×


Իննա Խոջամիրյանը` առաքիչ դառնալու եւ Վիկտորյայի փոխարեն այլ մոդելի հետ աշխատելու մասին

Իննա Խոջամիրյանը նոր ֆոտոշարք ունի: Թե որքանով է սեւուսպիտակ լուսանկարների շարքը կապված իր ապրումների, տրամադրության հետ, աշխատանքային ինչ գրաֆիկ ունի երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, հնարավոր է առաջիկայում որպես մոդել ինքը ներկայացնի ներքնազգեստներից նմուշներ, դերասանուհին պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

«Իմ ներսում գարուն է»

Այս լուսանկարները Ջոքերի ոճով ֆոտոշարքի օրն ենք արել: Դրանք բնավորություն ունեն՝ ամեն մեկը որոշակի շեշտով, ինչը տրամադրությանս հետ կապ չունի: Չնայած վախերին, համաճարակին, խուճապին ու 2020-ի բերած այս ճգնաժամին՝ իմ ներսում գարուն է, ես՝ երջանիկ:

«Դադարի հրաման չունենք»

Արտակարգ դրությունը մեր նկարահանումների վրա ազդեցություն չի ունենա, մինչեւ մեդիա ոլորտի աշխատանքները ծայրահեղ դեպքում չդադարեցվեն: Մենք մեր ներդրումն ունենք այս օրերին հանրության ժամանցի ապահովման հարցում, երբ բոլորին հորդորում են տանը մնալ: Դրա ապացույցն է այն, որ վերջին տասնօրյակի ընթացքում մեր սերիալը Գուգլ որոնողական համակարգում առաջին տեղում է: Անձնակազմը ձեռնոցներ, դիմակներ է կրում, ալկոգել ենք օգտագործում, պարբերաբար ջերմաչափումներ անում: Իհարկե, ոչնչից ապահովագրված չենք, բայց պարտավոր ենք աշխատել: Դադարի հրաման չունենք:

Իննա Խոջամիրյանը


«Խուճապի մեջ էի»

Ստեղծված իրադրության հետեւանքով մի փոքր բարդ շրջան անցա բրենդի աշխատանքների հարցում: Աշխատանյութը մատակարարող վաճառակետերը կտրուկ ու անսպասելի փակվեցին, մեր ունեցածն էլ սպառվեց, եւ որոշ պատվերներ ստիպված էի չեղարկել: Մի կարճ շրջան խուճապի մեջ էի: Ոչ ոք պատրաստ չէր իրադարձությունների նման զարգացումների, ընդ որում՝ համաշխարհային: Բայց հիմա լավ է, վերականգնվում ենք:

«Լինում են պատվերներ, որոնք ինքս եմ առաքում»

«Insomnia»-ի ամեն հարցով ես եմ զբաղվում: Փոքրիկ թիմ ունեմ, սակայն ամեն ինչ վերահսկում եմ՝ էսքիզների եւ կտորի ընտրությունից, նամակների արձագանքման մեխանիզմից ու ոճից, արտադրման գործընթացից, մինչեւ վաճառք ու առաքում: Վերջերս, ելնելով ստեղծված իրավիճակից, չնայած՝ մեծապես վստահելով այն կազմակերպությանը, ով առաքում է իրականացնում, լինում են պատվերներ, որոնք ինքս եմ առաքում՝ հնարավորինս ստերիլ պայմաններում (դիմակ, ձեռնոց եւ այլն): Դա կարեւոր է, քանի որ օդակաթիլային ճանապարհով կարող է բացիլ փոխանցվել, իսկ մարդու առողջությունը վեր է ցանկացած բիզնեսից: Հակառակ դեպքում պիտի սառեցնեմ այս պահի աշխատանքները:

Վիկտորյա Սահակյանը


Վիկտորյայի մասին

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանի հետ աշխատանքային ալյանսը շատ հեշտ ենք ձեւավորել: Ինքնաբուխ որոշում էր նրան առաջարկելը. առաջարկեցի, համաձայնեց, ադեկվատ մոտեցանք գործին, ստեղծագործեցինք: Վիկտորյան խարիզմատիկ եւ ոչ ստանդարտ արտաքին ունի ինձ համար, շատուշատ լավ այլ հատկանիշներ, ձիրք եւս ունի, բայց դա, իհարկե, իմ գործնական հարթակում քննարկելի չեն:

Նոր մոդել

Գիտեք, հետաքրքիր մտածողություն է... Ցանկացած ապրանքանիշ, կազմակերպություն, խանութ, բանկ իրավունք ունի որպես դեմք ընտրել որեւէ մարդու, իսկ գովազդային հաջորդ արշավի համար՝ ուրիշին: Հնարավոր է մեկի հետ համագործակցությունը շարունակական լինի: Բայց հարցը դա չէ, այլ այն, որ ես ոչ թե մոդելին եմ գովազդում, այլ ներքնազգեստը՝ մոդելի օգնությամբ երանգ տալով դրան: Ի՞նչ կապ ունի՝ ով է այն գովազդում, եթե ցանկանում եմ շեշտադրել իմ ներքնազգեստը: Միգուցե մոտակա հավաքածուներից մեկը «պլյուս սայզ» կանանց համար լինի, Վիկտորյային ինչպե՞ս նկարեմ (ծիծաղում է,-հեղ.): Ես նրան շատ հավանում եմ, հարգում, շատ հավանական է՝ կրկին համագործակցենք, ինչի համար ես միայն ուրախ կլինեմ, սակայն այս պահին ընտրել եմ մեկ այլ մոդելի, ով մոդելային ավելի հարուստ փորձ ունի, վերջին 2 տարին Չինաստանում մոդելային կարիերայով է զբաղվել եւ չափազանց համապատասխան մարմին ունի հայ իրականության համար: Միեւնույն ժամանակ ոչ մի համեմատություն չեմ դնում իմ 2 ներկայացուցիչների միջեւ: Դա շատ երկրորդային հարց է ինձ համար:


Համարձակ քայլ

Մտածել եմ իմ արտադրանքը ներկայացնելու մասին: Դա ինձ համար համարձակ քայլ է դեռեւս, որը կամքի մեծ ուժ է պահանջում: Աստված առաջ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Lon-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport