59-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը Քիթ Ուրբանից բաժանվելուց հետո առաջին մեծ հարցազրույցն է տվել: Նա հայտնվել է բրիտանական Vogue-ի շապիկին ու պատմել, որ ամուսնալուծությունից հետո իրենց հաջողվել է բոլոր խնդիրները լուծել. դատարան չեն դիմել:
Քիդմանը խոստովանել է, որ մասնագիտական ու ընտանեկան կյանքում միշտ առաջնորդվում է զգացմունքներով. «Իմ բնույթն է այդպիսին: Սովորաբար շատ չեմ մտածում: Ավելի շատ առաջնորդվում եմ զգացմունքներով եւ հետեւում եմ սրտիս։ Պարզապես ասում եմ. «Ի՞նչ եմ զգում այս պահին։ Փորձեմ», ինչը շփոթեցնում է մարդկանց, քանի որ կարծում են՝ ավելի զուսպ եմ, բայց իրականում այդպիսին չեմ: Հիմա իմ էներգիան ու սերը կենտրոնացրել եմ երեխաներիս վրա՝ փորձելով նրանց պաշտպանել բացասական երեւույթներից»:
Դերասանուհին նաեւ պատմել է, թե ինչպես է հաղթահարում դժվարությունները. «Ասում են՝ կարմրահերներն ավելի շատ ցավ են զգում, բայց ես հայտնի եմ խոչընդոտները հաղթահարելու իմ ունակությամբ։ Որքան էլ մեծ լինի ցավը, շարունակում ես առաջ գնալ»։
Նա չի թաքցրել, որ վերջին տարիներն իր համար բավական դժվար են եղել: 19 տարվա համատեղ կյանքից հետո Քեյթ Ուրբանից բաժանվելուց բացի, նաեւ մորը՝ Ժանել Անն Քիդմանին է կորցրել. «Չէի սպասում։ Այլ կյանք էի պատկերացնում: Դու ապագայի պլաններ ես կազմում, բայց հետո ամեն ինչ այլ կերպ է ստացվում։ Պիտի հարմարվես։ Հիմա ապագան ինձ համար լիովին անհայտ է»։
Զարմանալի է, բայց հարցազրույցում նա խոսել է նաեւ իր եւ Թոմ Քրուզի ամուսնության մասին: Չնայած, որ ընկերները նրան համոզել են ընտանիք չկազմել դերասանի հետ, Քիդմանը չի զղջում միասին անցկացրած 10 տարիների համար. «Ես այնքան երիտասարդ տարիքում ամուսնացա։ 22 տարեկան էի, ու հանկարծ ամուսինս կինոաստղ դարձավ»։ Բայց դա շատ բնական էր: Մենք պարզապես խենթի պես սիրահարվեցինք միմյանց, եւ ամեն ինչ այնքան հեշտ էր»։


×
136






