտ էի կարդում: Սակայն պետք է ասեմ, որ ներքին ցանկություն ունեի նաեւ Ռոզալիա խաղալ:

Մանե Մխոյանը


«Սա պարտք է»

Այս տարվա մեր թատրոնի ամենակարեւոր նորություններից մեկը «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումն է: Այս ներկայացումն ինձ համար պարզապես ներկայացում չէ, սա պարտք է, որ ես՝ որպես դերասան, պետք է հանձնեմ հայրենիքիս՝ հանուն այն տղաների, ովքեր երկնքից մեզ հրամայում են ապրել, եւ հանուն նրանց, ովքեր հենց այս պահին առաջնագծում են: Շատ տեղերից մեզ հրավիրում էին ներկայացումը խաղալու, բայց, ցավոք, ոչ միշտ կային պայմաններ: Նաեւ դժվար էր ամեն անգամ դերասաններին համախմբելը, քանի որ մեր խումբը բավական մեծ է: Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով` որոշվեց էկրանավորել ներկայացումը: Իր տեսակով այսպիսի նախագիծ Հայաստանում առաջին անգամ է: Նկարահանումները տեղի են ունեցել Գյումրու դրամատիկական թատրոնում:

Նորությունների մասին

Օրեր առաջ Գյումրու դրամատիկական թատրոնում խաղացինք «Հասմիկ» մոնո- ներկայացումը: Հրավիրված նոր ռեժիսոր ունենք, բայց դեռ չեմ ասի, թե ով է: Նոր ներկայացումներ ենք պատրաստում:

Զրուցեց՝ Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մանեի ֆեյսբուքյան էջից եւ Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW