Վիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչպես հայտնի է, արտակարգ դրություն եւ պարտադիր մեկուսացում է հայտարարված Ֆրանսիայում, որտեղ էլ վերջին տարիներին բնակվում է Արեւիկ Ալավերդյանը: Հղիության երկրորդ եռամսյակում գտնվող երգչուհին BRAVO.am-ի հետ զրուցել է հետաձգված ճանապարհորդության եւ երեխայի հետ մեկուսանալու դժվարությունների մասին:
«Շատ լարված եւ դժվար ժամանակաշրջան ենք ապրում: Շատ նեղսրտած եմ նաեւ իմ հայրենիքի համար. արդեն այդտեղ էլ վարակակիրների թիվը զգալի ավելացել է: Աստված մեզ հետ: Հույս ունեմ՝ այս ամենը շուտ կանցնի, եւ կվերադառնանք մեր բնականոն կյանքին»,-նշել է Արեւիկը:
Արեւիկ Ալավերդյանը
Հղիության վեցերորդ ամսում գտնվող երգչուհու համար դժվարացել է բժշկական խորհրդատվություն ստանալը.«Իմ կարգավիճակի պատճառով եմ երբեմն անհանգստանում: Հղիությունս մեծ է, հստակ չգիտենք՝ այս վիճակն ինչքան կտեւի, բժշկի հերթական այցերիս էլ չեմ կարողանում գնալ. հնարավոր չէ հերթագրվել, բոլորը շատ զբաղված են: Երեխայի համար էլ ոչ մի բան դեռ չեմ հասցրել պատրաստել: Անորոշ վիճակից ենք շատ նեղվում»:
Փոքրիկ Դավիթն էլ է սրտնեղում.«Երեխայի հետ շատ դժվար է տանը փակված մնալը: Ձանձրանում է: Փորձում եմ ամեն ինչ անել, որ հնարավորինս շեղվի մուլտֆիլմերից, բայց այդքան էլ չի ստացվում: Ինչ արած՝ պետք է սպասենք վիրուսի նահանջելուն»:
Արեւիկ Ալավերդյանը
Երկրորդ երեխայի ծնվելուց հետո նոր Հայաստան կգա.«Ծրագրում էինք այս ամիս գալ եւ մեկ ամիս մնալ այդտեղ, բայց սահմանները փակ են, հետո էլ արդեն հղիությունս մեծ կլինի, իսկ ինքնաթիռ նստել չի թույլատրվի: Երեխաների խնամքի հարցում օգնողներ չունեմ, ծննդբերությանս ժամանակ մայրիկս պետք է ինձ մոտ գար, հույս ունեմ՝ ամեն բան շուտ կկարգավորվի, եւ ինչպես ծրագրել էինք, այնպես էլ կանենք»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ալավերդյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: