Տաթեւ Հովակիմյանի նոր ֆոտոշարքն առանձնանում է գարնանային շնչով եւ նուրբ երանգներով: Տիկնիկային թատրոնի դերասանուհին լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով սպասվելիք պրեմիերաների եւ հեռուստասերիալներում չնկարահանվելու պատճառի մասին:
«Համագործակցել եմ դիմահարդար Ազա Փաշինյանի եւ լուսանկարիչ Միլեն Մանուկյանի հետ: Գաղափարը երեքինս է. միասին ենք որոշել ամեն մի մանրուք: Նկարահանումներն իրականացրել ենք Վահագն Համալբաշյանի արվեստանոցում, ծաղիկները տրամադրել է ընկերուհիս, ով ծաղկի սրահ ունի: Նկարահանումները հրաշալի մթնոլորտում են անցել. աղջիկների հետ համագործակցելը գերագույն հաճույք էր, արդեն հաջորդ շարքի մասին ենք մտածում: Լուսանկարներն էլ ստացվել են այնպես, ինչպես ուզում էինք»,- պատմել է Տաթեւը:
Տաթեւ Հովակիմյանը
Դերասանուհին հագեցած գարուն է խոստանում.«Այս տարին ինձ համար շատ կարեւոր է աշխատանքային առումով: Ապրիլի 22-ին տեղի կունենա Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան: Գլխավոր հերոսուհուն՝ հայուհի Սոնային եմ մարմնավորում: Անմիջական խաղընկերս Սոս Ջանիբեկյանն է, որի հետ աշխատելը մեծագույն հաճույք է. հիացած եմ նրա դերասանական հմտություններով եւ մարդկային տեսակով: Մեր զույգը շատ սիրուն է ստացվել: Արմանը լավ հոտառություն ունի եւ ճիշտ ընտրություն է կատարել: Տիկնիկային թատրոնում էլ ապրիլին պրեմիերա կունենանք»:
Հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկները մերժում է. «Առաջարկների պակաս երբեք չեմ ունեցել, բոլորը մերժել եմ. սցենարները սրտովս չեն եղել: Այժմ շատ եմ հավանում Հանրայինով ցուցադրվող հեռուստանովելները, որոնց մեծ մասի հեղինակն Անահիտ Աղասարյանն է: Նա իսկապես իր գործի գիտակն է, միգուցե առաջիկայում մտածեմ նման թիմի հետ աշխատելու մասին»,- ասել է նա:
Տաթեւ Հովակիմյանը
Կանանց միամսյակի կապակցությամբ դերասանուհին առաջինը մայրիկին է շնորհավորում.«Կնոջը մեծարելու համար հատուկ օրեր պետք չեն: Ես իմ ամեն օրն եմ լավ անցկացնում ու հաճելի զգացողություններ ունենում: Մարտի 8-ի առթիվ հնչած շնորհավորանքները, ծաղիկներն ու նվերները մի քիչ փոխեցին օրվա ընթացքը: Առաջինը մայրիկիս, տատիկիս եւ շրջապատիս մյուս կանանց եմ շնորհավորել, ինքս էլ մի շարք շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ եմ լսել»,- եզրափակել է Տաթեւը:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: