×


«Այսօր ինձ մի քանի անգամ Արմանը փրկեց». Մանե Մխոյան

Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի նոր հաղորդավարներից է դերասանուհի Մանե Մխոյանը: Ուղիղ եթերի բարդությունների եւ գործընկերոջ` Արման Մարգարյանի հետ հարաբերությունների մասին Մանեն պատմել է BRAVO.am–ին:


Պարզվում է՝ առավոտյան ծրագրի թիմին միանալու համար Մանեն քասթինգի է մասնակցել.«Հեռուստաընկերությունից ստացա փորձնական նկարահանմանը մասնակցելու հրավեր: Գնացի, բայց հույս չունեի, քանի որ մասնագիտությամբ հաղորդավարուհի չեմ: Երկու օր հետո զանգահարեցին ու ասացին, որ ինձ են ընտրել: Համաձայնեցի մեծ հաճույքով եւ այսօրվանից «Առավոտ լուսո»-ի ընտանիքի մի մասնիկն եմ»:

Մանե Մխոյանը եւ Արման Մարգարյանը



Քանի որ հաղորդավարությունը նոր ոլորտ է Մանեի համար, եղել են նաեւ բարդություններ.«Թե՛ նոր կարգավիճակը, թե՛ ուղիղ եթերն իմ կյանքում առաջին անգամ էին: Բարդ էր, քանի որ պատասխանատու է ուղիղ եթերում գրեթե 3 ժամ խոսել ու լցնել եթերը: Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հիմա ծրագրում չկան շատ էջեր ու շեշտը հաղորդավարների վրա է դրված»: 


Դերասանուհին դեռ չի դիտել եթերը, բայց արձագանքներից ենթադրում է՝ վատ չի ստացվել.«Ինչպես ռեստորանում համեղ բան ուտելուց հետո ես ասում, որ համեղ էր՝ առանց իմանալու բաղադրությունը, այնպես էլ այսօրվա եթերն էր. գիտեմ, որ համեղ էր ու ուզում եմ կրկին փորձել: Կողքից էլ կարծիքներ արդեն հնչել են. ընկերներս ասում են՝ առաջին անգամվա համար այնքան էլ վատ չէր»:

Մանե Մխոյանը եւ Արման Մարգարյանը



Մանեից հետաքրքրվեցինք, թե իր կատակներով հայտնի գործընկերը՝ Արման Մարգարյանը, արդեն հասցրել է իր հետ էլ կատակներ անել.«Արմանն իմ կյանքը դեռ չի հասցրել ուտել (ծիծաղում է,- հեղ.): Իրականում նրա հետ շատ հեշտ է: Ճանաչում էի մինչ այս ծրագիրը, բայց որպես գործընկերներ՝ առաջին անգամ էինք կողք կողքի: Այսօր ինձ մի քանի անգամ Արմանը փրկեց»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/

Լուսանկարները`Մանե Մխոյանի ֆեյսբուքյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին